
Մի տեսակ այնքա՜ն հույս են ծնում երազները՝ որոնցում դու կաս, ու այնքա՜ն անհույս են առավոտներն առանց քեզ …. Ո՛չ արևն է արև, ո՛չ գարունը՝ գարուն, ո՛չ էլ հույսը՝ հույս … Ու էլ չգիտեմ՝ ի՞նչ տեսակ է սերն այս….
Մի տեսակ այնքա՜ն սևեռում կա աչքերիդ մեջ հեռու, օտար ու հարազատ, որ ժպտում ու լալիս են միաժամանակ …. Մի տեսակ տագնապում է սիրտս՝ հո չի՞ մրսում հոգիդ … Հո չե՞ս տանջում էլի առանց այն էլ ցաված սիրտդ, միտքդ հո չե՞ս լցրել հազար հարցով ի զու՜ր …. Հո չե՞ս խողդում դու քեզ՝ երջանկության ցանկությունից ու զսպումից դրա, հո չե՞ս կապանքում քեզ դատարկությամբ անհամ ….
Մի տեսակ այնքա՜ն տխրություն կա այս կիսամութ օրվա տանիքներին սառած, ծառի ճյուղին նստած ճնճղուկների թևին, հեռվում չերևացող ալիքներում ծովի, երևացող մոխրե խորության մեջ …
Մի տեսակ այնքա՜ն ցուրտ է անգամ վառարանն այս փայտի, որ վառվելով փայտ է այրում, սակայն՝ սառնություն է փչում կրակերից նրա….
Ինչու՞ միասին չենք…
Ինչու՞, ո՛չ պոկվել է լինում, ո՛չ էլ՝ գրկել թվացյալ ու պաղած երջանկությունը այս…
Այդ ինչի՞ց է տեսնես, որ տագնապում եմ այսքան անլուր օրերի մեջ, քո ներկային կարոտ, ու չեմ հիշում անգամ հոգ տանել իմ խեղճ, համբերատար, փոքրիկ ու նվիրված սրտի մասին, գոնե մի՜ քիչ …
Ու ինչի՞ց է տեսնես, որ գնալով մեծանում է թիվը անպատասխան, անխոս և չուղարկված նամակների … Եվ ինչի՞ց է, որ ամեն անգամ, քեզ մի վերջին նամակ եմ գրում՝ վստահ, որ պատասխան չի լինելու… Գուցե հենց այսպե՞ս են գժվում …. Կամ սիրում են գուցե այսպես ինպեսները՝ քեզպեսներին՝ լուռ, համառ, ճչացող, բացահայտ ու թաքուն, խռովկան ու ներող անսահման ու անպատմելի սիրով, որ չգիտե լքել ու չարանալ, բայց մենությունից գժվել գիտե այնքան, որ օտար մի գիրկ փնտրի, սու՜տ երդումներով, գերեզմանի նման անփարատ մի գիրկ, որ կթաղի իր մեջ շա՜տ կարևոր մի բան՝ ապագա երջանկության ապագան... որ կսառեցնի սիրտը՝ էլ ո՛չ մեկին երբեք չսիրելու համար… Բացի հենց այն մեկից, որ չսիրեց իրեն…..
12. 01. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ
ՄԱՍՐԵՆԻ
Комментариев нет:
Отправить комментарий