Показаны сообщения с ярлыком Ստեղծագործական ներկապնակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ստեղծագործական ներկապնակ. Показать все сообщения

воскресенье, 11 сентября 2016 г.

Էս ո՞նց ապրեցիք, տղանե՛ր….
















Էս ու՞ր գնացիք, տղանե՛ր,
Դուք աշխարհը պիտի շտկեիք,
Անիրավ ձեռքը պիտի կտրեիք,
Շա՜տ շուտ գնացիք, տղանե՛ր:


Էս ու՞ր գնացիք, տղանե՛ր,
Ձեր ծնունդը իզուր չէր, տղե՛րք,
Ու մահն էլ իմաստ ունեցավ,
Բայց զու՜ր գնացիք, տղանե՛ր:

Էս ո՞նց գնացիք, տղանե՛ր,
Որ սիրտը մեր մնաց ձեզ կարոտ,
Երբ աչքով անգամ չտեսած,
Հոգով միշտ ձեզ ենք հետևորդ:

Էս ո՜նց ապրեցիք, տղանե՛ր,
Որ հիմա մտքերս խառնակվել,
Ափերից ելել են, վարարել,
Քանդել են խաղաղը կարևեր:

Էս ո՞նց ապրեցիք, տղաներ,
Ձեր կյանքի կիսատին մատաղվել,
Իմը դատարկ եմ համարել,
Ու ձերն էմ ափսոսում- տնավե՜ր:

Էս ո՞նց զոհվեցիք, տղանե՛ր,
Որ ցավից միտքը չի զարթնում,
Տունն ավեր, հողմավար,
Անտեր ու դատարկ ենք մնում:

Էս ո՞նց գնացիք, տղանե՛ր,
Որ երգերը կիսատ են մնում,
Որ խոսքերը սառում են, կորում,
Կոկորդը խեղդվում է բնում,
Էս ո՞նց ապրեցիք, տղանե՛ր….

11.09.2016

ՄԱՍՐԵՆԻ

среда, 13 января 2016 г.

Սիրել մեկին միայն....

…. Մի տեսակ այնքա՜ն գարունոտ է ձմեռն այս …. Ու այնքա՜ն ձմեռ կլինի կրկին այս գարնանը …. Պակասում է մի բան, շա՜տ կարևոր մի բան՝ ջերմությունը, որ այս գարունոտ ձմռան մեջ ավելի շատ կա, քան եկող գարնանն է սպասվում:
Մի տեսակ այնքա՜ն հույս են ծնում երազները՝ որոնցում դու կաս, ու այնքա՜ն անհույս են առավոտներն առանց քեզ …. Ո՛չ արևն է արև, ո՛չ գարունը՝ գարուն, ո՛չ էլ հույսը՝ հույս … Ու էլ չգիտեմ՝ ի՞նչ տեսակ է սերն այս….
Մի տեսակ այնքա՜ն սևեռում կա աչքերիդ մեջ հեռու, օտար ու հարազատ, որ ժպտում ու լալիս են միաժամանակ …. Մի տեսակ տագնապում է սիրտս՝ հո չի՞ մրսում հոգիդ … Հո չե՞ս տանջում էլի առանց այն էլ ցաված սիրտդ, միտքդ հո չե՞ս լցրել հազար հարցով ի զու՜ր …. Հո չե՞ս խողդում դու քեզ՝ երջանկության ցանկությունից ու զսպումից դրա, հո չե՞ս կապանքում քեզ դատարկությամբ անհամ ….
Մի տեսակ այնքա՜ն տխրություն կա այս կիսամութ օրվա տանիքներին սառած, ծառի ճյուղին նստած ճնճղուկների թևին, հեռվում չերևացող ալիքներում ծովի, երևացող մոխրե խորության մեջ …
Մի տեսակ այնքա՜ն ցուրտ է անգամ վառարանն այս փայտի, որ վառվելով փայտ է այրում, սակայն՝ սառնություն է փչում կրակերից նրա….
Ինչու՞ միասին չենք…
Ինչու՞, ո՛չ պոկվել է լինում, ո՛չ էլ՝ գրկել թվացյալ ու պաղած երջանկությունը այս…
Այդ ինչի՞ց է տեսնես, որ տագնապում եմ այսքան անլուր օրերի մեջ, քո ներկային կարոտ, ու չեմ հիշում անգամ հոգ տանել իմ խեղճ, համբերատար, փոքրիկ ու նվիրված սրտի մասին, գոնե մի՜ քիչ …
Ու ինչի՞ց է տեսնես, որ գնալով մեծանում է թիվը անպատասխան, անխոս և չուղարկված նամակների … Եվ ինչի՞ց է, որ ամեն անգամ, քեզ մի վերջին նամակ եմ գրում՝ վստահ, որ պատասխան չի լինելու… Գուցե հենց այսպե՞ս են գժվում  …. Կամ սիրում են 
գուցե այսպես  ինպեսները՝ քեզպեսներին՝ լուռ, համառ, ճչացող, բացահայտ ու թաքուն, խռովկան ու ներող անսահման ու անպատմելի սիրով, որ չգիտե լքել ու չարանալ, բայց մենությունից գժվել գիտե այնքան, որ օտար մի գիրկ փնտրի, սու՜տ երդումներով, գերեզմանի նման անփարատ մի գիրկ, որ կթաղի իր մեջ շա՜տ կարևոր մի բան՝ ապագա երջանկության ապագան... որ կսառեցնի սիրտը՝ էլ ո՛չ մեկին երբեք չսիրելու համար… Բացի հենց այն մեկից, որ չսիրեց իրեն…..


12. 01. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ 

Հեթանոս սերը մեր....

….. Եվ վառարանում կայծկլտացող փայտածուխի նման, մի հուշ, աչքի առաջ, կայծ-կայծ է լինում՝ խենթացած ու կրակվող զույգ աչքերի նման… Քո՜ աչքերի պես, որ նայում էին այնքան զգույշ, մեղմիվ ու նրբությամբ՝ խորքում թաքցնելով ներքին փոթորիկն ու հրդեհը…
Եվ վառարանում բորբոքվող փայտակոճղի նման մի հուշ, ծանր ու մեծ, նստում է աչքի առաջ ու պատմում մեկ օրվա (թերևս մեկ ամբողջ կյանքի) պատմություն, նման մի հին ու բարի հեքիաթի՝ արքայազնի մասին, որն ապրում է հեռու՜ հեռվում՝ յոթը սարից անդին….
…. Ու նորից ու նորից, վառարանում բորբոքվող կրակը այս ու այն կողմ է թռչում, ու փայտփորիկի նման թառում աչքի առաջ՝ անընդհատ թկթկացնելով նույն վերքի վրա՝ նույն ցավը փորելով մինչև արյունոտվելը՝ որ մատաղի նման պիտի թափվի ու թշշա այն կրակի վրա, որ վառվում է մեր հեթանոս սիրո վառարանում…

12. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ

суббота, 19 сентября 2015 г.

ԱՆՎԵՐԾԱՆԵԼԻՆ......

Պարո՛ն, թու՛յլ տվեք, խնդրեմ, վերծանել Ձեր ոտնահետքերը....
Ես ուզում եմ իմանալ, թե ուր եք Դուք գնում... Եվ որ ավելի կարևոր է՝ որտեղի՞ց եք գալիս.... Թու՛յլ տվեք խնդրեմ, պարո՛ն, որ չափեմ Ձեր ոտնահետքերը.... Ես ուզում եմ իմանալ դրանց խորությունը.... Դա կպատմի Ձեր  «քաշի» մասին.....

ՄԱՍՐԵՆԻ

Ո՞վ կա այդտեղ, ասա՛ ....


Նորից խենթացումի իմ աշունն է եկել... Խենթացում է եկել նորից... Կրկին մի խենթ եմ ես.... Երազել եմ ուզում անվերջ ու անդադար, շոշափել եմ ուզում, խենթի~ նման, անշու~շտ, երազանքը իմ նոր....
Կրկին Խենթացումի իմ գույներն են ներկել աշխարհն այս մոխրագույն, նաև՝ փոշոտ, ի՞նչ խոսք...

Ու ներկում եմ էլի երազներն իմ վայրի՝ գույներով վայրի բնության... Ու ներկվում եմ նորից երանությամբ՝ ի~մ հորինած ստի, իմ անկաշառ վախի երանգներով հազար, ու բարությամբ անչափ. սիրո~  չափ բարի բարությամբ մի մատղաշ...

Նորից հիացումի իմ աշունն է եկել... Ու եկել է նորից ողողելով ներսս այն հիացմամբ լուսե, որ կարող է լինել վաղ առավոտվա ճառագայթում միայն, որ դեռ չի հասցրել բախվել երկիրն՝ բեկվել....
Նորի~ց, նորի~ց աշունն է իմ եկել... Հե~յ, ո՞վ կա այդտեղ՝ սաղարթներում քո տաք ու գույներում հազար, փայլփլուն ու լուսե անձրևներում քո մեղմ, վարարումիդ մեջ խենթ...
Ո՞վ կա այդտեղ: ասա՛...

ՄԱՍՐԵՆԻ

среда, 15 октября 2014 г.

Քո աչքերում աստվածուհու.....

******************************
..... Եվ միգուցե մի օր կգա, որ աշունն այս կվերջանա, ու չեն լինի գույները այս, ու չեն լինի անձրևները՝ հոգի շոյող, ու չեն լինի արևները աշնանային.... ու չեն լինի....
Եվ հուշերը աշնան մասին, կարոտի հետ նուրբ սպասում պիտի դառնան, ու մի տարի, իմ բարեկա՛մ, պիտի տանջես ուշանալով՝ մի անհոգի ասպետի պես:
.... Եվ ի՜նչ ափսոս, որ շատ շուտով էլ չեն լինի աշնանային գունազարդված, հրավառվող այգիները, ու կփոխվի շուրջն ամեն բան, ու մտքերս չեմ շաղի էլ ուղիներում տերևածածկ, ու չե՜ս ինի, ի՜մ բարեկամ, որ քեզ պահ տամ իմ սիրառատ հույզերն ամեն... Ու չես լինի էլ իմ կողքին, չես ողողի ուղիներն իմ դու քեզանով, էլ չես լցնի դու կյանքը իմ քո ներկայով, ու էլ չեմ գա ես քո գրկում անրջելու... Նոր տիրակալ կկարգվի, ու կիշխի՜ քո՛ այգիներում հնամենի, խորհրդավոր ու պաշտելի... Այգիներում՝ քե՜զ սազական, միմիայն քեզ, այգիներում՝ քեզ սիրահար, այգիներում՝ ինձ հյուրընկալ... նո՞ր տիրակալ... ասել է թե՝ նոր օրենքներ.....
...... Եվ ուրեմն այդժամ ասա՛, երբ կգնաս դու վաղաժամ, էլ ու՞մ գրկում ամբողջանա՜մ, էլ ու՞մ սրտում սիրտս բանամ, և կամ ումո՞վ, կամ թե ինչո՞վ ես հիանամ.... Որտե՞ղ գտնեմ էլ ինքս ինձ, ներդաշնակվեմ էլ ո՞նց, ասա՛, թե չգտնեմ ես արդեն քեզ այգիներում, երբ չգտնեմ էլ քեզ իմ շուրջ, տերևներում ինձ ողողող, սիրտս շոյող անձրևներում... Էլ ինչպե՞ս ես ամբողջանամ, ներդաշնակվեմ, թե չգտնեմ ես քեզ իմ շուրջ.... Թե չգտնեմ ես քեզ իմ շուրջ, թե չնայեմ, քո աչքերին աստվածուհու, քո հայելում թե չտեսնեմ ես իմ հոգին, թե չկարդամ գաղտնիքներս քո թերթերում տերևային, էլ ո՞նց, ասա՛, էլ ո՞նց գտնեմ ես ինքս ինձ.....

14. 10. 2014թ.
ՄԱՍՐԵՆԻ






Լուսանկարը՝ Edgar Harutyunyan Photography



Աշունաժպիտ քո կարոտներում....

***************************************
Աշունաժպիտ այս օրերի մեջ, կարոտու՞մ եմ քեզ.... Ի՜նքս էլ չգիտեմ... Աշու՞նն է արդյոք սիրտը իմ հուզում, թե՞ քո կարոտը.... Ու չեմ հասկանում, այդ ի՞նչ մագնիտ է մեզ իրար կապում, որ ժամերի մեջ դադարը անգամ մեզ դար է թվումՈւ քեզ թվում է՝ մոռացել եմ քեզԱշունաժպիտ այս օրերի մեջ ե՞ս եմ քեզ գրկում հեռուներից այս, թե՞ դու ես եկել, առել գրկիդ մեջ ու տարիների կարոտն ես ուզում առնել վարկյանում: Ու էլ չգիտեմ՝ աշու՞նն է այսքան գույները բերել, թե՞ քո կարոտն է այսպես վառվռումԱշունակարոտ այս գույների մեջ, ու գունավորված այս օրերում խենթ, մի՞թե չի հնչի մի խենթ պատասխան՝ թեկուզ կլինի ողջ աշխարհին դեմ այդ խենթությունը…. 
Ու հասկանում եմ. ես վախենում եմ քեզ կարոտելուց աշունաժպիտ այս օրերի գրկում, ու բոցավառված գույների ներքո, և ինձ մնում է քո կարոտն առնել այս աշնան այգում, այս գույների մեջ՝ լռին պարուրված իմ խոհերի մեջ, տաք արևաբույր շողերին ընկեր իմ նոր սիրո հետ՝ մտովի, թաքուն, աշխարհից ծածուկ մի երանությամբ....

14. 10. 2014թ.

ՄԱՍՐԵՆԻ 

понедельник, 16 июня 2014 г.

Մարդիկ կարող են չհասկանալ քո նրբությունը` այն թուլություն համարելով,
Մարդիկ կարող են չհասկանալ քո դաստիարակվածությունը` համարելով քեզ դարից կտրված մի ռոմանտիկ,
Մարդիկ կարող են չներել քեզ քո խելացիության համար` քո մեջ իրենց մրցակից տեսնելով, նրանք անգամ չեն հասկանա, որ քեզ համար մրցակից լինել չեն կարող,
Մարդիկ կարող են վստահությունդ իրենց հանդեպ հիմարություն համարել,
Մարդիկ կարող են սերդ դեպի ամենքը խեղճություն համարել,
Մարդիկ կարող են քո ներելու անսպառ կարողությունը անճարություն համարել,
Մարդիկ շատ բան կարող են,,,,,,,, Իսկ դու եղիր ինչպիսին կաս, որովհետև դու ամենքի մեջ ավելի բարձր ես կանգնած, քան մարդիկ կարող են պատկերացնել,,,,,,,,

ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան




ԽՏՈՒԹՅՈՒՆ

Թանձրացել է կյանքս հիմա,
Խտություն է անանց
Խառնվել եմ ինքս իմ մեջ,
Մոլորվել եմ հանկարծ....
Բանալի եմ փնտրում շփոթ
Իմ օրերում հանգած,
Մոլորվել է օրը ժպտուն
Իմ աչքերում թացված....
Մի քիչ շատ է տխրությունը,
Ուրախությունն անգամ,
Մի քիչ թունդ են ապրումներս,
Երազներս տարտամ....
Հուզառատ եմ, հուսառատ եմ,
Նույնն է  մնում միայն
Այն ամենը ինչի համար
Հույզերով եմ լցվում...
Ամեն մի օր նորն է բերում
Այս աշխարհի համար
Նույնն է սակայն շուրջս մնում
Ամենն` ինչը որ կար...
Կողոպտվել եմ, կողպվել եմ
Իմ հույզերի ձեռքում,
Խռովվել եմ, խռովել եմ
Ինքս ինձնից թաքուն...
Մի քիչ շատ են, մի քիչ թունդ են
Իմ հուշերը արթուն.
Ո'չ քնում են, ո'չ մեծանում,
Ո'չ գնում են հեռուն....
Թանձրացել է կյանքս հիմա,
Խտացել է ասես,
Ու խեղդվում է օդը անգամ
Խտությունից անտես....
Եվ պոկվում է իմ ռունգերից
Եվ իմ հոգուց անգամ,
Ու լողում է դեպի հեռուն`
Ազատության վկան...
Թանձրացել են արցունքներս,
Ծանրացել են ասես,
Ու պոկվում են քարերի պես`
Ժայռից լինեմ կարծես...
Չեն ենթարկվում, չեն պարփակվում
կոպերիս տակ խավար,
Մեծացել են` էծացել են,
Համառում են անգամ....

ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան

пятница, 25 апреля 2014 г.

….. Ես պարպում եմ կարոտի վերջին գավաթն ու հեռանում… Կհարբեմ, խենթի պես պար կգամ, կարտասվեմ ու կծիծաղեմ, ու վերջը կքնեմ՝ մի հարբած երազից արբելու…
Առավոտյան վատ կզգամ նախորդող ներկայի խենթության համար (հոգիս կցավի պակասից կարոտի, որին սովոր՝ ընկերացել էր), ու կշարունակեմ խենթի պես պար գալ, խինդ ու լաց կխառնեն միտքս, ու կշրջեմ ինչ որ տեղ  ներսում գծագրված փողոցների աղմուկների մեջ, ու կկանչեմ բոլորին իմ խելագար հանդեսին, ու ծափ կլինի ու ծիծաղ…. Բայց այս անգամ արդեն՝ Նոր Օրվա Հույսից Հարբած Սրտիս Մեջ…..

ՄԱՍՐԵՆԻ
24.10.2013Թ.

среда, 23 апреля 2014 г.

Արևը լույս վառեց օրվա մեջ, 
Եվ երդիկից ահա
Մի սուրբ խոնարհումով,
Եվ խորհուրդով լռին,
Դանդաղ վեր են ելում
քուլաները ծխի...

Արևը հույս վառեց օրվա մեջ,
Եվ ամեն տան բակում
Ջահել հարս ու աղջիկ
Մի նոր երգ են հյուսում
իրենց սիրեցյալին....

Արևը գութ վառեց օրվա մեջ,
Եվ իր կանչող ձայնով
Զագակատան զանգը նորից,
Ամեն օրվա նման,
եկեղեցու դուռն է բերում
Ջահել ու ծեր կանանց....

Արևը սեր վառեց օրվա մեջ,
Եվ արտերում հիմա,
Հորովելի ձայնով գովք են երգում
հազար ռամիկ ու շինական....

Արևը խինդ վառեց օրվա մեջ,
Եվ ամենուր կրկին
Զնգուն ծիծաղներով վազվզում են ահա
Մանուկները պայծառ...

Արևը ժպիտներ վառեց,
Եվ անդադար հչող կատակների ձայնից
Արդեն դադար չկա. սար ու ձոր խնդում են...


Արևը կյանք վառեց օրվա մեջ,
Եվ սարերում հնչող զրնգոցով զնգուն
Ազդարարվեց մի նոր արարման սկիզբ....

Արևը լույս վառեց օրվա մեջ....


03.01.2014թ.

ՄԱՍՐԵՆԻ

Արև եմ ուզում....

Ուզում եմ օրն այս մի քիչ այլ լինի,
Ուզում եմ բացվի ուրիշ գույներով,
Թող այսօր մի քիչ բարին վարարի,
Թող որ ամեն ոք արարի այսօր:
Թող որ գտնի նա՝ ով շատ է կորցրել,
Թող նա հավատա, ով հույսն է կտրել,
Թող այսօր մի քիչ գույնը շատ լինի,
Այսօրվա գինին թող որ թունդ լինի:
Թող արբեցումը ապրեցնող լինի,
Թող հորդան այսօր սիրո անձրևներ,
Թող պայքար լինի, կասկածն ընկրկի,
Եվ պայքար՝ հանուն, ո՛չ թե դեմ լինի...
Ուզում եմ մի քիչ հավատանք մենք մեզ,
Հավատանք իրար՝ հավատն է հավերժ,
Լինենք ողորմած, բարի, լավատես,
Ներենք ու սիրենք, հույս ու լույս սփռենք:
Բարի լույս աշխարհ, բարի երթ այսօր,
Ուզում եմ այսօր դու էլ վարարես
Բարին կերտելու այս կտավի մեջ...
Արև եմ ուզում....

20.06.2013թ.
Մարտիրոսյան Գոհար

Սիրով սրբագրում



Սիրել եմ ուզում…
Սիրել եմ ուզում այնպիսի սիրով,
Որ սիրով լցնեմ այն՝ ինչ որ սեր չի…
Սիրել եմ ուզում ես վատը անգամ,
Ուզում եմ սերս սրբագործ լինի:
Թող սերս, ինչպես հարբեցնեղ գինի,
Մարդկանց սրտերից չարը դուրս վանի:
Ուզում եմ սերս հրդեհի նման
Մաքրի ու սրբի, այրի անվարան,
Այն, ինչ որ սեր չի…
Ուզում եմ Բարին շատանա մի քիչ,
Թեկուզ սպառվեմ-պառավեմ՝ ոչի՜նչ,
Միայն սեր լինի… սեր՝ մաքուր ու ջինջ…
Սիրվել եմ ուզում…
Սիրվել եմ ուզում այնպիսի սիրով,
Որ էլ ամպերից արցունք չկաթի,
Որ այս ժեռ քարը ցավից չպայթի,
Արևից ուրի՛շ ժպիտներ թափվի…
Թող գոնե այսօ՜ր ինձ բախտը ժպտա՛
Ու անձրևը այս ինձ մի քիչ սիրի,
Թող որ ողողի կաթիլներով իր
սիրտս փոշոտված ,
Թող ջերմ փայփայի վերքս փշոտված,
Ցավս քնեցնի ձայնով կաթոցքի…
Ուզում եմ այսօր, այստեղ ու այսպես
Երկինքը երկնի սիրակաթիլ մի անձրև վարար,
Եվ թող կամուրջվեն ծայրերն աշխարհի
Յոթնագույն լուսե կամարով սիրո,
Ուզում եմ չարը այս ծեր աշխարհի
Սերը, գլխահակ սրբագրի պես, մաքրի ու տանի…

ՄԱՍՐԵՆԻ
20.06.2013Թ.

ՄՈՆԹԵԻՆ…


Այսօր ուխտ եմ արել քո շիրմին, հերո՜ս,
Ուխտել եմ ՀԱՅ մնալ արժանի…
Լռել եմ քո ժայռոտ ստվերում,
Խորհել քո մասին, ու ազգի…
Ամոթ ու ցավ է սրտումս հերո՜ս,
Անտեր է այսօրն այս ազգի…
Շիրմաքարիդ  նստած լսել եմ լուռ
Հնչեցրած խոսքիդ արձագանքը լռին,
Նայել եմ երկար, քո տապանին.
Ափսոս էր քո կյանքը դալար…
Քո հայացքի մեջ նույն ցասումն ու սերն էր,
Որով սաստել ես դու՝ դեռ հին,
Մեզ ներսից կրծող, անիրավ,
Քայքայող կասկածները  մթին…
Լռության մեջ ներսով լսել եմ այսօր
Զարկերը քո առյուծ սրտի,
Ալիքը խոսքիդ հասել է ինձ,
Ների՜ր ինձ, հերո՜ս իմ ազգի…
Արած-դրածիցդ շատ բան պակաս է,
Քո ավելացրածից շատ ենք կորցրել,
Քո գաղափարից օտարվել ենք մենք,
Ու քո արյունը մի քիչ… ուրացել…
Ես քեզ այսքան մոտ վաղուց չեմ եղել,
Եվ այս անգամ էլ՝ ուրիշ է մի բան,
Քո ոգու բովով սրբագործվել եմ,
Նոր է, նորացած, ի՜մ ոգին անգամ…
Քո ոգին Հայկի դարից է եկել,
Քո մեջ ապրում էր է՛ն Դավիթը ծուռ,
Քեզնով բարձր ենք, քեզնով ամրակուռ,
Բայց քեզնից այսօր մի քիչ շեղվել ենք…
Այնքան ցավ ու վիշտ, բարկություն կա, որ
Խենթանալիք է, գոռալ եմ ուզում… բայց…
Չէ՛, լռում եմ… դու ննջիր խաղաղ,
Այս սուրբ օջախում բղավել՝ չկա՛,
Ու աղոթում եմ… մտքում ծնվում է մի անբառ աղոթք.
Փա՜ռք քեզ, հազար փառք…
Թող որ քեզ նման շատերը ծնվեն…

Աղոթքիս իբրև վերջաբան պիտի
Չխաչակնքեմ երեսս ամոթ,
Բռունցքս պիտի պրկվի ինքնակամ…
Եվ կզսպեմ ես համբույրս անգամ,
Ու չեմ համբուրի շիրիմդ, հերո՜ս,
Մինչև որ դրան արժան կդառնամ
Ինչ-որ մղումով սուրբ-ազգայնական…

Պաղ միայնության գիշերամիջում....

****************** 
Պաղ միայնության գիշերամիջում ջանասիրաբար հովացնում եմ ես այրվող վերքը իմ, որը ծնվել է դեռ երեկ, սակայն` հին է հնագույն.....
Անքուն խավարի ծանծաղուտներում կորցնել եմ փորձում անտիկ ցավը այս, սակայն ինքս եմ կարծես մոլորվում (ճիշտ են ասում թե` փոս փորողն ինքն է մի օր փոսն ընկնում....) : Չվախենալով միշտ թանկ համարվող հնության փոշու անդարձ կորուստից, ես մաքրում եմ այն` հավատ տածելով ներսից ճառագող լույսի հրաշքի գոյությանն անգո.....  Գուցե սխալ է, կամ մոլորություն անցած մթի մեջ կանթեղ փնտրելը. նոր ուղի է պետք.....  Բայց ես նման եմ մի հնէաբանի, մի անբուժելի հնապաշտ մարդու, որ հնությունն է պաշտում գինու պես, և կամ պատմության, թեկուզ և հուշի, կամ էլ հնագույն սուրբ տաճարի պես, որի խորանում անվերջ աղոթք է մրմնջում տենդով` աշխարհին անհայտ, լոկ իրեն հայտնի` հնացած, մաշված, փոշոտված աղոթք, որի փոշու մեջ հազիվ նշմարվող մոմի լույսն ահա վախից դողում է իր վրա դրված թեթև աղոթքը վեր բարձրացնելու ծանր հոգսի տակ.... Եվ ծանրությունից սպառնում է ինձ սպառվել շուտով` իր վշտայրումի արցունքակաթիլ ինքնավերացման մթան սարսափով.....
Հեթանոս է նա իր հնության մեջ, և քիրստոնյա` խիստ պահանջներում` լուռ համբերությամբ ցավը կրելու և մի նորահայտ, նորանկախ աղանդ` մեն իրեն հայտնի հիմար ու դատարկ համառությամբ բութ...... Կպչուն է, ծակող, նաև լպրծուն, ողորկ, ժայռեղեն...... Բայց իմն է, ավաղ, և փախչել և կամ կորցընել նրան չեմ հաջողեցնում.... և որովհետև թերևս ինքն ինձ ավելի լավ է ճանաչում գուցե հետախույզի պես, քան թե ես` իրեն....
Ախ, ու՞ր էր թե մի վրձնահարվածով, կամ ելևէջով մի հոգետաղի և կամ լրումով ու փոթորկումով արյունոտ տողի, դուրս գար, վերջանար, սպառեր իրեն, անդարձ հեռանար և ինքնակամ կորչեր ծանծաղուտներում սևացած մթի......
Իսկ նա.... Իսկ նա աղոթքի բեռան տակ կքած այս մոմի նման ինչքան էլ իրեն սպառի` դարձյալ ապրում է, միայն այս անգամ արդեն` մեկ այլ ձևի մեջ, որ և ծանր է ու անմեկնելի առավել` քան կար, քանզի մոմի պես ձևափոխվելով` լոկ դադարում է, թեկուզ և շատ թույլ` հազիվ նշմարվող լուսարձակումից և դառնում նստվածք.......

15.02.2014թ.
ՄԱՍՐԵՆԻ



вторник, 22 апреля 2014 г.

Արևագալ է....




****************
Բացվում է կրկին ամեն օրվա պես,
Օրվա գիրկը տաք...
Բայց ամեն մի օր նոր երևումով,
Բայց ամեն մի նոր` նոր երանգներով...
Եվ կարծես թե ա'յ, առաջի՛ն անգամ,
Բացվում է ահա օրվա գիրկը տաք,
Որ ինքն էլ ունի տաք արևի գույն,
Որ կարծես ինքն էլ մի պարտեզ լինի
Լցված հրեղեն, ալվան վարդերով....
Եվ գալիս է նա` իր գույնով արբած,
Իր բույրով շենշող....
Հագած իր թավշյա զգեստը շքեղ`
Գործված վարդերի նուրբ թերթիկներով,
Գալիս դառնում է օրվա տիրուհի,
Օրվա սիրուհի....
Արևագալ է դառնում հմայող,
Կամակոր կնոջ կերպար է հագնում,
Շքեղ թագուհու կերպաս է հագնում,
Եվ շպարվելով նոր երանգներով`
Իջնում է նորից իր բարձր գահից,
Գալիս աշխարհի բարին ու լույսը,
Հավատն ու հույսը բազմապատկելու....
.... հնացած բարին վերածնելու...
Եվ ինքն է իր հետ գույները փոխում,
Եվ ինքն է օրվա հույզերը գործում,
Նորոգում է այն, ինչ խափանվել է,
Այն, ինչ իր փայլը գուցե կորցրել է....
Եվ փոխում է նա աշխարհի գույնը,
Երբ որ բացվում է արևի բույնը,
Երբ կամաց-կամաց իր գահը թողած,
Բացում է իր նոր վարդագույն հունը,
Եվ դեռ քնի մեջ, տեսնում է կյանքը,
Որ ահա այսօր` դեռ օր չդարձած,
Մթնշաղից է ծնվում անհունը`
Արևագալ է.....


*******************
Արևագալի նուրբ վարդագույնից
Մանուշակվել են քարերը ժայռի,
Եվ եթերներից սավառնում է, տե'ս,
Արևագունդը վեհ տեսլականի...
Ու օրվա գլխին շող է կուտակվում,
Լույսն է սպառնում գիշերվա մթին,
Եվ փողոցներում կյանքն է արթնանում,
Եվ հոգիներում..... եվ հոգիներում....
Բարևագալի թրթիռին կարոտ
Փակ կոպերի տակ ժպիտն է խաղում,
Եվ անկյուններում փակ շրթունքների
Նոր Բարի Լույս է նուրբ վարդագունում....
Խտղտում է նա` այդ Բարի Լույսը,
Աչքերը այս ծեր, քնած աշխարհի,
Եվ խաղ է անում նրա հոգու հետ`
Թե`շու՛տ արթնացիր, որ չգնամ ետ ...
Ու նորածին է օրը այս կարմիր,
Եվ դեռ արևը չի հասցրել ելնել
Իրեն մայր դարձած երկնի արգանդից,
Բայց ճիչ է լսվում..... Վարդագույն մի ճիչ,
Որից աշխարհը մանուկ է դառնում,
Եվ ժայռերն անգամ վարդագունում են,
Շառագունում են շուրթերին թառած խոսքերն ամաչկոտ,
Որոնք եռում են Արևագալի բոց եզերքներում...

ՄԱՍՐԵՆԻ