Հայ ժողովրդի մշակութային կյանքում արտացոլվել են կենցաղի, պատմության, սիրո, աշխատանքի, մայրության, պանդխտության, պայքարի թեմաները: Այս ամենի կողքին մշտապես իր առանձնահատուկ և ուրույն տեղն է ունեցել հայրենիքը` իրեն նվիրված բանաստեղծական, երաժշտական ստեղծագործություններով, որոնք ստեղծվել են ինչպես ժողովրդի, այնպես էլ կոմպոզիտորների, աշուղների և իհարկե բանաստեղծների կողմից` նրանց գրչի ու սրտի <համագործակցությամբ>: Դրանք ներկայանում են որպես յուրօրինակ հուշարձաններ` կանգնեցված հայրենիքի սիրո պատվանդանին` արտահայտելով ժողովրդի նվիրումն առ հայրենիք: Հայրենասիրության թեման մշտապես արծարծվել է ազգային երաժշտության մեջ, ներկայանալով տարբեր կերպերում` ժողովրդական, աշուղական և կամ կոմպոզիտորական, դրանք ունեն միևնույն աղբյուրը` սերը հայրենիքի հանդեպ:
Ինչ խոսք, հայրենասիրական երգերը, բացի իրենց բնույթից, ունեն նաև որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս դրանք տարաբաժանել ոչ միայն որպես ժողովրդական կամ հեղինակային ստեղծագործություն նվիրված հայրենիքին, այլև որպես ձոն` նվիրված հերոսներին, որևէ պատմական իրադարձության մասին պատմող վիպերգ և այլն: Ազգային գաղափարա-խոսությունը թաքնված և տեսանելի է հարենասիրական երգերի ու բանաստեղծությունների տողերում: Հայրենիքի թեման տեղ է գտել Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի և շատ շատերի ստեղծագործություններում` ամենքին բնորոշ ձեռագրով և ինչ խոսք լուրջ ասելիքով: Չի կարելի չխոսել նաև Չարենցի` <Ես իմ անուշ Հայստանի> ստեղծագործության մասին, որում հեղինակն անսահման սիրով ու հպարտությամբ է խոսում ի'ր Հայաստանի մասին, գովերգելով այն աշուղական տաղաչափությամբ և իր սրտի ջերմությամբ: Թերևս Չարենցի սիրո մասին լավագույնս կարող է խոսել միայն իր իսկ ստեղծագործությունը:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ահա այսպիսին է Հայաստանը Չարենցյան գոյներով, որի համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Այսօր այս ստեղծագործությունը Հայաստանին նվիրված լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է:
Մեկ այլ տրամադրությամբ է ողոված Համո Սահյանի` <<Ախր ես ինչպե՞ս վեր կենամ` գնամ>> բանաստեղծությունը: Այստեղ մենք գործ ունենք հայրենիքից դուրս կյանքի անհնարինության, անկարելիության և կարոտի ապրումի հետ, որ ավելի քան պատկերավոր կերպով արտահայտվում է բանաստեղծի տողերում` ինչպես օրինակ`
<<...Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...>>
Ինչ խոսք` հայրենիքում օրհնությունն էլ հոգնությունն էլ, հոգսն էլ քոնն են, հարազատ են, որովհետև քո հողում ես, քո աշխարհում, առանց որի դժվար է դիմանալ օտար երանությանն անգամ: Ահա այսպիսին է Սահյանական սերն առ հայրենիք` << Ախր ուրիշ տեղ, սեփական բախտից խռովել չկա..... >>
Շարունակելի )))
Комментариев нет:
Отправить комментарий