Հայ բանահյուսության մեջ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսած տարածում են գտնում այնպիսի երգեր, որոնք անմիջականորեն առնչություն են ունենում հայ ժողովրդի կյանքում նշանակալից չափեր ընդունած ռազմական գործի հետ: Այս երգերըառանձնանում են իրենց գեղարվեստաարտահայտչական միջոցների ինքնատիպությամբ և կենցաղավարման յուրահատկություններով:
19-րդ դարից սկսած մինչ մեր ժամանակները ստեղծված ռազմի ու զինվորի երգերը ընդգրկում են մի շարք պատմական ու ռազմաքաղաքական իրադարձություններ:
Ռազմի և զինվորի երգերը իրենց բնույթով պատմական երգեր են: Ստեղծագործական հենքով, կազմավորմամբ կապված լիելով պատմական անցուդարձերի և նշանավոր անհատների գործունեության հետ, դրանք այս կամ այն չափով արտացոլում են իրականությունը: Ռուս-պարսկական և ռուս-թուրքական կռիվների, ազատագրական պայքարի ու առանձին հերոս անհատների մասին երգերում շոշափելի և առարկայական արտահայտում է ստանում պատմականությունը: Ընդ որում, դրանց մեծամասնությունը հորինվել է համազգային նշանակության անցքերի ու գործիչների անվան շուրջ, ավելի լայն պատմաճանաչողական արժեք և նշանակություն ստանալով: Մյուս մասը համեմատաբար նեղ, տեղային դեպքեր ու իրադարձություններ են, որոնք լինելով տեղային, հասկանալի և մատչելի են սահմանափակ աշխարհագրական շրջականկներում:
Պատմական և ռազմաքաղաքական դեպքերի և զինվորական գործիչների գնահատանքը ժողովրդական երգերում ոչ միշտ է համընկնում դրանց դերին:
19-րդ դարում Անդրկովկասում, մասնավորապես Հայաստանում, ռոսների մղած պատերազմները` պարսկական, ապա թուրքական բռնակալության դեմ, հայ ժողովրդական երգերում դիտվում են որպես ազատագրական:
Ռազմի և զինվորի երգերն իբրև երգատեսակ պատկանում են քնարական բանահյուսության ժանրին: Սակայն ժանրային հատկանիշները նրանցում դրսևորվում են տարբեր մակարդակներով: Ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների, ազատագրական կռիվների վերաբերյալ երգերում գերակշռում է վիպականությունը: Դրանք առավելապես անդրադառնում են իրադարձությունների արտաքին կողմին: Երգերի այս խմբում մեծ թիվ են կազմում գովքերը, քայլերգերը: Իսկ բուն զինվորի երգերում ավելի ակնառու է քնարականմությունը: Զինվորի երգերը հիմնականում հորինված են առաջին դեմքով, մի հանգամանք, որը ավելի է սրում երգի ողբերգականությունը: Նոր շրջանի ռազմի ու զինվորի երգերում այս երկու հատկանիշը հանդես են գալիս զուգորդված:
Ռազմի և զինվորի երգերն աչքի են ընկնում իրենց հորիման ու գոյատևման յուրահատկությամբ: Ստեղծվելով պատմական դեպքերի և անձերի գործունեության հիման վրա, դրանք բանահյուսական կենցաղից և ժողովրդի հիշողությունից դուրս են մղվում պատմական դեպքերի ու դեմքերի ասպարեզից հեռանալու հետ միասին: Խնդրո առարկա երգերը չեն կարող կենցաղավարել ցանկացած միջավայրում: Ռազմի և զինվորի երգը կարող է կատարյալ ամբողջական ներգործություն ունենալ երգի կենցաղավարման միջավայրի, ունկնդիրների տրամադրության ներդաշնակության դեպքում: Ռազմի և զինվորի երգերը հորինվել և կազմավորվել են հայ ժողովրդի բանահյուսության հիմքի վրա, ավանադական երգարվեստի մյուս տեսակների հետ փոխազդեցության պայմաններում: Ռազմի երգերը հատկապես կրել են վիպական երգերի, իսկ զինվորի երգերը` սիրո, պանդխտության, հարսանեկան երգերի ազդեցությունները: Ազատագրական պայքարի երգերի ստեղծման գործում նշանակալից դեր են կատարել քնարերգությունն ու աշուղական արվեստը:
Ի մի բերելով ռազմի և զինվորի երգերի մեզ հասած ժառանգությունը, ելնելով թեմատիկ հենքից և ժանրային ժանրային հատկությունների դրսևորման աստիճանից, դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. Ռազմի երգեր, 2. Զինվորի երգեր, 3. Սովետական շրջանի ռազմի և զինվորի երգեր:
Առաջին խումբն ընդգրկում է ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների և ազատագրական պայքարի շուրջ հյուսված ստեղծագործությունները, երկրորդ խումբը` պարտադիր զինվորական ծառայությանը վերաբերվող երգերը: Երրորդ խմբի մեջ մտնում են այն երգերը, որոնց ստեղծման համար իբրև պատմական ատաղձ են ծառայել սովետական կարգերի հաստատաման համար մղված կռիվները, ծառայությունը սովետական բանակում և Հայրենական պատերազմի իրադարձությունները:
20-րդ դարի կեսերի ազգային զարթոնքի տարիներին, հայությանը միավորում է Արևմտյան Հայստանը Օսմանյան կայսրությունից ազատագրելու գաղափարը, որի սերմանողներ հանդիսացան Ղևոնդ Ալիշանը, Րաֆֆին, Միքայել Նալբանդյանը, Ռաֆայել Պատկանայնը և այլոք: Վերջիններիս ստեղծագործությունները հաճախ երգերի էին վերածվում և սկսում թևածել ժողովրդի մեջ` որպես կենդանի, վառ գաղափար, որպես պայքարի մղող աներևույթ ուժ, որպես արթնացումի ձայն, որպես կոչ:
Դրանք տարածում են գտնում որպես ռազմի երգեր, որոնց մեծ բաժինը կազմում են ազգային-ազատագրական պայքարի երգերը: Սրանք աղերսվում են նաև նույնանման ճակատագրի արժանացած հույների, բուլղարների, հունգարացիների բանահյուսության հետ և սկսում կոչվել հայդուկային կամ ֆիդայական երգեր: Ի դեպ, հադուկը ապստամբ իմաստն է կրում, իսկ ֆիդայի կամ ֆետա ասելով հասկանում ենք զոհ, մատաղացու: Հարկ է նշել, որ իր <Կայծերը> Րաֆֆին մտադիր էր վերնագրել <Հայդուկներ>: Իսկ վեպի առաջաբանում տալիս Հայդուկի բնութագիրը` <<Հայդուկը հասարակ ավազակից տարբերվում է նրանով, որ նա ոչ թե հափշտակության, ավազակության, ագահությունից դրդված կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արվեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք և ազատության բաղձանք>>: Եվ ինչպես Նալբանդյանն է խոսում հայի ազատության մասին իր <<Ազատություն>> բանաստեղծության տողերում`
... «Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Հայ բանահյուսության մեջ առանձնահատուկ ուշադրության և ուսումնասի-րության են արժանի հայրենասիրական երգերի` ժողովրդական, աշուղական և հեղինակային արձագանքները: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին` մտածողության, ընկալումների և լեզվական առանձնահատկությունների դրսևորումների ներքո:
Շարունակելի )))
Շարունակելի )))
Комментариев нет:
Отправить комментарий