среда, 23 апреля 2014 г.

ՄՈՆԹԵԻՆ…


Այսօր ուխտ եմ արել քո շիրմին, հերո՜ս,
Ուխտել եմ ՀԱՅ մնալ արժանի…
Լռել եմ քո ժայռոտ ստվերում,
Խորհել քո մասին, ու ազգի…
Ամոթ ու ցավ է սրտումս հերո՜ս,
Անտեր է այսօրն այս ազգի…
Շիրմաքարիդ  նստած լսել եմ լուռ
Հնչեցրած խոսքիդ արձագանքը լռին,
Նայել եմ երկար, քո տապանին.
Ափսոս էր քո կյանքը դալար…
Քո հայացքի մեջ նույն ցասումն ու սերն էր,
Որով սաստել ես դու՝ դեռ հին,
Մեզ ներսից կրծող, անիրավ,
Քայքայող կասկածները  մթին…
Լռության մեջ ներսով լսել եմ այսօր
Զարկերը քո առյուծ սրտի,
Ալիքը խոսքիդ հասել է ինձ,
Ների՜ր ինձ, հերո՜ս իմ ազգի…
Արած-դրածիցդ շատ բան պակաս է,
Քո ավելացրածից շատ ենք կորցրել,
Քո գաղափարից օտարվել ենք մենք,
Ու քո արյունը մի քիչ… ուրացել…
Ես քեզ այսքան մոտ վաղուց չեմ եղել,
Եվ այս անգամ էլ՝ ուրիշ է մի բան,
Քո ոգու բովով սրբագործվել եմ,
Նոր է, նորացած, ի՜մ ոգին անգամ…
Քո ոգին Հայկի դարից է եկել,
Քո մեջ ապրում էր է՛ն Դավիթը ծուռ,
Քեզնով բարձր ենք, քեզնով ամրակուռ,
Բայց քեզնից այսօր մի քիչ շեղվել ենք…
Այնքան ցավ ու վիշտ, բարկություն կա, որ
Խենթանալիք է, գոռալ եմ ուզում… բայց…
Չէ՛, լռում եմ… դու ննջիր խաղաղ,
Այս սուրբ օջախում բղավել՝ չկա՛,
Ու աղոթում եմ… մտքում ծնվում է մի անբառ աղոթք.
Փա՜ռք քեզ, հազար փառք…
Թող որ քեզ նման շատերը ծնվեն…

Աղոթքիս իբրև վերջաբան պիտի
Չխաչակնքեմ երեսս ամոթ,
Բռունցքս պիտի պրկվի ինքնակամ…
Եվ կզսպեմ ես համբույրս անգամ,
Ու չեմ համբուրի շիրիմդ, հերո՜ս,
Մինչև որ դրան արժան կդառնամ
Ինչ-որ մղումով սուրբ-ազգայնական…

Комментариев нет:

Отправить комментарий