вторник, 22 апреля 2014 г.

Արևագալ է....




****************
Բացվում է կրկին ամեն օրվա պես,
Օրվա գիրկը տաք...
Բայց ամեն մի օր նոր երևումով,
Բայց ամեն մի նոր` նոր երանգներով...
Եվ կարծես թե ա'յ, առաջի՛ն անգամ,
Բացվում է ահա օրվա գիրկը տաք,
Որ ինքն էլ ունի տաք արևի գույն,
Որ կարծես ինքն էլ մի պարտեզ լինի
Լցված հրեղեն, ալվան վարդերով....
Եվ գալիս է նա` իր գույնով արբած,
Իր բույրով շենշող....
Հագած իր թավշյա զգեստը շքեղ`
Գործված վարդերի նուրբ թերթիկներով,
Գալիս դառնում է օրվա տիրուհի,
Օրվա սիրուհի....
Արևագալ է դառնում հմայող,
Կամակոր կնոջ կերպար է հագնում,
Շքեղ թագուհու կերպաս է հագնում,
Եվ շպարվելով նոր երանգներով`
Իջնում է նորից իր բարձր գահից,
Գալիս աշխարհի բարին ու լույսը,
Հավատն ու հույսը բազմապատկելու....
.... հնացած բարին վերածնելու...
Եվ ինքն է իր հետ գույները փոխում,
Եվ ինքն է օրվա հույզերը գործում,
Նորոգում է այն, ինչ խափանվել է,
Այն, ինչ իր փայլը գուցե կորցրել է....
Եվ փոխում է նա աշխարհի գույնը,
Երբ որ բացվում է արևի բույնը,
Երբ կամաց-կամաց իր գահը թողած,
Բացում է իր նոր վարդագույն հունը,
Եվ դեռ քնի մեջ, տեսնում է կյանքը,
Որ ահա այսօր` դեռ օր չդարձած,
Մթնշաղից է ծնվում անհունը`
Արևագալ է.....


*******************
Արևագալի նուրբ վարդագույնից
Մանուշակվել են քարերը ժայռի,
Եվ եթերներից սավառնում է, տե'ս,
Արևագունդը վեհ տեսլականի...
Ու օրվա գլխին շող է կուտակվում,
Լույսն է սպառնում գիշերվա մթին,
Եվ փողոցներում կյանքն է արթնանում,
Եվ հոգիներում..... եվ հոգիներում....
Բարևագալի թրթիռին կարոտ
Փակ կոպերի տակ ժպիտն է խաղում,
Եվ անկյուններում փակ շրթունքների
Նոր Բարի Լույս է նուրբ վարդագունում....
Խտղտում է նա` այդ Բարի Լույսը,
Աչքերը այս ծեր, քնած աշխարհի,
Եվ խաղ է անում նրա հոգու հետ`
Թե`շու՛տ արթնացիր, որ չգնամ ետ ...
Ու նորածին է օրը այս կարմիր,
Եվ դեռ արևը չի հասցրել ելնել
Իրեն մայր դարձած երկնի արգանդից,
Բայց ճիչ է լսվում..... Վարդագույն մի ճիչ,
Որից աշխարհը մանուկ է դառնում,
Եվ ժայռերն անգամ վարդագունում են,
Շառագունում են շուրթերին թառած խոսքերն ամաչկոտ,
Որոնք եռում են Արևագալի բոց եզերքներում...

ՄԱՍՐԵՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий