воскресенье, 12 октября 2014 г.

Ի՛մ Երևան, դու դարերին ես հաղթել….

Աշխարհում գոյություն ունեցող տոներից, ինձ համար ամենանվիրականը, թանկը, գնահատելին, խորհրդավորն ու պանծալին իմ Երևանի ծննդյան տոնն է…. Սիրում եմ քեզ իմ քաղաք, սիրում եմ որդու, տիրոջ, ծառայի սիրով: Սիրում այն սիրով, որ մարդ զգում է իր համար ամենաթանկի հանդեպ: Ա՛յն սիրով, որի մեջ թերևս հպարտությունն ավելի է, որի ամեն մասնիկը նվիրում է, որի ամեն խոստովանությունը երդում է, որի յուրաքանչյուր շշուկ սիրո շշունջ է… Ա՛յն սիրով, որից լույսի պես ժպիտ է ժառագում: Սիրում եմ քեզ, ի՛մ քաղաք՝ լավագույնը բոլոր քաղաքներից… Սիրում եմ քեզ՝ քո պատմության ու արժեքի գիտակցումի ողջ ծանրությամբ ու մանրությամբ խնդիրներիդ… Սիրում եմ քեզ, ի՛մ Երևան-Էրեբունի…. Դու՛, որ Էրեբունիից մինչ Երևան անցած ճանապարհիդ ողջ ընթացքը փառավոր ու արժանապատիվ կյանքով ես ապրել, քե՛զ, որ որդիներիդ համար հպարտություն ես դարձել հազարամյակների հարատևության մեջ, ու լինելիության յուրօրինակ անձնագիր…. Մասիսներին դեմ հանդիման քո լուսավոր դեմքն եմ սիրում, ու գիշերվա լույսերի մեջ պայծառությամբ հրավառվող անու՜շ քունդ....
Սիրում եմ քեզ Երևանս՝ հազարավոր մանուկների ժպիտների մայրաքաղաք, միլիոնավոր հանդիպումների ու սերերի քաղաք… Սիրում եմ քո անցորդների ժպիտներն ու թախիծները, քո տերերի, քո հյուրերի ոտնահետքն եմ սիրում իրա՜վ, թե մաքուր է… Քեզ այցելած որդիներիդ կարոտավառ ու արցունքոտ աչքերի մեջ վառվող լույսն ու հուզումները, ու քեզանով հպարտացող քո այսօրվա զավակների պարզ ճակատներն եմ սիրում… Ու սիրում եմ, չզարմանա՛ս՝ քեզ ժպտացող, և միգուցե՝ մեծությանդ չկասկածող, կամ թե՝ ոչ լիովին քեզ ճանաչող զբոսաշրջիկ բարեկամին, որ հիացած քո շենքերն է լու՜ռ տնտղում իր հայացքով բացահայտող….. Սիրում եմ քեզ ի՜մ Երևան, Էրեբունի, ու թե կուզես՝ անգամ Դվին, Անի ու Կարս… Դու՝ հավերժող մայրաքաղաք, իմ անմոռաց ու միակ սեր, իմ հուշերի, ապրումների գաղտնի վկա, արցունքներիս, ժպիտներիս հուշամատյան, իմ երջանիկ պարզ օրերի ազնիվ ընկեր…
Ի՜մ Երևան, քո լուսեղեն, պարզ ճակատին 2796 թիվ է գրված, և այդքան էլ հաղթանակ՝ քո կենաց գրքում….



Դու դարերին ես հաղթել….




Комментариев нет:

Отправить комментарий