вторник, 18 июня 2019 г.

Հայրենիքի պատկերացումներն ու ներկայացումը երաժշտախոսքային տեքստերի միջոցով


     Հայ ժողովրդի մշակութային կյանքում արտացոլվել են կենցաղի, պատմության, սիրո, աշխատանքի, մայրության, պանդխտության, պայքարի թեմաները: Այս ամենի կողքին մշտապես իր առանձնահատուկ և ուրույն տեղն է ունեցել հայրենիքը` իրեն նվիրված բանաստեղծական, երաժշտական ստեղծագործություններով, որոնք ստեղծվել են ինչպես ժողովրդի, այնպես էլ կոմպոզիտորների, աշուղների և իհարկե բանաստեղծների կողմից` նրանց գրչի ու սրտի <համագործակցությամբ>: Դրանք ներկայանում են որպես յուրօրինակ հուշարձաններ` կանգնեցված հայրենիքի սիրո պատվանդանին` արտահայտելով ժողովրդի նվիրումն առ հայրենիք: Հայրենասիրության թեման մշտապես արծարծվել է ազգային երաժշտության մեջ, ներկայանալով տարբեր կերպերում` ժողովրդական, աշուղական և կամ կոմպոզիտորական, դրանք ունեն միևնույն աղբյուրը` սերը հայրենիքի հանդեպ: 
Ինչ խոսք, հայրենասիրական երգերը, բացի իրենց բնույթից, ունեն նաև որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս դրանք տարաբաժանել ոչ միայն որպես ժողովրդական կամ հեղինակային ստեղծագործություն նվիրված հայրենիքին, այլև որպես ձոն` նվիրված հերոսներին, որևէ պատմական իրադարձության մասին պատմող վիպերգ և այլն: Ազգային գաղափարա-խոսությունը թաքնված և տեսանելի է հարենասիրական երգերի ու բանաստեղծությունների տողերում: Հայրենիքի թեման տեղ է գտել Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի և շատ շատերի ստեղծագործություններում` ամենքին բնորոշ ձեռագրով և ինչ խոսք լուրջ ասելիքով: Չի կարելի չխոսել նաև Չարենցի` <Ես իմ անուշ Հայստանի> ստեղծագործության մասին, որում հեղինակն անսահման սիրով ու հպարտությամբ է խոսում ի'ր Հայաստանի մասին, գովերգելով այն աշուղական տաղաչափությամբ և իր սրտի ջերմությամբ: Թերևս Չարենցի սիրո մասին լավագույնս կարող է խոսել միայն իր իսկ ստեղծագործությունը:               
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ 
Ահա այսպիսին է   Հայաստանը Չարենցյան գոյներով, որի համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Այսօր այս ստեղծագործությունը Հայաստանին նվիրված լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է:
Մեկ այլ տրամադրությամբ է ողոված Համո Սահյանի` <<Ախր ես ինչպե՞ս վեր կենամ` գնամ>> բանաստեղծությունը: Այստեղ մենք գործ ունենք հայրենիքից դուրս կյանքի անհնարինության, անկարելիության և կարոտի ապրումի հետ, որ ավելի քան պատկերավոր կերպով արտահայտվում է բանաստեղծի տողերում` ինչպես օրինակ` 
<<...Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...>>

Ինչ խոսք` հայրենիքում օրհնությունն էլ հոգնությունն էլ, հոգսն էլ քոնն են, հարազատ են, որովհետև քո հողում ես, քո աշխարհում, առանց որի դժվար է դիմանալ օտար երանությանն անգամ: Ահա այսպիսին է Սահյանական սերն առ հայրենիք` << Ախր ուրիշ տեղ, սեփական բախտից խռովել չկա..... >>
Շարունակելի )))

пятница, 7 июня 2019 г.

Աթենք մ.թ.ա. V դար

Աթենք, Հռոմ, Կոնստանդնուպոլիս, Գրանադա, Փարիզ.... Ահա հինգ մայրաքաղաք, որոնք իրենց վրա են կրում ժամանակի փոշին ու պատմության դրոշմը, որ ոչ միշտ է բարենպաստ եղել վերջիններիս համար... Տեղափոխվելով դարերի խորքը, երբ այս քաղաքները ապրում էին իրենց փառքի, ծաղկման, զարգացման լավագույն ժամանակները, երբ հնագույն պետությունների մայրաքաղաքներն էին և մշակույթի նշանակալի օջախներ: 
Հարյուրամյակներ հետ գնալով, մենք կտեսնենք թե ինչպիսին էին այդ ժամանակների հագուստն ու կենցաղը, մշակույթն ու պատկերացումները, ինչ շունչ կար այս քաղաքների փողոցներում և բուլվարներում և ինչպիսի մշակութային տրամադրություններ են թելադրել այս քաղաքների կյանքը: 
Այսօր այդ քաղաքների երբեմնի հուշարձաններից որոշները ավերված են ժամանակի կողմից, որոշները բարբարոսաբար մնացել են ավերակների տակ, մյուսները՝ անճանաչելիության աստիճան խեղաթյուրվել են նախորդ սերունդների կողմից, իսկ մի մասն էլ տեղափոխվել է այլ վայր, կամ որևէ թանգարան և այլևս չի ապրում քաղաքային բուռն ու հետաքրքիր կյանքով, որի մասն էր կազմում մի ժամանակ:
  «Շրջագայելով» դարերի մեջ, մենք կտեսնենք թե ինչպես է փոխվել մարդկանց կյանքը, քաղաքների և քաղաքացիների կերպարը, ճաշակները, հետաքրքրությունները, համոզմունքները և դրանց հետ՝ սքանչելիի մասին պատկերացումները: Միշտ և ամենուր, հնագույն ժամանակներից մինչ օրս, մարդիկ ձգտել են գեղեցիկին՝ ստեղծելով արվեստի մեծ գործեր: 

ԱԹԵՆՔ: Մ.թ.ա. V դար 

Աթենքի գլխավոր խորհրդանիշը՝ անտիկ միջնաբերդը

Ակրոպոլիս ( հին հուն․՝ ἀκρόπολις), միջնաբերդի հունարեն անվանումը. բառացի նշանակում է վերին քաղաք։ Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբներին։  Ակրոպոլը կամ Ակրոպոլիսը Աթենքի միջնաբերդն է:
Հին հույների կյանքը դժվար է եղել, հողը, որը մշակելով ստանում էին խաղող և ձիթապտուղ, այծ և ոչխար էին արածեցնում, որտեղ կառուցում էին քաղաքներ և տաճարներ, բերրի չէր: Դրա հետևանքով Աթենքը միշտ հացի խնդիր ուներ: Ահա թե ինչու հույները համեմատաբար վաղ են սկսել զբաղվել առևտրով ու արհեստով: Դրան զուգահեռ Հունաստանում սկսում է զարգանալ ծովագնացությունը: Եթե փորձենք գծել Հունաստանի սահմանները, կտեսնենք, թե դա որքան բարդ է, քանի որ վերջիններս ասես կորում են շրջապատող, ասես երկիրը գրկող ծովերի ջրերի մեջ: 
Հին հույները կենսուրախ և զվարթ ժողովուրդ են եղել: Նրանք սիրում էին ամեն վառ բան: Հերոսների և աստվածների մարմարե արձանները նրանք հաճախ գունավորում էին կամ պատում ոսկով: Տաճարները զարդարում էին գունավոր օրնամենտով՝ կապույտ, կարմիր, դարչնագույն, ռելիեֆները ներկում էին ոսկեգույն օխրայով: Մինչ օրս, թանգարանների սառը դահլիճներում ժպտում են մարմարե աղջիկները՝  այս զարմանալի ժողովրդի վաղեմի կյանքի  հուշարձանները: 
Մ.թ.ա. 7-6-րդ դդ հունական քանդակները սիմետրիկ են՝ ֆիգուրի մի կեսը մյուսի հայելային արտացոլումն է: Խիստ քանդակված կերպարների ձգված, երկար ձեռքերը սեղմված են մկանուտ մարմնին: Չկան աջ կամ ձախ թեքումներ, գլուխը բարձր է, աչքերը թեթևակի խոնարհված: Արդեն մ.թ.ա. 5-րդ դարում քանդակները սկսում են ասես կենդանանալ՝ ձեռք են բերում շարժում, համաչափություններ և բնականություն: Առաջինը Միրոն քանդակագործն էր, ով ստեղծեց սկավառակ նետող տղայի քանդակը: Նրա մարմինը թեքված է՝ ամբողջովին կլանված շարժման մեջ: Պատանու ատլետիկ ֆիգուրը լարված է` ինչպես զսպանակը: 
Պատանու պիրկ մաշկի տակ երևում են լարված մկանները: Նա ամբողջովին շարժման մեջ է, այնպես՝ ասես ինքը հենց շարժումն է:  Ի տարբերություն իր ժամանակակցի՝ Միրոնի, Պոլիկլետը սիրում էր իր հերոսներին քանդակել հանգստի պահին: Նա գտնում էր, որ քանդակագործության մեջ շարժման պատկերման ձգտումը խանգարում է մարդու ներքին գեղեցկությունը արտահայտելուն: Պոլիկլետի Նիզակակիրը քանդակի հերոսը կանգնած է անշարժ: Նա չի քարացել խիստ սիմետրիկ դիրքում, այլ իր մարինը կառավարող մարդու նման թեթևորեն ծալել է մի ոտքը՝ մարմնի ծանրությունը տեղափոխելով մյուս ոտքի վրա: Նա կանգնած է տեղում, սակայն տպավորություն է, որ ակնթարթ անց նա առաջ քայլ կանի: Մեր առջև վախից զուրկ հպարտ, ուժեղ և զուսպ մարդ է՝ մարտիկի և քաղաքացու իսկական մարմնացում: Նրա հայացքը անթափանց է, սակայն դա անտարբերություն չէ, այլ ոգու պարզություն և կրքերը տիչապետելու ունակություն: 
Թանգարաններում պահպանվող Պոլիկլետի և Միրոնի քանդակները, ցավոք սրտի, միայն մարմարյա կրկնօրինակներ են, որոնք արվել են հնում, որպես հայտնի քանդակներ: Վերոհիշյալ երկու քանդակագործներն էլ իրենց օրիգինալ աշխատանքները կատարել են բրոնզից, որոնք հալեցվել են Հին Հունաստանը ավերած պատերազմների ժամանակ: 
«Աթենքը գերազանցում է աշխարհի բոլոր քաղաքներին»,- գրել է հին հունական մտածող Դիկեարխը: Ինչ խոսք, դրանում կա ճշմարտության մեծ բաժին: Քսանհինգ դար առաջ, Ատտիկայի դաշտավայրերից մեկում, ծովից հինգ կիոմետր հեռավորության վրա, ծաղկում էր ապրում Հին Հունաստանի ամենագեղեցիկ քաղաքը: 
Աթենքը՝ մ.թ.ա. 5-րդ դարում... 
Նեղ փողոցներով աղմկոտ հարավային քաղաք՝ միհարկանի տներով, որոնք ձանձրալի լինելու աստիճան միանման էին և այնքան նման մեկը մյուսին, ասես երկվորյակներ լինեին: Հույները տունը ճարտարապետության ստեղծագործություն չէին համարում, թերևս նաև այն պատճառով, որ հույները իրենց օրվա մեծ մասը անց էին կացնում դրսում: Խոսքը, իհարկե, վերաբերում է միայն տղամարդկանց, այն էլ՝ ազատ, կանայք, երեխաները և ստրուկները, որոնք Աթենքում բազմահազար էին, ամբողջ ժամանակ գտնվել են տանը: 
Դրա փոխարեն, քաղաքի հրապարակները հարուստ և գեղանկարչական տեսք ունեին: Ագորա կոչվող հրապարակում էր լինում մարդկանց մեծամասնությունը, որը հանդիսանում էր իր տեսակի մեջ հասարակական կենտրոն: Հրապարակը շրջապատված է բազմաթիվ շինություններով, որոնք ունեին ստվերոտ սյունաշար պորտիկներ: Դրանցից մեկում ժողովրդի որոշմամբ դատեր էին կատարվում, մյուսի ստվերում, որը ներկված էր կապույտ և կարմիր գույներով, հանդիպում էին աթենացիները՝ օրատորներին լսելու համար: Երրորդի ստվերում, որի պատերին գրված էին Աթենքի օրենքները, հավաքվում էին փիլիսոփաները: Կառավարիչները զրուցելով շրջում էին հրապարակի անհամար արձանների մեջ: Աստվածների և հերոսների արձաններն այնքան շատ էին, որ երբեմն դրանց արանքով անցնելն անհնար էր: 
   
Այստեղ, Ագորայում էին նստում ընտրյալները, այստեղ աղոթում էին աստվածներին, պահվում էին պետական փասթաթղթերը, այստեղ էին տեղացիները  կազմակերպում իրենց առևտուրը օտարերկրացիների հետ: 
Հույները հաճախ էին պատերազմում, և եթե թշնամին մոտենում էր քաղաքի դարպասներին, բնակիչները ապավինում էին Ակրոպոլի քարե պարիսպներին: 
Մ.թ.ա. 5-րդ դարասկզբին Աթենքը կառավարում էին հունական քաղաք-պետությունները, որոնք պայքարում էին պարսկական իշխանության դեմ: Ե՛վ ցամաքում, և՛ ծովի վրա թշնամին պարտվում է, սակայն, պատերազմի ընթացքումպարսիկները հասցնում են ավերել Հունաստանի շատ քաղաքներ, այդ թվում նաև Աթենքը: Երբ բնակիչները դուրս եկան Ակրոպոլի պաշտպանական բերդապարիսպներից, ծաղկուն քաղաքի փոխարեն նրանց սպասում էր մռայլ և ավերված քաղաքը: Արձաններին ու ռելիեֆ քանդակները վերածվել էին քարակույտերի, անհրաժեշտ էր վերականգնել տները, կանգնեցնել նոր ապաստարաններ, ամրոցներ: Հենց այդ ժամանակ աթենացիները երդվեցին, որ իրենց նոր Ակրոպոլը կնսեմացնի իրենով այն ամենը, ինչը երբևէ եղել է Հելլադայի երկնքի ներքո: 
Իրենց հիասքանչ շինությունների կառուցման համար հույները հորինել են կառույցի մասերի դասավորվածության հատուկ համակարգ, որը ընդունված է կոչել ճարտարապետական օրդերային համակարգ: Հունական օրդերի հիմքը սյունն է, որն ունի ուղղահայաց փորագրված ակոսներ և կապիտել՝ օրդերի վերին մասը: Այն հատվածը, որը գտնվում է սյունի ստորին մասում, կոչվում է «անտաբլեմենտ»: անտաբլեմենտը կազմված էր երեք հատվածներից՝արխիտրավը, լայն, քանդակազարդ ժապավենը՝ ֆրիզ և կարնիզը, որը պաշտպանում էր շինությունը անձրևից: 
   

Եթե կտրելու լինեինք հունական տաճարի սյուները, ապա այն կունենար մեծ գլխով և կարճոտն թզուկի տեսք, իսկ եթե սյուներին տանք չափազանց փոքրիկ անտաբլեմենտ, ապա շենքը կնմանվի երկար վզով և փոքրիկ գլխով հսկայի: Հունական օրդերը կարելի է համեմատել լավ զարգացած մարդու հետ. նրանում ամեն ինչ համաչափ ու ներդաշնակ է: 
Մոտենալով Պրոպիլեյին, ակամա ուշադրություն են գրավում աջ ու ձախ կողմերում գտնվող տարբեր մեծության շինությունները: Ձախից մարմարե մեծածավալ պավիլիոն է՝ հաստ պատերով:Դա Պինակոտեկան է, առաջին նկարչական թանգարանը: Այստեղ, յասամանագույն էլեվսինյան մարմարի վրա նկարիչները պատկերել են Տրոյական պատերազմի էպիզոդներ: Նրանց խիստ և սառը նկարչության մեջ կիրառվել է չորս գույն՝ սև, սպիտակ, դարչնագույն և դեղին: Այն ժամանակ նկարիչները դեռ պատկերացում չունեին հեռանկարի մասին և դրա հետևանքով նկարը քանդաային ռելիեֆ է հիշեցնում: Էպիկական հերոսների քաջագործությունները պիտի օրինակ ծառայեին Աթենքի քաղաքացիների համար, և նրանց երեխաներին հիշեցնեին իրենց հայրերի կատարած սխրանքների մասին,որոնք հաղթեցին պարսիկներին: Հունական նկարիչների աշխատանքները չեն պահպանվել, սակայն, դատելով ոսկորի վրա արված կրկնօրինակներից, որոնք հասել են մեզ, դրանք փաթոսով, իմաստուն բարեգթությամբ, արդարության ոգով ու մարդկանց նկատմամբ սիրով լի ստեղծագործություններ էին: 
Պրոպիլեյի աջ թևը ավելի կարճ է քան ձախը: Դրա դիմաց Ակրոպոլի ամենափոքրիկ կառույցն է՝ Նիկիի տաճարը: Սա փխրուն, մարմարե խաղալիքի նմանվող կառույց է, որն ասես ժպտում է ու ստիպում ժպտալ դիտողին: Ակտիվ, անհանգիստ և տաքարյուն հունական աստվածները ճիշտ և ճիշտ նման էին հույներին: Ճիշտ է, նրանք հասակով ավելի բարձր էին, կարողանում էին փոխակերպվել կենդանիների և բույսերի, թռչում էին և երբեք չէին մահանում, սակայն, մնացած ամեն հարցում իրենց պահում էին ճիշտ այնպես, ինչպես հասարակ մահկանացուները՝ ամուսնանում էին, պատժում էին իրենց երեխաներին, խաբում էին միմյանց: 
Հաղթանակի աստվածուհի Նիկին, պատկերվում էր մեծ թևերով շքեղ կնոջ նմանությամբ. հաղթանակը անդադար է և թռչում է մի հակառակորդից մյուսի մոտ: Աթենացիները աստվածուհուն անթև էին պատկերում՝ նրանք դրանով ուզում էին ասել, որ գալով Հւնաստան, հաղթանակը այլևս երբեք ոչ մի տեղ չի գնալու, որ նա Ակրոպոլիսում մնալու է հավերժ:Փոքրիկ ու գողտրիկ տաճարը, ասես շեշտում է, որ Հաղթանակը դարձել է Աթենքի «տան» աստվածուհին: Եվ իսկապես, նա այստեղ իրեն այնքան խաղաղ և հարմարավետ է զգում, որ անգամ գլխից հանել է իր ավանդական ատրիբուտ-գլխարկը: Նիկիի տաճարը կանգնած է ժայռի վրա և յուրօրինակ փարոսի դեր է կատարում Պրոպելեյի համար: 
   Նիկի Ապտերոսի տաճարը
Աթենքի հովանավորը, պաշտպանն ու պահապանն է համարվում Աֆինա աստվածուհին, ում պատվին ստեղծված բրոնզե արձանը, որի ոտքերի մոտ իմաստության խորհուրդը արտահայտող պիթոնն է, հագին՝ զրահ: Պատերազմի աստվածուհին հզոր է և միևնույն ժամանակ խաղաղ և հիասքանչ, նրա զենքը ոչ ոքի չի սպառնում, չի ահաբեկում: Բացի բրոնզեարձանից, Աֆինա աստվածուհու պատվին է կանգնեցվել Ակրոպոլի գլխավոր տաճարը՝ Պարթենոնը: 
Մարդկությունը սովոր է, որ շինությունը ունենա ֆասադ, սակայն, հույները իրենց տաճարներն այնպեսէին կառուցում, որ դրանք սքանչելի լինեն բոլոր կեղմերից: պատմությունը մեզ է տալիս Պարթենոնի երկու կառուցող ճարտարապետների անունները՝ Իկտին և Կալլիկրատ: Սակայն պետք է ասել, որ ինչպես Պարթենոնը, այնպես էլ ողջ Ակրոպոլը պարտական են քանդակագործ Ֆիդիասին, ով տասնութ տարիների ընթացքում եղել է քաղաքի ճարտարապետության ղեկավարը: Հենց նա էր օգնում աշակերտներին քանդակել հավանաբար հենց իր մտահղացած ֆիգուրները Պարթենոնի տաճարի վրա: Մուտքը տաճար գտնվում է Պրոպիլեյի հակառակ կողմում. ճարտարապետները դա հատուկ են արել, որպեսզի այցելուն տաճարի շուրջբոլորը պտտվելու և մուտքին հասնելու արդեն համակված լինի կհանդիսավոր և զուսպ տրամադրությամբ: Տաճարի բոլոր աստիճանները փոքր ինչ ուռուցիկ են, կարնիզները թեթևակի խաչաձևված իսկ պատերը՝ քիչ խոնարհված: Ամեն ինչ հիմնված է մանրամասն նյուանսների, օպտիկայի կանոնների նուրբ պատկերացման և տեսողական ընկալման վրա: Հենց դրանում է Պարթենոնի տաճարի գծերի և ձևերի ներդաշնակության գաղտնիքը:

понедельник, 3 октября 2016 г.

ԱՐՄԵՆ ԼՈՌԵՆՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Անհատական ցուցահանդես (2016)




Ողջու՛յն սիրելի ընթերցող: Ձեզ հետ կիսվում եմ վերջին մշակութային լուրերով: ))

Օրերս Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Արմեն Հարությունյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նկարչի վերջին տարիների աշխատանքները՝ ստեղծված Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում, նրա ներշանքով, ազդեցությամբ և այդ բնության հանդեպ սիրով: Նկարելու տաղանդը Արմեն Լոռենցը ժառանգել է իր հայրիկից, ով ստեղծագործ, բազմատաղանդ և հարուստ ներաշխարհով մարդ է եղել: Լոռու բնաշխարհում անցկացրած մանկությունը ևս իր ազդեցությունն է ունեցել նրա՝ գեղեցիկը նկատելու, գնահատելու կարողության, և այն պատկերելու կամքի վրա: Ինչպես պատմեց ինքը՝ նկարիչ Արմեն Հարությունյանը, հայրը ինքնուս և շնորհալի նկարիչ է եղել, սակայն իրեն ոչինչ չի սովորեցրել, որ որդին բուհական կրթություն ստանալով, այսպես ասած՝ «Գիտությունով չալէ» )) Ինչպիսի՞ն է Արմեն Լոռենցի արվեստը. բնապատկերի մաքուր, լուսաթաթախ պատկերում, օդով հագեցած նրբերանգներ, շնչող պատկեր, ներդաշնակություն, երբեմն՝ եդեմական օդայնություն, թափանցիկ և թափանցող արվեստ.... Թերևս գեղեցիկի նրբազգացություն՝ միախառնված լավատեսության հետ: Այսպիսին է Արմեն Լոռենց Հարությունյանի վրձինն ու ներկապնակը՝ հարուստ, սիրաշաղախ, լուսավոր ու գունեղ: Նկարչի վրձնահարվածները երբեմն սահում են, երբեմն ասես դուրս թռչում կտավից, երբեմն փոթորկվում ալիքների ու ծփացող դաշտերի մեջ, մերթ ժպտում, մերթ թեթև՜ տարածվում կտավի վրա՝ լցնելով այն խաղաղ հանգստությամբ....
Ահա այս մեծ սիրով ու ջերմությամբ լի արվեստի աշխարհն է, որն ակնթարթորեն բացվում է մարդու առաջ, երբ ոտք է դնում ցուցասրահ:
Երբ զրուցում էի նկարչի հետ, նա ջերմությամբ պատմում էր ամեն մի աշխատանքի ստեղծման մասին, այն պայմանների ու տրամադրության մասին, որոնք նաև պատճառ են հանդիսացել այդ աշխատանքների արարաման համար:
Իր ստեղծագործությունների մասին Արմեն Լոռենցը խոսում է ծնողական ջերմությամբ, սիրով է լսում բոլոր կարծիքները և ակնկալում անկողմնակալ քննադատություն ))
Նկարչին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, անսահման ուժ ու կորով, սպասենք նրա նոր ցուցահանդեսին, որտեղ հուսով ենք տեսնել նոր շնչով, ոգով և նույն լույսով ողողված աշխարհ...

Պատկերասրահ
























воскресенье, 11 сентября 2016 г.

Էս ո՞նց ապրեցիք, տղանե՛ր….
















Էս ու՞ր գնացիք, տղանե՛ր,
Դուք աշխարհը պիտի շտկեիք,
Անիրավ ձեռքը պիտի կտրեիք,
Շա՜տ շուտ գնացիք, տղանե՛ր:


Էս ու՞ր գնացիք, տղանե՛ր,
Ձեր ծնունդը իզուր չէր, տղե՛րք,
Ու մահն էլ իմաստ ունեցավ,
Բայց զու՜ր գնացիք, տղանե՛ր:

Էս ո՞նց գնացիք, տղանե՛ր,
Որ սիրտը մեր մնաց ձեզ կարոտ,
Երբ աչքով անգամ չտեսած,
Հոգով միշտ ձեզ ենք հետևորդ:

Էս ո՜նց ապրեցիք, տղանե՛ր,
Որ հիմա մտքերս խառնակվել,
Ափերից ելել են, վարարել,
Քանդել են խաղաղը կարևեր:

Էս ո՞նց ապրեցիք, տղաներ,
Ձեր կյանքի կիսատին մատաղվել,
Իմը դատարկ եմ համարել,
Ու ձերն էմ ափսոսում- տնավե՜ր:

Էս ո՞նց զոհվեցիք, տղանե՛ր,
Որ ցավից միտքը չի զարթնում,
Տունն ավեր, հողմավար,
Անտեր ու դատարկ ենք մնում:

Էս ո՞նց գնացիք, տղանե՛ր,
Որ երգերը կիսատ են մնում,
Որ խոսքերը սառում են, կորում,
Կոկորդը խեղդվում է բնում,
Էս ո՞նց ապրեցիք, տղանե՛ր….

11.09.2016

ՄԱՍՐԵՆԻ

суббота, 30 апреля 2016 г.

Կուռմադդմիկների աշխարհում

Բացառիկը գեղեցիկի ու աներևակայելի երևակայության սահմաններում, որը անսահման ջերմություն է ճառագում, դժվար է հանդիպել սառած ու քարացած, հաճախ ինքատիպությունից զրկված մեր օրերում: Մարդիկ սովորել են հոսքին, իսկ այ հոսքից դուրս գալ, ու անել մի բան, որը կհմայի, կկայանա, կջերմացնի՝ իսկապես բարդ է: Դե իհարկե չենք կարող չասել մի շատ կարևոր բան՝ դրա համար շատ կարևոր է մարդու ներաշխարհի և մտքի ներդաշնակ ու հարուստ գունավորումը:
Մի հեքիաթ կա՝ «Ալիսան հրաշքների աշխարհում»: Իհարկե, հիմա դրա մասին չեմ խոսելու, բայց մի հեքիաթ էլ մեր օրերում է հյուսվում՝ «Նազ-աղջիկը կուռմադդմիկների աշխարհում»: )))
Հերիքնազ Խաչիկյան -  Ա՛յ հայուհու այս տեսակի համար, մարդու խելք է գնում: ))) Բարի, համեստ, ջերմ, սիրառատ, հայրենասեր,  ստեղծագործ, բացառիկ մաքրության, բյուրեղյա հոգով աղջիկ, ով կարողանում է ամենասովորական կուռմադդմիկներին կյանք ու կենսագրություն պարգևել, ստեղծել նրանցից յուրաքանչյուրի աշխարհը, որը նաև դիտողին է փոխանցվում, ակամա ներթափանցում ես մի ոլորտ, որ քեզ ծանոթ չէր մինչ այդ: Ինչ որ ուրիշ լույս ու էներգիա է լցվում սիրտդ: Այս զգացողության համար պետք է ուղղակի մի քիչ շրջել այդ դդմիկների աշխարհով, որ Հերիքնազն է ստեղծել:
Գեղեցիկ, պարզ, յուրահատուկ, ջերմացնող, լավատեսական, իմաստակիր, գաղափարային, նուրբ, հետաքրքիր, ահա այսպիսին են Նազի աշխատանքները, այսպիսին է նրա աշխարհը, ստեղծագործական մոտեցումն ու ներաշխարհը:
Ապրիլի 26-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ներսում տեղի ունեցավ Հերիքնազի առաջին անհատական ցուցահանդեսը, որը իսկապես աչքի ընկավ իր յուրօրինակությամբ և լույսով: Բոլորը՝ դասախոս թե ուսանող, սիրով էին գալիս դիտելու այս աշխատանքները: Ստեղծագործողի այս աղջնակի ավյունը ու սերը այնքան մեծ էր, որ ակամ էլի ու էլի կանչում էր հմայվելու, մի քիչ ջերմանալու դդմիկներում կուտակված, ամբարված բարությամբ:
Մեզ մնում է միայն ցանկանալ, որ երբեք այս եռանդն ու տեսակը Նազի մեջ չմարեն, որ չփոխվի նրա լավատես ու լուսավոր հոգին, որ նրա աշխատանքները միշտ լինեն լույսի ու սիրո պատգամաբեր:


ՏՈՀՄԱԾԱՌ

пятница, 1 апреля 2016 г.

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃԱՆԿԱՐՈՒՄ


Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, աշխարհի բոլոր երկրներն ունեցել են իրենց խորհրդանիշ քաղաքները, դեպի որոնց ուղղված են եղել մարդկանց հայացքները ու հոգին: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ամն մի քաղաքում կա մի փողոց, մի վայր, որը առավելապես սիրելի է դառնում քաղաքի բնակիչների կամ ժողովրդի համար ընդհանրապես: Դա նման է մոտավորապես «տանը սիրելի անկյուն» ունենալուն: Եվ ահա, Երևանն էլ, լինելով Հայաստանի Մայր քաղաքը, ունենալով հազարամյակների պատմություն, դեռ ոչ վաղ անցյալում շնչում էր միայն իրեն հատուկ կոլորիտով: Ահա այս կոլորիտի անբաժան մասն է կազմում ներկայիս Աբովյան փողոցը: 
Երևանյան, դեռևս կենդանի և գունեղ կոլորիտային խճանկարի մի մասն էին կազմում այստեղ ապրող մարդիկ: Միջին և ավելի տարեց երևանցիները հիշում են, թե ինչպես ամեն օր Աբովյանով վեր ու վար էր անում ծաղկավաճառ ծերունի Կարաբալա, ով ավելի շատ նվիրում, քան՝ վաճառում էր իր ծաղիկները, ջուր ծախող տղան, որոնց նվիրված գողտրիկ երգերը թերևս բոլորը գոնե մեկ, անգամ լսել են:

 Ահա այս երկուսը, իրենցից անկախ, դարձան երևանյան ամենավառ, գունեղ, ցայտուն, հիշվող ու սիրելի կերպարները և նրանց նվիրված արձանները այսօր զարդարում են քաղաքի փողոցներն ու շունչ տալիս նրան՝ հիշեցնելով երբեմնի ջերմ ու նվիրական օրերի ու դեպքերի մասին: Երևանում, Աբովյան փողոցը սիրելի էր ո՛չ միայն նախորդ դարում, այլև՝ մեր օրերում: Թեև այն ժամանակներից մինչ օրս, Երևանն էլ, Աբովյան փողոցն էլ, շատ են փոխվել… 1906թ-ից սկսած, տասնմեկ տարի ի վեր այստեղով էր անցնում ձիաքարշը (կոնկան), որի ճանապարհը ձգվում էր «Ղանթարի տակից» ինչ «Պլանի գլուխ» (ներկայումս՝ Աբովյան պուրակ): Ձիաքարշը հանելուց հետո, երբ այստեղ դադարեց երթևեկությունը, դրա հետ մեկտեղ՝ աղմուկը, փողոցը դարձավ քաղաքի ամենախաղաղ և միաժամանակ ամենակենդանի, աշխույժ հատվածը: Երեկոյան ժամերին սա երևանցիների ամենասիրելի զբոսավայրն էր:
Այս կերպ, Աբովյան փողոցը դարձավ անակնկալ և լրիվ հնարավոր հանդիպումների փողոց, այստեղ երեկոյան ժամերին կարելի էր հանդիպել ընկերներին, ծանոթներին, մշակութային գործիչների՝ գրողների, նկարիչների, դերասանների: Աբովյան փողոցի եռուն, կոլորիտային մթնոլորտի մասին, իրենց հիշողություններում գրում են բազմաթիվ հայ արվեստագետներ, որոնք հատկապես այդ հանդիպումների, զրույցների, քննարկումների և վեճերի ակնկալիքով էին երեկոներն անցկացնում քաղաքի հենց այս հատվածում: Սա նույնացվում է «գյուղամեջ» հասկացության հետ:
Անհնար է լիովին պատկերացնել, թե որքա՜ն թանկ էին ժամանակի մեծություններին հանդիպելու պահերը, թե որքա՜ն հիշողություններ են պահվում փողոցի վրա գտնվող պուրակներոմ, այգիներում, շենքերի պատերի տակ ու մայթերին: սակայն, չենք կարող չգիտակցել, որ մի տևական շրջան, Աբովյան փողոցը նման է եղել մեծ մշակութային բեմահարթակի:
 Պատմում են, որ Իսահակյանը, ամեն երեկո, «Պապլավոկի այգուց» քայլելով գալիս էր՝ միանալու Աբովյան փողոցի կենդանի, աշխույժ եռուզեռին և իր ներկայությամբ այն առավել աշխուժացնելու: Վարպետին բոլորն էին ճանաչում, և իհարկե, թեթև, ամոթխած բարևելու, և կամ թե՝ ավելի համարձակ զրույցի բռնվելու ցանկությամբ մոտեցողները անպակաս էին: Դե իհարկե, այս վերաբերմունքը ո՛չ միայն Իսահակյանի հանդեպ էր դրսևորվում: Ժողովուրդը ճանաչում և գնահատում էր իր կողքին ապրող մեծություններին: Արդեն 1933 թ. Հունվարի 12-ից, Աբովյան փողոցով անցավ Երևանի առաջին տրամվայը:

Սակայն, անդրադարձ կատարենք փողոցի ընդհանուր նախագծմանը: Վերից-վար, շենքերի և մայթերի ընդհանուր կոմպոզիցիան աչքի է ընկնում ներքին կապով և ներդաշնակությամբ: Ոչ մի ավելորդություն, և միևնույն ժամանակ ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ կա: Կողք-կողքի հարևանած շենքերը կանգնած են առանձին՝ միաժամանակ հարևանցի կերպով լրացնելով միմյանց: Սա իհարկե, նախորդ դարում, այսօր ցավոք այս պատկերը փոխվել է: Ներկայումս Աբովյան փողոցի ոգին կամ կերպարը բավական կոտրված և աղճատված է փողոցի «շենք ու շնորհքի» հետ չներդաշնակվող նորակառույց, մեծ ու փոքր կառուցումներով: Սակայն, իր գոյության լավագույն ժամանակներում, Աբովյան փողոցը հստակ գծագրված, նրբաճաշակ, աչք շոյող, ակամ կրթող նշանակալի մի վայր էր: Ինչու՞ կրթող, որովհետև այստեղ գտնվող և առհասարակ, Երևանյան հին կառույցների (բնակելի թե հասարակական) ճարտարապետական ձևերը, ճակատների քանդակազարդերը, լուսամուտները պսակող կամարներն ու բազմաբնույթ հետաքրքիր լուծումների միջոցով շենքերը հարստացնող գեղարվեստական հարդարանքը մարդու, քաղաքացու մեջ ճաշակ էին ձևավորում, մարդը գեղեցիկը տեսնելով սկսում էի սիրել և այժևորել այն քաղաքն ու շենքը, որտեղ ապրում էր: Կոկիկ, ջերմ ու գեղեցիկ միջավայրն ու մթնոլորտը, որ տիրում էր այստեղ, դրական էր ազդում մարդու ներաշխարհի ր արժեհամակարգի վրա: Սա ամենքս մեր իսկ անձնական փորձով կարող ենք փաստել: Ինչևէ, Աբովյան փողոցի գեղարվեստական, ճարտարապետական, միջավայրային և մշակութային նշանակությունը հայ իրականության մեջ անհերքելի է, անհնար է դա չզգալ, չնկատել, չխոսել դրա աժեքների ու հարազատության մասին:
Լինելով ագային ակունքների շարունակություն, իր կերպարով Աբովյան փողոցը սիրելի էր և իհարկե, ընկալելի հայ մարդու սրտի համար: Անգամ ժամանակակից ճարտարապետական ձևերի կամ լուծումների կիրառությունը հարմարեցված, սերտաճեցրած է ազգայինին, որպեսզի այն հնարավորինս ժողովրդի կողմից սեփականվելու հնարավորությունն ունենար: Մինչ օրս, ամեն մի պահպանված շենք, կառույց, կամ անգամ բեկոր, սիրելի է հարազատի պես բոլոր երևանցիների համար…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ