вторник, 2 июня 2015 г.

ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ

         
 «Նաիվ արվեստ» հասկացությունը գործածվում է տարբեր իմաստներով և գրեթե նույնացվում է «պարզունակ արվեստ» հասկացության հետ: Տարբեր լեզուներով և տարբեր գիտնականների կողմից այս հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում է գեղարվեստական մշակույթի երևույթների նույն շրջանակին  անդրադառնալու համար: Հայերենում, ռուսերենում և մի քանի այլ լեզուներում, «պարզունակ» բառն ունի որոշակի բացասական իմաստ: Դա է պատճառը, որ խելամիտ կլինի կանգ առնել «Նաիվ արվեստ» տերմինի վրա: Լայն իմաստով, կերպարվեստը բնութագրվում է պարզությամբ, հստակությամբ և պատկերման արտահայտչականությամբ և ձևական անմիջականությամբ, որի օգնությամբ արտահայտվում է աշխարհի՝ քաղաքակրթությամբ չծանրաբեռնված տեսլականը: Հասկացությունը ի հայտ է եկել  նորեվրոպական վերջին հարյուրամյակների մշակույթում, դրա համար արտահայտում է հենց այդ մշակույթի պրոֆեսիոնալ դիրքորոշումները, որն իրեն համարում է զարգացման բարձրագույն աստիճան: Հենց այդ դիրքորոշումներից էլ «նաիվ արվեստը» ընկալվում է նաև որպես հնագույն ժողովուրդների արխայիկ արվեստ (նախաեգիպտական, կամ նախահունական քաղքակրթւթյունների արվեստը): Օրինակ, պարզունակ արվեստը ժողովուրդների արվեստն է, որոնք հետ են մնացել իրենց մշակութային, քաղաքակրթական զարգացման ճանապարհին, (Աֆրիկայի բնիկները, Օկեանիայի ժողովորդները, Ամերիկայի հնդկացիները) այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ արվեստ է՝ ամենալայն մասշտաբներով (օրինակ՝ Կատալոնիայի հայտնի միջնադարյան ֆրեսկաները, կամ Եվրոպայից Ամերիկա տեղափոխված առաջին վերաբնակները), այսպես կոչված «համաշխարհային գոթիկայի» շատ ստեղծագործություններ, ֆոլկլորային արվեստը, և վերջապես, 20-րդ դարի տաղանդավոր, պրիմիտիվիստ նկարիչների ստեղծագործությունները, որոնք, սակայն, պրոֆեսիոնալ նկարչական կրթություն չէին ստացել, բայց իրենց մեջ զգում էին նկարչական տաղանդի շնորհ, որը ինքնուրույն կերպով դրեցին արվեստում ռեալիզացնելու ուղու վրա: Նրանցից ոմանք, (Ֆրանսիացիներ Ա. Ռուսոն, Կ. Բոմբուան, վրացի Ն. Պիրոսմանիշվիլին, խորվաթ Ի. Գեներալիչը, ամերիկուհի Ա. Մ. Ռոբերտսոնը և այլոք), ստեղծեցին իրական գեղարվեստական գլուխգործոցներ, որոնք մտան համաշխարհային արվեստի գանձարան: «Նաիվ արվեստը», աշխարհը տեսնելու և այն պատկերելու ձևով մոտենում է մի կողմից՝ մանկական, մյուս կողմից՝ հոգեկան հիվանդների արվետին: Սակայն, իր էությամբ տարբերվում է թե՛ մեկից, և թե՛ մյուսից: Ավելի շուտ, իր աշխարհընկալման տեսանկյունից, նաիվ արվեստը մոտ է Աֆրիկայի և Օկեանիայի ժողովոևրդների արվեստին: Մանկական արվեստից վերջինիս սկզբունքային տարբերությունը կայանում է խորը  ավանդապահության և կանոնականության մեջ:
Մանկական պարզությունն ու աշխարհընկալման անմիջականությունը ասես սառել են արվեստում, իսկ «նաիվ արվեստում» գեղարվեստական լեզվի արտահայտիչ ֆորմաները և էլեմենտները լի են սիմվոլիկ, մոգական նշանակությամբ և կրոնական սիմվոլիկայով, որն ունի իռացիոնալ իմաստների բավականին կայուն դաշտ: Մանկական արվեստում դրանք շատ շարժուն են և չեն կրում կրոնական իմաստների ծանրաբեռնվածություն: Որպես կանոն, «նաիվ արվեստը» լավատեսական է, կենսունակ, բազմապլան և բազմազան, ունի գեղագիտական նշանակություն: Ի տարբերություն նրա, հոգեկան հիվանդների արվեստը հաճախ մոտ լինելով ֆորմաներով, բնութագրվում է նույն մոտիվների հիվանդագին մոլուցքով, հոռետեսությամբ, դեպրեսիվ տրամադրվածությամբ, գեղարվեստականության ոչ բարձր աստիճանով:«Նաիվ արվեստի» ստեղծագործությունները ծայրահեղ տարբեր են ինդիվիդուալ ոճավորմամբ և ֆորմաներով, սակայն, դրանցից շատերի համար բնութագրական են գծային հեռանկարի բացակայությունը (շատ պրիմիտիվիստներ, փորձում են խորությունը հաղորդել ֆիգուրների տարբեր չափերի միջոցով, գույների, զանգվածների, ֆորմաների հատուկ կազմակերպմամբ), լոկալ գույների ակտիվ օգտագործումը, հարթայնությունը, պարզեցված ռիթմիկան և սիմմետրիկությունը, ֆորմաների ընդհանրացումը, այս կամ այն ձևախախտումների միջոցով առարկայի ֆունկցիոնալությունը շեշտելը, կոնտուրին անհրաժեշտ չափից ավելի կարևորություն տալը, տեխնիկական նարքների պարզությունը: Դասական և ժամանակակից պրոֆեսիոնալ նկարչությանը ծանոթ պրիմիտիվիստ նկարիչների մոտ 20-րդ դարում հաճախ ծնվում են հետաքրքիր և օրիգինալ լուծումներ: Հաճախ, այս ոճի նկարիչները, իրենց ստեղծագործության համար սյուժեներ ընտրում են իրենց շրջապատող իրականությունից, ֆոլկլորից, բանահյուսական, դիցաբանական, կրոնական թեմաներից  կամ սեփական երևակայությունից: Նրաց մոտ ավելի հեշտ, քան պրոֆեսիոնալ նկարիչների մոտ, ստացվում է ինքնաբուխ, ինտուիտիվ, չբարդեցավծ սոցիալ-մշակութային կանոններով և արգելքներով ստեղծագործել: ինչի արդյունքում ծնվում են բացառիկ, զարմանալի մաքուր, պոետիկ և վեհ գեղարվեստական աշխարհներ որոնցում տիրում է մարդու և բնությամ միջև գոյություն ունեցող իդեալական, պարզ ներդաշնակությունը: Հենց այս որակներն էին, որ 20-րդ դարի շատ վարպետների ուշադրությունը սևեռեցին «նաիվ արվեստի» վրա, սկսած վաղ ավանգարդիստներից, վերջացրած կոնցեպտուալիստներով և պոստմոդեռնիստ-ներով: Պրիմիտիվիստների գեղարվեստական լեզվի այս կամ այ հնարքներն իրենց արվեստում կիրառել են 20-րդ դարի այնպիսի ճանաչված ստեղծագործողներ, ինչպիսիք են էքսպրեսիոնիստներ Պ. Կլեեն, Մ. Շագալը, Պ. Պիկասսոն և այլք:«Նաիվ արվեստի» շատ ներկայացուցիչներ ձգտում են  տեսնել գեղարվեստական արվեստը քաղաքակրթության փակուղիներից դուրս բերելու ուղիները:Ռուսաստանում պրիմիտիվիզմը առավել վառ կերպով ներկայանում է  Ն. Ս. Գոնչարովի, Մ. Ֆ. Լարիոնովի, Կ. Ս. Մալեվիչի անուններուվ, «Бубновый валет», «Ослиный хвост» և «Голубая роза» նկարիչների խմբերի միջոցով: Նեոպրիմիտիվիստների համար, որպես ներշնչանքի աղբյուր, հանդես է գալիս Արևելքի արվեստը, ինչպես նաև մանկական արվեստը, ժողովրդական խաղալիքները, պրիմիտիվ արվեստների մշակույթը:



















Անրի Ռուսսո «Դիմակահանդեսային երեկո» 1886թ.

ԿԱՌՆԱՎԱԼԻԶՄ

Կառնավալիզմ (իտալ. Carnavale` carna`միս և vale`հրաժեշտ, մնաք բարով ):
Կառնավալիզմը 1970-1980-ական թթ. Ռուս արվեստում գոյություն ունեցող ուղղություններից մեկն է: Գեղանկարչության այս ուղղությունը գոյություն է ունեցել հիմնականում ընդհատակյա ձևով, սակայն եղել են նաև բացառություններ: Կառնավալիզմի համար՝ ինչպես ընդհատակյա նույնպես և 
պաշտոնական ցուցահանդեսների արտոնված, բնութագրական են սյուռրեալիստականությունը, պարադոքսայնությունը, անտրամաբանականությունը և սոցռեալիզմի հանդեպ ծաղրալի վերաբերմունքը: Այն ուղղված էր սոցիալիստական ռեալիզմը ծաղրելուն: Այս ուղղության ամենակայացած հոսանքներից էին սյուրռեալիզմը և ծաղրանկարը: Անունը ստացել այն պատճառով, որ բոլոր նկարները ներծծված էին դիմակահանդեսի տրամադրությամբ, դժբախտության և վշտի  վրա պարերով: Կառնավալիզմը տարածում է գտել ո՛չ միայն Ռուսաստանում, այլև որոշ եվրոպական երկրներում, որոնք նախկինում սոցիաիստական ճամբարի մեջ են եղել: Գեղարվեստական այս ոճի օրինակ կարող են հանդիսանալ Վ. Վ. Կալինինի, Տ. Նազարենկոյի և Ն. Ի. Նեստերովի աշխատանքները: Այս ոճի ռուս նկարիչներից կարելի է առանձնացնել Իվան Եֆիմովիչ Սլավինսկուն:

 







Իվան Սլավինսկի «Էյնշտեյնի երեխաները», 2012թ.

суббота, 18 апреля 2015 г.

Մեր օրերում հաճախակի են միջազգային կամ առհասարակ, տեղական միջոցառումները, մասնավորապես փառատոնները, մրցույթները, մրցույթ-փառատոնները և այլն: Մենք հայերս, լինելով տաղանդավոր, հաճախ մեր մասնակցությունն ենք բերում միջազգային տարբեր բնույթի միջացառումներին, մրցույթներին, ակտիվորեն հաղորդակցվելով ժամանակակից աշխարհի մշակութային անցուդարձին: Նման դեպքերում հաղթանակները հաճախ են վեր  բարձրացնում ինչպես մեր երկրի դրոշը, նույնպես և մեր ազգի պատիվը աշխարհում: Իհարկե նման երևույթները անչափ կարևոր են մեզ համար: Ցանկացած հաղթանակ իր հետ բացում է ճանաչողության նոր էտապ: Ահա այդ հաղթանակներից մեկը վերջերս Հայաստան մտավ մրցույթներում բարձրագույն` Grand Prix մրցանակի տեսքով:
Անցնեմ բուն թեմային ))
2015թ. Մարտի  26- ապրիլի 5, Իտալիայում կայացած միջազգային  «21st  Century Art» փառատոնում Հայաստանը ներկայացրեց Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի, մեցցո-սոպրանո Արփինե Աղջոյանը, դասախոս` պրոֆեսոր Գայանե Գեղամյան: Ծրագրում ներառելով ինչպես եվրոպական, նույնպես և հայկական ստեղծագործություններ, Արփինեն, ըստ արժանվույն, ինչպես ասում են` պատվով ներկայացրեց մեր երկիրը միջազգային բեմում, որտեղ բարձր գնահատվեց և' նրա կատարողական արվեստը, և' բեմական կեցվածքը: Փառատոնի առաջին համերգային ելույթից հետո, ժյուրիի` արդեն հիացած ներկայացուցիչները շնորհավորական խոսքեր են հղում մեր մասնակցին:
Մի փոքրիկ զրույցը Արփինեի հետ ջերմ էր և տպավորիչ: Ակամա վարակվում ես հաղթանակի ոգևորությամբ, մի պահ այն քոնն ես դարձնում, մի պահ լցվում ես նույն բերկրանքով, ապրում՝ աննկարագրելի հպարտություն:












понедельник, 23 февраля 2015 г.

Արցախյան զրույց

Հետաքրքիր է, երբևէ փորձե՞լ եք տնտղել հին տպավորությունները: Մի տեսակ երջանկության նման բան է ստացվում: )) Թվում է՝ ժամանակի հետ խաղ ես անում, թվում է՝ ժամանակի գլխին խաղ ես խաղում )) Ա՛յ, օրինակ ես, ու օրինակ հիմա, նորից Արցախն եմ հիշել, էն տաք ու անուշ օրերը, որ շատ հեռու ու տարբեր են այսօրվանից: Էն տաք օրերը, որ արևից այրվելով ու մարդկանցից ջերմանալով, հիացմունքն աչքերումդ ու  ասես աշխարհը գրկած, ասես աշխարհը՝ քոնը, վայելում ես այն հրաշք գիտակցումը, որ Հայ ես, որ բախտդ բանել է ծնվելիս.... ))) Դե արի՜, ու մի հպարտացի, արի ու մի գոռա աշխարհի երեսին, մի գոռա սահմանից այն կողմ ապրողներին թե՝ ջիջի՜լ, ես հայի զավակ եմ, իսկ դուք՝.... Էհհ, իրենց դարդն իրենց, իսկ ես իմ 
երջանկությունն ունեմ, էն, որ դեռ երեկվա կրակոցի տակ մեծացած երեխան այսօր արդեն հող է պահում, իր գցած արմատով, իր սիրով, իր հայ լինելու ամուր ու կուռ գիտակցումով: Դե արի՜, ու մի խենթացի էն մտածումից, որ քոնն է այս ամենը՝ այս աննյութ հարստությունը, այս ծագումը.... Դե արի, ու թե կարող ես՝ մի՜ գժվի, երբ աչքերիդ առաջ Գանձասարն է վեր առնում իր հզոր թևերը երկնքի սիրտը մխրճած, վեհ, հպարտ. ո՞վ կարող է իրեն կտրել իր հողեղեն և երկնային արմատներից..... Դե արի, ու մի մանկացի չարաճճի ու կայծկլտացող այն մանկան աչքերին նայելիս, որ ֆոտոխցիկդ տեսնելով` կանգնում է թե՝ ինձ էլ նկարի՜՜.... ))) Դե արիի, ու մի կարոտի այդ գժուկին..... )))) Դե արի՜, ու դիմացի կարոտին այդ գժուկի.... Թե կարող ես՝ դիմացի՛ր նաև այն հպարտությանն ու ցավին, որ ապրում ես, երբ կանգնում ես նույն այդ՝ դեռ տաք ու արյունոտ հողին... Դե դիմացի՛.... Թե հայ ես՝ կդիմանաս..... Հետո կլինես բաց թանգարան Շուշիում, կքայլես նրա հին փողոցների խորհրդավորության մեջ, կլսես կրակոցները, ու այդ կրակոցների տակ հաստատ ականջիդ կհասնեն հարազատ արյան ու սրտերի զարկերը, որ երբևէ հնչել են.... Ակամա քո ներսում մի զրույց կծավալվի այդ հողն ազատած հայորդիների հետ, ակամա կմտաբերես ինչ-որ դրվագներ, որ լսել ես նրանց ընկերների պատմածներից, ու նորից ափսոսանքը կծվարի սրտումդ... Ի՜նչ տղերք ենք կորցրել..... Հետո ակամա աղոթքը քեզ կտանի Ղազանչեցոց եկեղեցու կամարների տակ առանձնանալու... Մի պահ կկորես արձագանքի գրկում, մի պահ կվերանաս.....  Հետո քայլերդ քեզ կտանեն Ջդրդուզ... Կկանգնես ձորի պռնկին, ու քեզանից անկախ մի թարմություն, վախի ու ազատության հետ կլցվի ներսդ, մի աներևակայելի հիացմունքից հայացքդ կկախվի ձորի մեջ, ու կհասկանաս, որ երկար նայելը վտանգավոր է.... Հետո կնստես մի քարի, ու երկար-երկա՜ր կզրուցես քո հետ.... Մի տեսակ կսկսես տնղել ներսդ, աշխարդ կմաքրես քաղաքակրթության փոշուց, ու կրկնակի լցված, բազմակի երջանիկ կվերադառնաս՝ ապրելու նոր ուժերով գոտեպնդված....
Դե արի՜ ու մի կարոտի էդ գժուկին.... ))))))



ՄԱՍՐԵՆԻ






















пятница, 5 декабря 2014 г.

ՈՒԻԼՅԱՄ ՀՈԳԱՐՏ (1697-1764թթ)


Ուիլյամ Հոգարտը անգլիական նկարիչ է, ազգային գեղանկարչական դպրոցի հիմնադիրներից և խոշոր ներկայացուցիչներից մեկը, ձևավորող, երգիծական գրավյուրաների հեղինակ, նոր՝ գեղանկարչական և գրաֆիկայի ժանրերի հիմնադիր: Լուսավորչական փիլիսոփաների ազդեցությունները կրած նկարիչը, իր շատ ստեղծագործություններ նվիրել է դաստիարակության խնդիրներին՝ գեղարվեստական ստեղծագործության միջոցով ցույց տալով մարդու բարոյական սկիզբն ու արատների արմատավորումը:
Հոգարտը երբևէ չի պատկանել չգնահատված և չընդունված նկարիչների շարքին: Նա, արդեն կենդանության օրոք, փառք է վաստակում, որից հետո, յուրաքանչյուր հաջորդող սերունդ, նրա մեջ գտնում էր իր Հոգարտին: 18-19-րդ դդ Հոգարտին համարում էին ամենախոշոր սատիրիկ: Եվ չնայած նրան, որ նրա ստեղծագործությունների մեջ մեծ տեղ էին գրավում յուղաներկով արված նկարները, ժամանակակիցները նրան առավել գնահատում էին գրավյուրայով, որոնցում նկարիչը կերտում է ժամանակակից իրականության մանրամասն բնութագիրը: Հոգարտի ստեղծագործությունները գնահատվում էին ժամանակի տեսանկյունից, դրանց մոտենում էին զուտ գրական չափանիշներից ելնելով: Հոգարտը անմիջական ազդեցություն է թողնում անգամ անգլիական  վեպի վրա՝ Ֆիլդինգից մինչև Դիկկենս: Սակայն, ժամանակակիցները Հոգարտի մեջ որպես այդիպիսին՝ նկարչի չէին տեսնում:
20-րդ դ. բոլոր ակցենտները խառնվում են: Հոգարտը մեզ համար ո՛չ միայն հիանալի պատմող է. այլև՝ 18-րդ դարի խոշորագույն կոլորիտիստներից մեկը: Արտաքնապես շատ նոր բան կա նրա ազատ, գեղանկարի պայմաններից բոլորովին անկախ ստեղծագործության մեջ, որը անխոս առաջ է գնում իր դարաշրջանից: Հոգարտի նկարներն արված են փափուկ, հաստ վրձնահարվածներով, որը նրա համար արտահայտիչ ֆորմաների ստեղծման միջոց էր: Կոմպոզիցիաները լի են շարժումով, այդ շարժման թեթև ռիթմը հաճախ ստեղծվում է սահուն գծով, որը, իր՝՝ 1753թ. «Գեղեցիկի վերլուծություն»  աշխատության մեջ նկարիչն անվանում է «գեղեցկության և հմայքի գիծ»:
Հոգարտը, ոչ առանց հիմքի, իրեն ինքնուս էր համարում: Չնայած նա ուսանել էր գրավյուրայի վարպետ Գեմբլի մոտ, այնուամենայնիվ, նրա համար կարևորը իր իսկ կողմից տարվող պարապմունքներն էին՝ տեսողական հիշողության զարգացմանը ուղղված: Նա ուշադիր դիտող էր, փողոցում սովորաբար ճեպանկարներ էր անում, արագ նկարում էր իրեն հետաքրքրող տեսարանները, հիշվող, աչքի ընկնող դեմքերը, որոնք հետագայում դառնում էին նրա ստեղծագործությունների հերոսները: Այս մեթոդը նրան առավելապես օգնում էր, երբ նա սկսում էր նկարների սերիա նկարել «ժամանակակից քարոզչական, բարոյագիտական սյուժեներով»: Ինքը՝ գաղափարը, միացնել մի քանի նկարներ մեկ ամբողջական, շարունակական ցիկլի մեջ, արդեն իսկ բացառիկ է: Այս սերիաներում Հոգարտը բարեհաջող կերպով օգտագործում էր ժամանակակից թատրոնի հնարքները: Պիեսի նման, յուրաքանչյուր սերիա ունի մանրամասն մտածված սյուժե, որում հիմնական գիծը միահյուսվում է բազմաթիվ երկրորդական գծերի հետ: Ցիկլի ֆաբուլան կազմված է առանձին ակտերից, որոնց միջոցով մենք նկարում տեսնում ենք հերոսների դրամատիկ բախումները և դեկորացիաների փոփոխությունները, իսկ կոմիկականը և լուրջը իրար կողք-կողքի են գտնվում: Հոգարտը կարողանում է այնքան արտահայտիչ կերպով փոխանցել կերպարների միմիկան և ժեստերը, որ նրանք կենդանի և խոսուն են թվում: Ոչ ոք դրա միասին ավելի լավ չի խոսել, քան ինքը՝ նկարիչը. «Ես ջանացել եմ իմ սյուժեները այնպես ներկայացնել, ինչպես դրամատիկ գրողը. իմ նկարը դա իմ բեմն է, իսկ կանայք և տղամարդիկ՝ դերասանները, որոնք համապատասխան շարժումների միջոցով պետք է մնջախաղ ցույց տան»:
Արդեն առաջին սերիան՝ «Անբարոյականի կարիերան», որ նկարել է 1731-1732թթ., մեծ  աղմուկ առաջացրեց: Վեց տեսարաններում Հոգարտը պատկերում է Լոնդոն եկած երիտասարդ գյուղացի աղջկա կյանքի հիմնական էպիզոդները, ով բոլորովին պատրաստ չէր մեծ քաղաքի գայթակղություններին դիմադրելուն:
«Անբարոյականի կարիերան» սերիային հետևում է ութ նկարներից կազմված նոր շարք՝ «Վատնողի կարիերան»՝ 1736թ.: Հերոսը մեծ քաղաքի ներկայացուցիչ է, ում ողջ կյանքը ացնում է անվերջանալի վատնումների և զվարճությունների մեջ: Վայելքների համար նա կանգ չի առնում ոչնչի առաջ, հանգստությամբ վատնում է իր և այլոց փողերը, և իր կյանքի ավարտին հայտնվում է սկզբում՝ բանտում, ապա հոգեբուժարանում:

 Սերիաներում, Հոգարտի կողմից ստեղծված կերպարներն ու իրավիճակները՝ ժամանակակից քարոզչական սյուժեները նախատեսված էին ճանաչողության համար:  Հերոսները կերպավորված են այնքան կենդանի, որ ժամանակակիցները հավատում էին նրան, որ նրանք ունեին իրական նախատիպեր: Օրինակ «Անբարոյականի կարիերան» շարքում բոլորը միանգամից ճանաչում էին Լոնդոնում հայտնի այսպես կոչված՝ «Մայր Միդխեմին», ով 1731թ. դատապարտվել է  «անարգանքի սյան»: 
Իսկ կենսագրություններում և դարաշրջանի հուշագրություներում կան հիշատակումներ այն մասին, որ հեղինակը ինքն է ականատես եղել «Վատնողի կարիերան» շարքի «Տավերնայում» կտավի տեսարանին:

Ճանաչվել են ո՛չ միայն հերոսները, այլև այն վայրերը, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները: Հոգարտը, ով շատ լավ գիտեր Լոնդոնը, շատ իրադարձություններ պատկերում էր Լոնդոնյան փողոցների, հրապարակների և նրբանցքների ֆոնի վրա: Իսկ 1738թ. նկարիչը ստեղծում է չորս նկարներից բաղկացած նոր շարք՝ «Օրվա ժամերը», որում Լոնդոնի տեղագրությունը առավել ակտիվորեն մտցված է գործողության մեջ: Շարքում չկա ոչ մի միասնական սյուժե, այն կառուցված է կոնտրաստայյին տրամադրությունների վրա: Այսպիսով, «Գիշեր» նկարում , մեր առջև ծավալվում է տհաճ տեսարան՝ կեղտոտ փողոցում, որի բնակիչները անբարո կանայք և հանցագործներ են, իսկ տեղի ունեցող գործողությունների լուռ վկան Կառլ 1-ինի հեծյալ արձանն է, որ երևում է հեռվում՝ Չերինգ Կրոսսի հրապարակում:
Անվիճելիորեն, Հոգարտի ամենաճանաչված շարքը «Մոդայիկ ամուսնություն» շարքն է՝  նկարված 1743թ.: 


«Հարսանեկան պայմանագրի կնքում»
Սա շարքի առաջին կտավն է, որում նկարիչը ներկայացնում է ծնողների կողմից ամուսնական պայմանագրի կնքումը: Ինչպես տեսնում ենք, և՛ աղջիկը, և՛ տղան, միանգամայն անտարբեր են կատարվող գործողության հանդեպ՝ ամեն մեկն իր հերթին սիրահետում է մեկ ուրիշի հետ:
Սյուժեն ներկայացնում է հաշվարկով ամուսնության տեսարան, որում սնանկացած արիստոկրատը տղային ամուսնացնում է հարուստ առևտրականի աղջկա հետ: Գործողությունները տեղի են ունենում Վեստ-Էնդի շքեղ պալատների ներսում, արվեստի գործերի առատության միջավայրում, որոնք շատ բան կարող են պատմել տերերի կյանքի և ճաշակի մասին: Արդեն իսկ առաջին նկարում՝ «Ամուսնական պայմանագրի ստուրագրումը», մենք պատուհանից տեսնում ենք պալլադյան ոչով տունը, որը, ինչպես կարելի է կռահել, նպաստել էր փեսայի հոր վերջնական սնանկացմանը: «Առավոտը նորապսակների տանը» նկարում  ներկայացվում է մեծ սրահ, որի ձևավորման մեջ ցուցադրական շքեղության հարևանությամբ ճաշակի բացարձակ բացակայությունն է: Քարե դարակի վրա իրար կողք դրված են կեղծ հռոմեական կիսնդրին և չինական կախազարդերը: Անուամենայնիվ, մանրամասն ներկայացված իրերը չեն շեղում մեր ուշադրությունը դրանց ֆոնի վրա ծավալվող իրադարձություններից, որը, սկսվելով որպես բարոյականի սատիրա, վերջին երկու նկարներում բարձրանում են իրական, նարդկային ողբերգության աստիճանի: Շարքը համոզիչ է, որովհետև դրանում գրեթե չկա ոչ մի ուսանելի տարր, չարը մնում է անպատիժ, բարոյականությունը բացակայում է: Կոմսը մահանում է դուելի ժամանակ կոմսուհու սիրեկանի կողմից հասցված վերքից, իսկ կինը նրա առջև ծնկի է իջնումգիտակցելով կորուստի անդառնալիությունը: Երկու երիտասարդ մարդկանց միջև կարող էին լինել անկեղծ զգացմունքներ, սակայն նրանք դատապարտված էին  անհաջողության, իրենց վզին փաթաթված կեղծ դերերի պատճառով:  

















Առավոտը նորապսակների տանը  
Այս նկարում Հոգարտը պատկերել է հարսանիքն հաջորդող առավոտը նորապսակների տանը: Նրանք միանգամայն անտարբեր են մինյանց հանդեպ: Եվ մենք տեսնում ենք իրար չսիրող ամուսինների, որոնք արդեն հոգնել են իրարից: Թափթփված սենյակը խոսում է նրանց անփութության և անտարբերության մասին դեպի իրենց համատեղ կյանքը: 


«Հարսանիք»
Սա արդեն հարսանիքի արարողությունը ներկայացնող կտավն է, որում էլի շեշտված է այն գաղափարը, որ երբ մարդկանց տրվում են դերեր, որոնց հետ նրանք համաձայն չեն, ուրեմն չկա նաև այդ դերի հետ հարմարվելու որևէ ձգտում: Տվյալ դեպքում խոսքը պարտադրված, հաշվարկային ամուսնության մասին է: Մենք տեսնում ենք հարսանիք, որը, ըստ էության, կայացած համարել չենք կարող: 



Այս կտավում Հոգարտը ներկայացնում է կնոջ սիրեկանի կողմից ամուսնու սպանությունը՝ դուելի ժամանակ: Եվ մենք ականատեսն ենք դառնում մարդկային խորը ողբերգության: Կինը կորցնում է երիտասարդ ամուսնուն, որին գուցե և սիրում էր՝ ինքն էլ դրա մասին չկասկածելով: Ահա թե ինչի բերեց պարտադրված ամուսնությունը..... Այնինչ, ո՞վ գիտե, գուցե և..... 


Հոգարտի ծառաները


Ծովախեցգետիններով աղջիկը


Կալեի դարպասները 1748թ


Կապիտան Թոմաս Կորան 1740թ.

Յուրաքանչյուր շարք Հոգարտը սկզբում կատարում էր յուղաներկով, այնուհետև նաև տեղափոխում փորագրության վրա: Նկարիչը գտնում էր, որ նկարները հասանելի են լոկ կոլեկցիոներների սահմանափակ շրջանակներին, իսկ փորագրությունը մասսայական տարածման միջոց է: Փորագրության մեծաքանակ տպագրությունը, ինչպես նաև դրանց մատչելի գինը Հոգարտի ստեղծագործություններին աննախադեպ ճանաչում էին բերում, ի դեպ, հասարակության տարբեր շերտերում:
Իր ժամանակակից սյուժեներով արված շարքերում Հոգարտը լայնորեն կիրառում է գրոտեսկը և կոմիկական այլ հնարքներ, սակայն երբեք չընկնելով ծաղրանկարի մեջ: Շարքերի իմաստը առաքինության հաղթանակի մեջ չէ, այլ դժբախտությունների և չարիքների անխուսափելիությունը հաստատելու: Գուցե հենց դա է պատճառը, որ Հոգարտի մոտ դրական կերպարները, որպես կանոն, չեն ստացվում:  
Այս հարաբերությամբ նշանակալի է «Աշխատասիրություն և ծուլություն», «Ծույլ և ջանասեր աշակերտը» (1747թ.): Այստեղ հստակորեն երևում է, թե նկարիչն ինչն է համարել լավ, ինչը՝ վատ, բայց չգիտես ինչու, ջանասեր աշակերտի կյանքի էպիզոդները թվում են հորինված և մելոդրամային, թեկուզ և նա իր առաքինությունների համար Լոնդոնի քաղաքապետի կողմից արժանանում է պարգևատրման: Դրա փոխարեն ծույլ աշակերտի կյանքի մասին Հոգարտը պատմում է իր տաղանդի ողջ փայլով: Դա երևում է այն տեսարանում, երբ ծույլ աշակերտը գերեզմաններում խաղաքարտ է խաղում թափառաշրջիկների հետ, պառկած գերեզմանային մի հուշաքարի տանիքին
Հոգարտի գեղանկարչական վարպետությունը տարիների հետ ավելի ու ավելի համոզիչ է դառնում: Նա ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին է «Հարսանեկան պար» (1745թ. Լոնդոն, Տեյտի ցուցասրահ), որում գույնը ինտերիերում տոնական միջավայր է ստեղծում, լուսավորված լամպերի նուրբ լուսի և լուսնի սառը լույսի համակցությամբ, որը ներս է լցվում բաց լուսամուտներից: Իսկ ազատ և վիրտուոզ վրձնահարվածը արագ ուրվագծում է պարողների գրոտեսկային, արտահայտիչ սիրուետները:
Սրան զուգահեռ կարելի է նկատել նաև, որ Հոգարտի թեմատիկ ստեղծագործությունները աստիճանաբար ավելի մռայլ, անգամ չարագույժ նրբերագներ են ստանում: Նրա արվեստում նկատվում է հայտնի հակասություն, գեղանկարչության ինքնին հմայքը և մարդկային արարքների վանող ահամապատասխանությունը: Այս երևույթը առավել երևում է 1745թ. ստեղծված «Խորհրդարանական ընտրություններ» շարքում, որը հանդիսանում է Օքսֆորդի քաղաքական ընտրությունների խիստ  սատիրա: Տոների բացառիկ նրբությունն ու սահուն անցումները, որոնք յուրաքանչյուր առարկայի պլաստիկա և ֆակտուրա են հաղորդում, նատյուրմորտների հիասքանչ դետալները, որոնք հիշեցնում են Շարդենի մաներան, կտրուկ կոնտրաստ են մարդկանց ստորության հետ, որոնք մեզ ներկայանում են որպես խաբեբաներ, գողեր, հիմարներ և որկրամոլներ:
Հոգարտի մոտ դրական կերպարները ստացվել են միայն դիմանկարներում, որոնք նա ստեղծել է իր ստեղծագործականն ուղու ընթացքում: Յուրաքանչյուր պատվիրված դիմանկարի Հոգարտը ինքնատիպ մոտեցում էր ցուցաբերում, փորձում էր գտնել նոր գեղանկարչական լուծումներ: Ավելին, ի տարբերություն դեռևս Վան Դեյկի ժամանակներից անգլիական դիմանկարում ընդունված սովորույթների, նա երբեք չի դիմել աշակերտների օգնությանը: Հոգարտի կողմից նկարված դիմանկարները, որպես կանոն, պատկերում են կամ մտերիմ ընկերներին, կամ՝ իր շրջապատի մարդկանցից մեկին: Նկարիչը ջանում է դրանց միջոցով փոխանցել «խոսուն նմանություն». ասես զրույցի պահին ֆիքսված դեմքը, որում բացահայտվում է դիմանկարվողի բնավորությունը: Այսպիսին են Էլիզաբեթ Սոլտերի՝ 1741թ., կամ միսս Մերի Էդվարդի՝ 1742թ. Դիմանկարները:
Հոգարտը նաև ընտանեկան-խմբային ոչ մեծ չափի դիմանկարների մեծ վարպետ էր, ով ճանաչված էր այդ ժամանակ Անգլիայում: Այսպիսի նկարներում Հոգարտը կարողանում է փոխանցել կենսակերպի մթնոլորտը: Հաճախ, նրա ընտանեկան դիմանկարները պատված են նուրբ իրոնիայով: Առավել հաջողվածների թվին կարելի է դասել Չոմլի ընտանիքի դիմանկարը՝ կատարված 1732թ., որում երկու անհանգիստ տղաները, որոնք ուր որ է՝ կգցեն գրապահարանը, իրենցից մեծ կոնտրաստ են ներկայացնում հստակ բնորդող մեծահասակների նկատմամբ:
Առհասարակ, Հոգարտի մոտ միշտ էլ ստացվել են երեխաների կերպարները: Նրան հատուկ է արտահայտման բացառիկ ինքնաբուխ վերաբերմունքն ու  վառ համակրանքը: Հոգարտը կարողանում է փոխանցել երեխաների հոգեբանության լրջությունն ու խորությունը, անգամ եթե դա խաղ է, կամ անկարգություն, այս ամենի հետ՝ խուսափելով սենտիմենտալությունից: Հոգարտի նկարներում երեխաները հաճախ նմանակում են մեծերին, երբեմն նրանք դաժան են, ինչպես լորդ Գրեյի ևՄերի Ուեստի դիմանկարներում: Այստեղ տղաները բռնել են շնիկի թաթերից, չհասկանալով, որ նա նույնպես ցավ է զգում: Գեղանկարչության պատմության մեջ, երեխայի դիմանկարի անգերազանցելի նմուշ է «Երեխաների մեղքը» դիմանկարը, որում նկարիչը  նրբորեն տարբերակում է ոչ միայն տարիքը, այլև վարքաձևը, որում արտահատվում է յուրաքանչյուր երեխայի անհատականությունը:
Հոգարտի արվեստը, անվիճելիորեն մեծ է և արժեքավոր, ավելի՝ քան դա կարող էին երևակայել ժամանակակիցները, և միայն հիմա, մենք սկսում ենք գիտակցել Հոգարտի որոնումների  ողջ խորությունն ու համարձակությունը:
Ջեյմս Թորնհիլլի տանը Հոգարտը սիրահարվում է նկարիչ Ջեյնի աղջկան: Սակայն, հույս չունենալով ծնողների համաձայնության վրա, Հոգարտը որոշում է փախցնել աղջկան, և 1729թ. Մարտի 25-ին նա գաղտնի ամուսնանում է Պեդինգտոնսիեկեղեցում: Աներոջ հետ Հոգարտին հաջողվեց հաշտվել միայն որպես նկարիչ կայանալուց և նյութական բարեկեցության հասնելուց հետո:  Ինչպես պատմում է Հոգարտը իր հիշողություններում. «Հետո ես ամուսնացա և սկսեցի նկարել ոչ մեծ, սալոնային նկարներ՝ 12-15 դյույմ բարձրությամբ, որոնք մեծ հաջողություն ունեցան, քանզի նորույթ էին հադիսանում և մի քանի տարիների ընթացքում դրանք լավ վաճառվում էին»:
1720-ականների վերջերին Հոգատը նկարում է մի քանի խմբակային` այսպես կոչված՝ «խոսուն դիմանկարներ»: Դրանց թվին են պատկանում «Երաժշտական երեկույթ», «Հավաք Վանստեդի տանը», «Վոլլաստոնների ընտանիքը» և «Ֆաունտեյնների ընտանիքը» ստեղծագործությունները:
Հոգարտը հետևում էր տարբեր նյութական հնարավորություններով մարդկանց կյանքին, որոնք պատկանում էին հասարակության տարբեր շերտերին: Նա ո՛չ միայն տաղանդավոր դիմանկարիչ էր, այլև՝ բարոյախոս, երգիծաբան: Խմբակային դիմանկարում նկարիչը դրսևորում է օբյեկտիվություն և շիտակություն, ինչը երևում է «Կապիտան Տ. Կորեմայի դիմանկարը», «Լովետայի լորդ Սայմոն Ֆրեյզերի դիմանկարը» ստեղծագործություններում: Հոգարտի արվեստում անվիճելիորեն կարևոր տեղ է տրվում հումորին, ինչը տեսնում ենք «Մոդայիկ ամուսնություն» և «Ընտրություններ» շարքերում:
Հոգարտը պարզապես նկարիչ չէր, ով ստեղծում էր հիանալի կերպարներ: Նա նաև արվեստաբան էր: 1753թ. Հոգարտը գրում է իր՝ «Գեղեցիկի վերծություն» աշխատությունը, որը պատկերագրական արվեստների մասին անգլիական ամենակարևոր գրքերից մեկն է: Նա իր արվեստով նպատակ էր դնում օգնել հասարակությանը՝ արմատախիլ անել արատները, դրա համար նրա նկարները հաճախ հագեցած են այնպիսի էլեմենտներով, ինչպիսիք են ասուցանող, բարոյախրատական, կամ դիդակտիկ շեշտերը: Հոգարտի արվեստը բազմազան է. նա հայտնի է ինչպես գեղանկարիչ և գրաֆիկ: Հիմնականում, իհարկե, որպես ժանրային ստեղծագործող, բայց նա նկարել է նաև ինչպես ավանդական նույնպես և այդ ժամանակին ոչ բնորոշ դիմանկարներ, որոնցում նա տալիս է յուրօրինակ լուծումներ այդ թվում նաև իր ինքնադիմանկարում, որում պակերել է նաև իր սիրելի շնիկին՝ նկարում նկարված իր ինքնադիմանկարի առջև նստած: Հոգարտի ձգտումը՝ փոխել կյանքը արվեստի միջոցով, նոր չէր և լիովին մտնում էր Լուսավորչականների փիլիսոփայության մեջ: Այս նույն գաղափարը ավելի ուշ՝ արդեն 19-րդ դարում, գրավում է Անգլիայի այլ նկարիչների ևս: Ինչպես օրինակ՝ «Պրեռաֆայելիտերի եղբայրությունը» ձգտում էր հասնել նույն բանին, ինչ Հոգարտը, իսկ Ուիլյամ Մորրիսը անգամ փորձում էր պրակտիկ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Խորհրդարանական ընտրություններ»



Նախընտրական խնջույք
Այս նկարը շարքի առաջին կտավն է, որում հեղինակը պատկերել ընտրություններին նախորդող խնջույքը, որտեղ մենք տեսնում էն հարբած մարդկանց: Ոմանք անկյուններում քաղաքական ագիտացիայով են զբաղված, համոզում կամ կաշառում են ընտրողներին:











Կաշառք
Այս նկարը հաջոդում է բանկետի տեսարանին, որտեղ մենք տեսնում ենք երկու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, որոնք միաժամանակ փորձում են կաշառել մի մարդու: 





Ընտրություն

Այս կտավում մենք ականատեսն ենք դառնում բու ընտրական գործընթացին, որը ևս, դեռ ուղեկցվում է կաշառք տալով: Մենք եսնում ենք մի մարդու, որի, հավանաբար խնջույքից հետո, հարբած վիճակում հազիվ բերել են ընտրության: 



Հաղթանակ կամ Տրիումֆ

Սա շարքի վերջին նկարն է, որում արդեն նկարիչը պատկերել է հաղթանակը, որին շատերն են դեմ, և մենք կանատեսն ենք դառնում մարդկային կրքերին, որոնքարտահայտվում են վեճի միջոցով: Ինչպես տեսնում ենք, հաղթանակած թեկնածուի կողմնակիցները նրան բարձրացրել են վեր, որպեսզի հեռու պահեն պահի խառնակություններից: Եվ պատահական չէ նաև աթոռի գոյությունը, որը այս դեպքում խոսում է իշխանության, տվյալ պարագայում՝ զավթած իշխանության մասին:

Հոգարտի գրավյուրային աշխատաքներից

Հոգարտը կարողացավ հասնել գեղարվեստական նոր արտահայտչամիջոցների՝ կանգնելով ծաղրանկարի շեմին՝ նա երբեք չանցավ այդ սահմանը, բայց կարողացավ իր արվեստով ներկայացնել իրականությունը այնպես, որ մարդիկ առանց նկատելու կարողանան ընդունել իրենց արատները: բացի նոր ժանրային և գեղարվեստական մոտեցումներ և արտահայտչաձևեր բերելուց, Հոգարտը դարձավ իր ժամանակի մտածողը, որ զարկերակին մոտ էր կանգնած և կարողանում էր տեսնել այն՝ ինչը քչերին էր տեսանելի: Հոգարտը դարձավ նոր գաղափարի, նոր նպատակների հիմնադիր, ով իր ազդեցությունը թողեց հաջորդների վրա, ունեցավ իր ձեռքբերումներն ու կարողացավ դուրս մնալ ժամանակից՝ ստեղծելով բոլոր ժամանակներին բնորոշ արվեստ: