среда, 23 марта 2016 г.

Եռաբլուրում...



















... Դուք մեզանից ապրող, կենդանի եք դեռ՝ հավերժող, ժամանակի մեջ անժամանակ, ժամանակից դուրս, ժամանակին չենթարկվող... Ոգի եք, հողեղեն ոգի....  Ձեր ժամանակը ձգվում է հուր և հավիտյան՝ նման հավերժող երկնակամարի, նման արևի անվերծանելի լույսի խմորմանը...
.... Դուք մեզանից էլ ներկա եք, կերտող՝ ձեր բացակայով, փրկող՝ կորուստով սեփական կյանքի, մեզնից՝ լավատես... Ձեր պատերազմը բարդ էր մերինից, ձեր օրն էր օրհաս, մենք մեր այսօրում՝ չհամեմատվող ձեր օրերի հետ, թույլ ենք ձեզանից՝ բռունցք չենք դառնում, իսկ դուք ժայռացաք... Դուք մեզանից էլ ապրող եք այսօր...

23. 03. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ

..... Ո՞վ իմանա, թե քանի պայծառ միտք, երազանք, հույս, նպատակ ունեիք, որ մնացին գաղտնի, անկատար, ու քանիսը չհասցրեցին հասունանալու ժամանակ գտնել: Չծնվեց անգամ քանի՜ երազանք, որ պիտի՛ որ լուսավոր լինեին հաստատ, քան ասենք՝ իմոնք....
... Եվ ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ ձեզ պես տղաներ լույս աշխարհ չեկան, բայց պիտի՛ գային՝ նույն աչք ու ունքով, նույն բոցով հոգու...
...Ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ նազանի աղջիկ պիտի շորոր գար այսօր, այս արևի տակ, այս գարնան դյութանք կանաչումի մեջ, որ աշխարհ չեկավ....
... Դու՛ք կաք, փառք Աստծո... Փա՛ռք ձեզ, հա՛յ քաջեր...

23. 03. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ


вторник, 22 марта 2016 г.

Եղիշե Թադևոսյան «Հանճարը և ամբոխը» (1909թ)

























Կտավ, յուղաներկ 152x149 սմ


Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» ստեղծագործությունը միայն իր մեջ ներդրված գաղափարով արդեն իսկ բացառիկ է, այն ուշագրավ է նաև կոմպոզիցիայի, գույնի, տրամադրության առումներով: Եվ հենց այս յուրահատկություններն էլ, գեղանկարչական արժանիքների հետ, ավելի են արժևորում այս ստեղծագործությունը: Թեման, որը Թադևոսյանը ընտրել է այս աշխատանքի համար, ինչ խոսք, խորքային է, համամարդկային, և որքան էլ այն համամարդկային է, այնքան էլ խորապես անձնական՝ հենց հանճարի համար: Մեկը, ով դուրս է իր ժամանակից, իր իսկ գաղափարների, զգայունության, խորաթափանցության, տաղանդի, երևույթների մեջ մինչև ամենախորքը թափանցելու և հասկանալու ունակությամբ, ով առաջ է մտածում իր ժամանակից ու  ժամանակակիցներից՝ անհասկանալի ու անըմբռնելի լինելու աստիճան, գտնվում է ամբոխի մեջ: Իսկ ի՞նչ է ամբոխը, եթե ոչ առօրյայով ու ժամանակով սահմանափակված մարդկանց խումբ, որը չի կարող անգամ երևակայել այն, թե ինչե՜ր կան կյանքում, որ իրենց գիտակցությանը հասու չէ... Եվ ահա այս բախման մեջ, իհարկե, հանճարը ակամա հայտնվում է նշանակետում: Ամբոխը կարող է նրան վերաբերվել անգամ որպես խելագարի, այնպես՝ ինչպես ամբոխը խաչեց Քրիստոսին, նույն կերպ և հանճարին չի հասկանում: Կոմպոզիցիոն, գունային և արտահայտչականության իմաստով այս աշխատանքը ամբողջովին արտահայտում է այն բարդ, ծանր ր ողբերգական իրականությունը, որը կա հանճարի շուրջ և նրա հոգում: Ապրումները, որոնք կեղեքում են նրան, ամբոխը, որը հետապնդում է վերջինիս: Լինելով ամբոխի մեջ, գլուխը ձեռքերի մեջ առած նրանից փախչելով, հանճարը միաժամանակ առաջնորդում է այդ ամբոխը... Սա հակասությունների երկու բևեռներ արտահայտող լուծում է, որը նկարչին գերազանցապես հաջողվել է: Գունային լուծումների և մանր վրձնահարվածների շնորհիվ Թադևոսյանը հասել է նյարդային և հոգեբանական այն գագաթնակետին, այն պրկված լարվածությանը, որն ըստ էության, կարող է պայթել ամեն մի վարկյան: Թվում է՝ ուր որ է, նրա վրա մեկը քար է նետելու.... Ահա այս լարումն է, որ ասես գամում է դիտողի հայացքն ու ստիպում մի պահ կանգ առնել այն մտքի վրա, թե արդյո՞ք նույն իրողությունը չէ, որ մարդկության պատմության մեջ կրկնվում է բազմաթիվ անգամներ...  Այո՛, հենց այդպես է, որ կա... Եվ ո՞վ կարող է պտտել կյանքի անիվը, եթե ոչ հանճարը... Վերջինիս՝ ցնորվածության աստիճանի հասած մարդու հայացքը, որում պարզ կարդացվում է այն ցավը, անզորությունն ու կսկիծը, որ ապրում է նա, ասես ողջ լարվածությամբ տիրում է կոմպոզիցիայի տրամադրության վրա: Այո՛, հենց այս աչքերն են մեխը, որի շուրջ, ինչպես ծովի  մեջ նետված քարի շուրջ, ալիք-ալիք գնալով մեծանում է լարվածության շղթան, և որքան մեծ է հանճարը՝ նույնն է թե՝ քարը, այնքան ուժգին են ալիքներն ու այնքան սեղմող՝ շուրջը տարածվող օղակները:

Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» կտավը խորը հոգեբանական դրամա է, դառը ճշմարտություն և աննկարագրելի լարում արտահայտող ստեղծագործություն, որ կարող է փոխարինել հազարավոր բառերի, որոնք կասվեն: Այո՛, թերևս այս քարացած լարվածության մեջ ավելին կա, քան ցանկացած խոսքում կարող է լինել: Այս կտավը իր ստեղծողի ինտելեկտի, հոգեբանության, խորաթափանցության և վարպետության ամենակենսունակ վկան է, որ թերևս ավելին է, քան պարզապես ստեղծագործություն: Այն կարծես սթափության կոչ է, ճիչ, որ մնում է անլսելի, քանզի կյանքի օրենք է, հանճարն իր ժամանակի մեջ խելագարի պիտակն է կրում... Ու նա այս ստեղծագործության մեջ ասես փախչի իր ժամանակից, որ դարերը փաստեն նրա հանճարեղությունը...
Թադևոսյանի այս աշխատանքը այն բացառիկներից մեկն է համաշխարհային արվեստում, որ մի՛շտ կմնա կենդանի, շնչող, արդիական ու միշտ կգտնվեն նրա խորքը թափանցող հայացքներ, որոնք երբևէ կանգ առնելով, իրենց հարց կտան, թե արդյո՞ք նույնը չի կրկնվում մեր ժամանակներում....                                  












суббота, 19 марта 2016 г.

ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կըշողեր,
/ Խորոտ խարսնիկ ալուր մաղեր,
Ջուխտ շամամ ծոցին խաղեր: /2

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/ Խորոտ խարսնիկ էրկանք աղեր,
Տեսնողի սրտիկ դաղեր: /2


Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կշողեր,
/Խորոտ խարսնիկ իլիկ մաներ,
Ուրախ երգեր ծիծաղեր:/2

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/Խորոտ խարսնիկ, բերդի լուսնակ,
Չուր երփ մնաս, ամպի տակ:/2


понедельник, 29 февраля 2016 г.

Վարդգես Սուրենյանց «Ոտնահարված սրբություն»

Վարդգես Սուրենյանց (1860-1921 թթ)
Ոտնահարված սրբություն (1895)
կտավ, յուղաներկ
112x89 սմ
ՀԱՊ (Հայաստանի Ազգային Պատկերսրահ)
Վարդգես Սուրենյանց: Ահա մի կերպար հայ կերպարվեստում, ով իր ինքնատիպությամբ, նվիրումով և տաղանդով հարստացրեց հայ կերպարվեստը: ՄԻ ստեղծագործող, ով անսահման նվիրումով, գույնի ու ձևի աննկարագրելի նուրբ զգացողությամբ կարողացավ ստեղծել կտավներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ով գիտե գնահատել գեղեցիկը: Նրբաճաշակ ու մանրամասն պատկերված աշխատանքներ, որոնցով նշանավորվում է Սուրենյանց նկարիչն ու հայը: Սուրենյանցն էր, ով իր աշխատանքները համեմեց հայ մանրանկաչության մոտիվներով, ճարտարապետության ժանեկանման քանդակազարդերով, ով կարողացավ իր աշխատանքների միջոցով փոխանցել հայ արվեստի ամենանուրբ ու բարձր դրսևորումները:
Ահա մի նկարիչ, որը հիմնադիրը դարձավ հայ պատմանկարչության, քանզի քաջ գիտակցում էր թե՛ իր ժողովրդի ցավը, և թե՛ պատմական անցքերն ու իրողությունները նաև այս կերպ փոխանցելու կարորությունը:
«Ոտնահարված սրբություն»ահա մի ստեղծագործություն, որն արտահայտում է մշակույթի, հավատի ու մի ողջ ժողովրդի հանդեպ կատարված ոտնձգությունները, դրանց ողբերգականությունը, տառապանքն ու նաև վերաշնվելու, ոտքի կանգնելու համառությունն ու կամքը՝ ի հեճուկս թշնամիների, ի հեճուկս կյանքի հարվածների: Ահա մի ստեղծագործություն, որ ներկայանում է որպես հանճարեղ կոմպոզիցիա, գաղափար, ասելիք, որը ներկայացնում է ազգի ցավն ու թշնամական հարվածները առաջնահերթ իր վրա վերցնող եկեղեցու ու հոգևորականի կերպարով, մշակութային արշեքների հարստությամբ: Ա՛յն հոգևորականի, որը, եթե հարկ լինի, նաև մարտիկ է, ուսուցիչ, ազգի նվիրյալ զավակ…
Ահա մի ստեղծագործություն, որն իրապես հուզում է, ստեղծագործություն, որի մասին խոսելիս չենք կարող չնշել կոմպոզիցիայի, գույնի, արտահայտչաձևերի և մանրամասն ու հանճարեղորեն մշակված միջավայրի մասին: Մի աշխատանք, որ իր մեջ կուտակում է հայ ժողովրդի մշակույթի, ցավի, պայքարի, անկումների ու վերելքների թանձրացումը, մի աշխատանք, որ կարող է պատմել ազգային ողբերգության ու նկարչի հանճարեղության մասին միաժամանակ, աշխատանք, որ վստահաբար կարող ենք դնել համաշխարհային կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների կողքին, աշխատանք, որում ամեն ինչ՝ պոկված վարագույրը, թալանված գանձարաը, սպանված հոգևորականը, խաչքարը, որ կանգնած է կոմպոզիցիայի կենտրոնում, ձեռագիր մատյանները, որ ընկած են հատակին, մատյաններ, որ սրբություն ու պաշտամունք են այս՝ գիրը պաշտող ժողովրդի համար, ամեն ինչ խոսում է այն վայրագության, բարբարոսության մասին, որը կատարվել է տաճարում: Ահա մի ստեղծագործություն, որի գունային լուծումներն անգամ սարսուռ են ներշնչում՝ ստեղծլով սուր հոգեբանական լարվածության տպավորություն:
Վ. Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» աշխատանքը պարզապես ստեղծագործություն չէ, այն ճիչ է՝ ուղղված աշխարհին, այն դաս է՝ այլևս այսքան չթուլանալու, այն բողոք է, հիշողություն, որին չհետևելն անհնար է: Սուրենյանցի «Ոտնահարված սրբությունը»  անցյալին ուղղված ըմբոստացում և ապագային ուղղված պայքարի ու լավատեսության հայացք է, այն հիշեցում և արթնացումի կոչ է բոլոր սերունդների համար….
«Ոտնահարված սրբությունը», լինելով խիստ ազգային՝ թե՛ իր սյուժեով, թե՛ ներքին դրամատիզմով, և թե՛ պատկերման մաներայով ու գունային համադրություններով, ներկայանում է որպես համամարդկային արժեք: Այն բազում ճակատագրերի ծառսն է՝ ընդդեմ անարդարության, թշնամական ոտնձգությունների և մահվան…
Ահա այս և մյուս աշխատանքներում մենք տեսնում ենք Սուրենյանց հանճարի բացարձակ դրսևորումը՝ գաղափարի, գեղանկարչության, հոգեբանականի և պատմական դրվագի միատեղումը, կատարյալ ներդաշնակումը՝ մեկ ստեղծագործության մեջ՝ առանց «շատախոսության», որը այսօրինակ բազում դեպքերի հավաքական պատկերումն է: 



воскресенье, 17 января 2016 г.

Զինվորի քույր եմ այլևս....

…. Այսօրը տարբերվում է կյանքումս ապրած բոլոր օրերից, և երբեք չի կրկնվի… Զինվորի քույր եմ այլևս…. Այսօրը տարբերվում է, այսօրվա հուզմունքը, ապրումը, կարոտն ու հպարտությունը շա՜տ ուրիշ են՝ խորը, մի տեսակ անզուսպ, չենթարկվող, համառ, իր ետևից կանչող-տանող…. Այսօրը ուրի՜շ է, շա՜տ ուրիշ, նմանը չի եղել ու չի լինի… Այն տարբերվում է բոլոր օրերից, որ երբևէ կապրեմ… Այսօր ես քեզանով ապրելու նոր մեկնարկ եմ տվել իմ կյանքին…. Ծնվեցիր՝ ուրի՜շ էր, քայլում, վազվզում էիր՝ ուրի՜շ էր, խաղում էինք՝ ուրի՜շ էր, իմ մանկության մեջ ես մե՜ծ էի քեզանից, այնքան, որ կարող էի քեզ գրկե՜լ… Մե՜ծ էի… )) Դու էլ ես ուրիշ այսօր, մեծացել ես, մի գիշերում ես մեծացել, մեկ ակնթարթում փոխվեցիր եղբայրս, հասունացար մեկ ակնթարթում…. Այսօր բոլորիս աչքերն ուրի՜շ փայլով էին փայլում, ուրի՜շ կարոտ է խեղդվում կոկորդում, որ ժպիտը դեմքից ցած չիջնի… Այսօրը ուրի՜շ է՝ նմանը չկա….
Այսօրվանից նոր մեկնարկ եմ տվել կյանքիս … Թու՜նդ, մի տեսակ հայկական, մի տեսակ լեռնոտ, մի տեսակ՝ պնդացնող, ու անհանգիստ թպրտացող սիրտս այսօրվանից սկսած այլ կերպ է զարկելու զինվորի աղոթք շշնջալիս, ամեն գիշեր քուն մտնելիս ու արթնանալիս…. Այսօրվանից միտքս սևեռվելու է սահմանի այն հատվածին, որտեղ դու ես կանգնած՝ հո կրակոց չկա՞…. Այսօրվանից ամեն առավոտ քեզ արդեն մտքում եմ բարի լույս ասելու, ու քնելուց արդեն կմտածեմ՝ տեսնես ի՞նչ ես արել այսօր, ո՞նց ես, ի՞նչ ես մտածում արթուն պառկած…և մի հոգատար ու մեղմ, քույրական ժպիտ  աչքերումս՝ կասեմ՝ քնի՜ր եղբայրս, այս գիշեր ես եմ քունդ հսկելու իմ անդադար աղոթքներով…. Այսօրը երկու տարի է ձգվելու… Քեզ բարի ծառայություն, զինվո՛րս… Արդեն ուրի՜շ վստահությամբ եմ համակվել.... 

16. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ

среда, 13 января 2016 г.

Սիրել մեկին միայն....

…. Մի տեսակ այնքա՜ն գարունոտ է ձմեռն այս …. Ու այնքա՜ն ձմեռ կլինի կրկին այս գարնանը …. Պակասում է մի բան, շա՜տ կարևոր մի բան՝ ջերմությունը, որ այս գարունոտ ձմռան մեջ ավելի շատ կա, քան եկող գարնանն է սպասվում:
Մի տեսակ այնքա՜ն հույս են ծնում երազները՝ որոնցում դու կաս, ու այնքա՜ն անհույս են առավոտներն առանց քեզ …. Ո՛չ արևն է արև, ո՛չ գարունը՝ գարուն, ո՛չ էլ հույսը՝ հույս … Ու էլ չգիտեմ՝ ի՞նչ տեսակ է սերն այս….
Մի տեսակ այնքա՜ն սևեռում կա աչքերիդ մեջ հեռու, օտար ու հարազատ, որ ժպտում ու լալիս են միաժամանակ …. Մի տեսակ տագնապում է սիրտս՝ հո չի՞ մրսում հոգիդ … Հո չե՞ս տանջում էլի առանց այն էլ ցաված սիրտդ, միտքդ հո չե՞ս լցրել հազար հարցով ի զու՜ր …. Հո չե՞ս խողդում դու քեզ՝ երջանկության ցանկությունից ու զսպումից դրա, հո չե՞ս կապանքում քեզ դատարկությամբ անհամ ….
Մի տեսակ այնքա՜ն տխրություն կա այս կիսամութ օրվա տանիքներին սառած, ծառի ճյուղին նստած ճնճղուկների թևին, հեռվում չերևացող ալիքներում ծովի, երևացող մոխրե խորության մեջ …
Մի տեսակ այնքա՜ն ցուրտ է անգամ վառարանն այս փայտի, որ վառվելով փայտ է այրում, սակայն՝ սառնություն է փչում կրակերից նրա….
Ինչու՞ միասին չենք…
Ինչու՞, ո՛չ պոկվել է լինում, ո՛չ էլ՝ գրկել թվացյալ ու պաղած երջանկությունը այս…
Այդ ինչի՞ց է տեսնես, որ տագնապում եմ այսքան անլուր օրերի մեջ, քո ներկային կարոտ, ու չեմ հիշում անգամ հոգ տանել իմ խեղճ, համբերատար, փոքրիկ ու նվիրված սրտի մասին, գոնե մի՜ քիչ …
Ու ինչի՞ց է տեսնես, որ գնալով մեծանում է թիվը անպատասխան, անխոս և չուղարկված նամակների … Եվ ինչի՞ց է, որ ամեն անգամ, քեզ մի վերջին նամակ եմ գրում՝ վստահ, որ պատասխան չի լինելու… Գուցե հենց այսպե՞ս են գժվում  …. Կամ սիրում են 
գուցե այսպես  ինպեսները՝ քեզպեսներին՝ լուռ, համառ, ճչացող, բացահայտ ու թաքուն, խռովկան ու ներող անսահման ու անպատմելի սիրով, որ չգիտե լքել ու չարանալ, բայց մենությունից գժվել գիտե այնքան, որ օտար մի գիրկ փնտրի, սու՜տ երդումներով, գերեզմանի նման անփարատ մի գիրկ, որ կթաղի իր մեջ շա՜տ կարևոր մի բան՝ ապագա երջանկության ապագան... որ կսառեցնի սիրտը՝ էլ ո՛չ մեկին երբեք չսիրելու համար… Բացի հենց այն մեկից, որ չսիրեց իրեն…..


12. 01. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ 

Հեթանոս սերը մեր....

….. Եվ վառարանում կայծկլտացող փայտածուխի նման, մի հուշ, աչքի առաջ, կայծ-կայծ է լինում՝ խենթացած ու կրակվող զույգ աչքերի նման… Քո՜ աչքերի պես, որ նայում էին այնքան զգույշ, մեղմիվ ու նրբությամբ՝ խորքում թաքցնելով ներքին փոթորիկն ու հրդեհը…
Եվ վառարանում բորբոքվող փայտակոճղի նման մի հուշ, ծանր ու մեծ, նստում է աչքի առաջ ու պատմում մեկ օրվա (թերևս մեկ ամբողջ կյանքի) պատմություն, նման մի հին ու բարի հեքիաթի՝ արքայազնի մասին, որն ապրում է հեռու՜ հեռվում՝ յոթը սարից անդին….
…. Ու նորից ու նորից, վառարանում բորբոքվող կրակը այս ու այն կողմ է թռչում, ու փայտփորիկի նման թառում աչքի առաջ՝ անընդհատ թկթկացնելով նույն վերքի վրա՝ նույն ցավը փորելով մինչև արյունոտվելը՝ որ մատաղի նման պիտի թափվի ու թշշա այն կրակի վրա, որ վառվում է մեր հեթանոս սիրո վառարանում…

12. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ