среда, 23 апреля 2014 г.

Հայոց տոնացույցը





Հայ ժողովուրդն իր հարուստ մշակութային անցյալում ձեռք է բերել նաև հարուստ տոնացույց: Այն տոները, որ հայ ժողովուրդը նշում էր դեռևս հարյուր տարի առաջ, շատ քիչ են պահպանվել մեր կենցաղում: Առանձին վայրերում դեռևս նշում են Վարդավառը, ավելի հազվադեպ՝ Համբարձում, իսկ Զատիկի, Տյառնընդառաջի, Սուրբ խաչի որոշ ծեսեր պահպանվել են գրեթե ամենուր: Սակայն տոնակատարությունների ամբողջությունը զգալի կորուստներ է տվել: Մեկ հարյուրամյակ առաջ նշվող տոներն իրենց տևական պատմությունն են ունեցել, և նրանց ծիսականու բացահայտումը և վերլուծությունը շերտ առ շերտ ցույց են տալիս հայ ժողովրդի անցած պատմական ուղին, հազարամյակների ընթացքում տոմարական փոփոխությունները, մարդկանց միջև հարաբերությունների կաղապարներն ու դրանց պատճառաբանվածությունը, շրջակա միջավայրի հանդեպ մարդկանց և անհատի վերաբերմունքը, բնությունից և երկնային ուժերից ակնկալիքները, ապահով և անապահով կյանքի մասին պատկերացումները, բնությունից, երկնային ուժերից, մարդածին ու բնական աղետներից, անհատ մարդկանցից սպասվող վտանգները, տագնապներն ու դրանցից պաշտպանվելու կերպը ևն: Մեր տոների ժողովրդական արարողություններում կարելի է հանդիպել հայոց նախաքրիստոնեական աստվածությունների կերպարներին, Հայկի ու Բելի ավանդազրույցի դրսևորումներին, Նոյ նահապետի ու ջրհեղեղի մասին պատմությունների հետքերին, քրիստոնեության մուտքին և ընթացքին, քրիստոնեական տոնացույցի <<հայացման-ազգացմանը>> և հիշողությունների, չարի ու բարու մասին հայ ժողովրդի ըմբռնումներին ու պատկերացումներին:
  Քրիստոնեության ընդունումից, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, հայ ժողովրդի ավանդական տոնացույցը ևս վերածվեց քրիստոնեական աշխարհայացքի և համակարգված տոնացույցի կաղապարով և այդ կերպ գոյատևեց ավելի քան մեկուկես հազարամյակ:
  Այսօրվա եկեղեցական տոնացույցն անվանապես արտացոլում է այդ մեկուկես հազարամյակի ընթացքում մեր ժողովրդի կենցաղում լիարյուն կյանքով ապրած ուն ժողովրդական և եկեղեցական տոների ամբողջությունը. հիրավի, այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում հայ եկեղեցին և ժողովուրդը նշել են Ծնունդ, Տյառնընդառաջ, Ս. Սարգիս, Բարեկենդան, Ծառզարդար, Զատիկ, Զատիկ կամ Ս. Հարություն, Խաղողօրհնեքի կամ Աստվածածնի Վերափոխման տոն, Ս. Խաչ, Կանաչ-Կարմիր կիրակիները, Վարդավառը: Հարց է ծագում, թե ինչպե՞ս կոչել այդ տոները՝ ժողովրդակա՞ն, ազգայի՞ն, թե՞ եկեղեցական; Ընդհանուր առմամբ դրանք նույնն են: Տոների մեջ ամբողջացել, ընդհանրացել, նույնացել են ժողովրդականն ու եկեղեցականը: Ժողովրդականը հաճախ դարձել է եկեղեցական և ընդունվել եկեղեցու կողմից, եկեղեցական-քրիստոնեականն էլ իր հերթին դուրս է եկել եկեղեցու պատերից և դարձել ժողովրդական կենցաղի անբաժանելի մասը: Որոշ ծեսեր, որոնք կատարվում են տոների ժամանակ, ոչ միայն ընդունելի չեն եկեղեցու կողմից, այլև հակասում են քրիստոնեական տրամաբանությանը: Դրանք բազմաթիվ են, զանազան գուշակությունները, չարխափան կանխարգելիչ ծեսերը, հմայական ծեսերը, վիճակահանությունները, նախաքրիստոնեական աստվածներին կամ ոգիներին ներկայացնող տիկնիկները, կրակի պաշտամունքին առնչվող խարույկներըմ ջրի պաշատամունքի արարողությունները և այլն: Սակայն դարերի ընթացքում հայ հոգևորականները կարողացել են հաշտվել դրանց գոյության հետ և երբեմն նույնիսկ մասնակցել դրանց: Այսպիսով՝ բուն ժողովրդական, այսպես կոչված ազգային սովորությունների մի մասը պահպանվել, փոխանցվել է սերնդեսերունդ եկեղեցական տոների միջոցով: Հայ ժողովրդի տոնացույցում ուսումնասիրողները բացահայտում են նրա վաղնջական շերտերը, տեսնում արևի ու կրակի, ջրի ու հողի պաշտամունքին նվիրված հանդիսություններ, նախաքրիստոնեական շրջանի աստվածություններին, մասնավորապես երկրագործական աշխատանքները և անձնական ու հասարակական բարեկեցությունը հովանավորող ուժերին նվիրված ծեսեր:
  Եկեղեցական օրացույցի համաձայն, տարվա օրերը բաժանվում են երեք խմբի՝ Պահոց, Տոնական, Սրբոց օրեր: Իրենց հերթին տոները բաժանվում են խմբերի՝ Տերունի տոներ, Աստվածածնի տոներ, Խաչի տոներ, Եկեղեցական տոներ և ազգային կամ կրոնական գաղափարներին նվիրված տոներ:
  <<Տերունի>> կոչվում են այն տոները, որոնք նվիրված են Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենսագրության զանազան դեպքերին: Հայոց եկեղեցու տոնացույցում դրանք են՝ Ծննդյան և Մկրտության տոնը, Տյառնընդառաջը, Ծաղկազարդը, Սուրբ Հարությունը կամ Զատիկը, Համբարձումը, Վարդավառը կամ այլակերպության տոնը:
   Աստվածածնի տոներն իրենց հերթին առնչվում են Մարիամ Աստվածածնի կյանքի դեպքերին, մասնավորապես նրանց, որոնք կապված են Քրիստոսի հետ: Վերափոխման տոնը միակն է Աստվածածնին նվիրված ութ տոներից, որը ժողովրդականացել է, ավելին, կարելի է ասել, որ այն շարունակվել է որպես քրիստոնեությունից առաջ գոյություն ունեցած անհատական տոներից մեկը:
Եթե նախաքրիստոնեական շրջանում հայ ժողովուրդն ուներ, դիցուք, կրակի պաշտամունքին նվիրված տոն, ապա քրիստոնեական Տյառնընդառաջի ժողովրդական տոնահանդեսը քրիստոնեական արարողակարգի կողքին, շարունակեց պահպանել այդ նախաքրիստոնեական տոնի ազգային ծեսերը: Անգամ ժամանակի ընթացքում, քահանան ևս, իր մասնակցությունն է բերում խարույկներ վառելու և նրանցով գուշակություններ անելու սովորույթին: Նույն կերպ քրիստոնեական Ս. Հարության, Համբարձման տոներում պահպանվել և նույնիսկ զարգացել են ժողովրադական Զատիկն ու Վիճակը: Տարբեր ձևերով <<ծպտվելով>> քրիստոնեական հերոսների կերպարներում, երբեմն պահպանվել, գոյատևել և նույնիսկ զարգացել են որոշ նախաքրիստոնեական Աստվածների, օրինակ Սուրբ Սարգսին, նվիրված ծեսեր:
Ժողովրդական տոնը ծրագրված երևույթ չէ, այլ ժողովրդի հավաքական ու տևական ստեղծագործության արդյունք, կատարողական կողմով անընդհատ փոփոխությունների ենթակա,, բայց միաժամանակ՝ խիստ պահպանողական իր հիմնական բաղադրիչներով: Թվում է, թե երբեք ժամանակավրեպ չեն կարող լինել Ս. Սարգսի տոնին խաշիլ, Համբարձմանը՝ կաթնապուր եփելու, Զատկին <<ախառի>> սովորույթները, Վարդավառի ջրախաղերը, Ամանորին <<Տարի հաց>> թխելու վանդույթները, բարեկենդանի, Զատկի, Կրկնազատկի կամ Կանաչ կիրակիի խառը կամ խմբապարերը և այլն: Կարող են փոխվել դրանց կատարման ձևերը, երգերի տեքստային բովանդակությունը: Հազիվ թե այսօր որևէ մեկը Ծառզարդարին հարսնացուին եկեղեցում նվիրաբերություններ անի, կամ նույն Ծառզարդարին վերապահի նորահարսին <<դարձ>> տանելու սովորույթը, բայց այդ օրը նորաբոբոջ չյուղերով զարդարելու և միմյանց նվիրելու սովորույթը, մանուկների ու պատանիների <<ճեռ>> ու <<կարկաչայի>> ժամանակակից ձևերով զինված շրջայցերը կյանքի մեջ գեղեցիկ զանազանություն կբերեն: Զատիկին ձվեր ներկելու, զարդարելու, նախշելու, փնջելու ավանդույթը այնքան գեղեցիկ է, որ այն պահպանած ժողովուրդներն այն վերածել են ժողովրդական ստեղծագործության ուրույն մի բնագավառի և հասցրել այնպիսի կատարելության, որ ամբողջ սրահներ են պետք լինում դրանք ցուցադրելու համար: Հայ ժողովրդական զարդարվեստի և դասական մանրանկարչության վերազարթոնքի դրսևորման ձևերից մեկն էլ կարող է դառնալ Զատկին ձուն գունավոր թելերով <<փնջելու>> , ուլունքներով զարդարելու ու վրձնով, չորացրած կանաչներով նախշելու ավանդույթի վերականգնումը: Երեխաների մեջ գեղագիտական ճաշակ դաստիարակելու հիանալի միջոց է նրանց ծնողներին կամ միմյանց նվիրելու համար Զատկին այդպիսի մեկ ձու պատրաստելու հանձնարարականը:
Ավանդական տոնացույցի տարեկան համալիրի մեջ կարևոր դեր էր խաղում զանազան ձևերով դրսևորվող ժուժկալությունը: Կային կանոնիկ՝ պարտադիր և կամավոր, համընդհանուր և անհատական ժուժկալության դրսևորումներ: Կանոնիկ Ժուժկալությունը սահմանված էր եկեղեցու կողմից պասերի միջոցով, իսկ կամավոր ժուժկալությունը մարդիկ իրենք էին սահամնում իրենց համար: Որևէ իղձի հասնելու համար մարդիկ ուխտ էին անում հեռու մնալ այս կան այն գայթակղությունից: Դրանք պարզ , անպաճույճ ուխտեր էին, բայց մարդու օրգանիզմի վրա որոշակի բռնության կարոտ: Օրինակ ուխտ էին անում այսինչ տոնի զվարճություններին չմասնակցել: Հատկապես դժվար և կարևոր էր Զատկից ինչև Համբարձում ընկած քառասուն օրերի ընթացքում կաթնեղեն չուտելու ուխտը:
Ժուժկալության ուխտը միայն ուտելիքների վրա չէր տարածվում: Կային թե՜ կանոնակարգված, թե՜ կամավոր ժուժկալության դրսևորումներ նաև հագուստի սեռական կյանքի հետ կապված, որոշ երիտասարդ աղջիկներ ուխտ էին անում զարդեր չկրել այս տոնից մինչև մյուս տոնը, կամ այս կամ այն տոնահանդեսին: Այստեղ ևս ուխտի որոշումը, ձևը հաճախ պայմանավորված անհատի երևակայությամբ, պատկերացումներով: Ինքնազոհման ուխտի ձևը բնորոշ է բազմաթիվ ժողովուրդների, սակայն հայերիս մոտ այն իրականացվում է տոնական համակարգում:
Տոնի, տոնական հանդիսության անքակտելի մասն են կազմում խաղերը: Այսօր դրանք շտ են հեռացել իրենց ազգային ձևերից:
Տոների ժամանակ կատարվող խաղերն ունեցել են մի շարք պայմանավորող գործոններ. Նախ՝ դրանք այս կամ այն չափով համապատասխանել են տվյալ տոնի բովանդակությանը, (օրինակ՝ Զատկի ձվախաղերը, Համբարձման և Վարդավառի ճլոթին ու ճոճախաղերը, Բարեկանդանի մրվցախաղերը և այլն), երկրորդ՝ տվյալ տոնի սեզոնին (ձմեռային-գարնանային-ամառային խաղեր), երրորդ՝ տոնակատարության անցկացման վայրին (ուխտավայր, գյուղ, տան ներսում, դրսում, բակում, կալում), չորրորդ՝ խաղացողների սեռատարիքային կազմին (մանկական խաղեր, երիտասարդական, կանանց, տղամարդկանց, խառը կազմով) և այլն: Շատ են եղել ձիարշավները, ըմբշամարտերը, վազքի մրցույթները, բանավիճային խաղերը, թատերախաղերը և այլն: Բոլոր դեպքերում խաղերը պահանջում էին մտքի ճկունություն, սրամտություն, ֆիզիկական ուժ, բնաշխարհի իմացություն:
Մեր տոների ժողովրադական կատարումների զգալի մասը վկայում է, որ ժողովուրդը տոներին ի ցույց է դրել մարդու և բնության ամբողջականությունը, փոխկապակցվածությունը, տոների մեջ կարմիր թելի նման անցնում է բնության զարթոնքի հետ մարդու հաղորդակցվելու և բնության հղության հրաշալի պահին մի կողմից հողը չվնասելու, մյուս կողմից հողի բարեբեր վիճակին առնչվելու և օգտվելու ձգտումը: Գարնան կենարար ցողը տարբեր ձևերով օգտագործելու, մարդկանց և անասուններին օծելու, բուժիչ և առատացնող խոտաբույսերը հավաքելու, ողջ տարվա ընթացքում խնայողաբա օգտագործելու և բազմաթիվ այլ սովորություններ, որոնց կհանդիպենք Մեծ պասից սկսած մինչև Վարավառ ընկած տոների ժամանակ, հենց դրա վկայությունն են: Համբարձման տոնի <<դյութիչ>>, <<կախարդական>> գիշերը, երբ ողջ տիեզերքը սիրով էր շնչում, իսկ սիրահար աստղերը գրկախառնվում ու համբուրվում էին, ամուլ զույգերը, ականատես լինելով այդ տիեզերական համբույրին, կենակցում էին՝ պտղավորվելու հույսով, հավատալով, որ սիրո գիշերվա ամենազոր կախարդանքը կազդի իրենց ամլության վրա, ինչպես այն ազդում է ծառ ուծաղկի, հողի, ընդերքի վրա:
Տոներին միջոցներ են ձեռնարկվել նաև բնության ուժերին օգնելու, ինչպես, օրինակ, Ծառզարդարին պատանիներըրջում էին դաշտերում և ավետում գարնան գալուստը՝ կոչ անելով հողին արթնանալ:
Տոներին մենք գործ ունենք ծիսական, սրբազան խնջույքի հետ, որտեղ ամեն ինչ՝ բնորոշ և անհրաժեշտ ուտեստի տեսականուց սկսած մինչև մատուցման և վայելման կարգը, հերթականությունը, ժամը և այլն խորհուրդ ունի և սահմանվում է սրբազան իրականությամբ:
Ի դեպ, ոչ բոլոր տոներն են պահանջել առատ մսեղեն, որոշ տոների ժամանակ՝ Նոր Տարի, Ս. Սարգիս, Համբարձում, սեղանին մսեղեն չի եղել ընդհանրապես, սակայն դա լիարժեք ուրախությանը չի խանգարել: Ավելին, հայոց ավանդական մշակույթը վկայում է, որ մի շարք տոների ժամանակ կատարվել են ոչ մսեղեն զոհաբերություններ: Սուրբ Սարգսին՝ փոխինդ և աղանձ, Համբաձմանը՝ կաթնով են զոհաբերել և, ինչպես ընդունված է մսեղենի դեպքում այսօր էլ, բաժանել են յոթ տեղ:
Նույն սկզբունքով տոնական խնջույքների մի մասը սեռային և տարիքային հասցեականություն ուներ, կային պատանեկան խնջույքներ,  աղջիկների, տղաների խնջույքներ և այլն, և սրանք ևս պատճառաբանված էին ոչ միայն և ոչ այնքան հասարակական հարաբերությունների մշակույթով, այլև՝ տոնի ծիսական գործառույթներով: Օրինակ Համբարձման տոնին դաշտերում, նորածիլ խոտերի ու ծաղիկների մեջ տեղի ունեցող աղջկական խնջույքի վաղնջական հիմնական միտումը երկու բեղմնընդունակ ուժերի՝ հողի ու երիտասարդ, պտղունակ տարիքի կանանց համակցմամբ ինչպես հողի, այնպես էլ՝ աղջիկների բեղունությունը զորացնելն էր: Տարվա այդ շրջանում հողը երիտասարդ աղջկա ունակություններով էր օժտված:
Տոներում շատ կարևոր, զգայուն տեղ ունի սիրո թեման: Գրեթե բոլոր տոներինաղջիկների և տղաներիփոխհարաբերությունների համար սահմանված նորմեր կան, որոնք տարբերվում են սովորական օրերի հարաբերություններից: Դրանք ոչ միայն միմյանց հանդիպելու, այլև սիրո խորհրդանիշներ՝ խնձոր, փնջած ձու և այլն փոխանցելու, սիրո տաղեր երգելու, պարելու, սրամտելու, առհասարակ իրենք իրենց ցույց տալու հնարավորություններ են: Իսկ սիրո թեմայով արվող կանխատեսումները, հմայությունները, գուշակությունները տոներին անթիվ են:
Հայոց տոները շատ հարուստ երգեր ոև պարեր են ունեցել: Երգերի բովանդակությունը համարյա միշտ համապատասխանել են տվյալ տոնի իմաստին: Նոր Տարվա երգերում հնչել են ընտանիքի բարեկեցության ու անհատի երջանկության մաղթանքները, Տյառնընդառաջի, Բարեկենդանի տոներին՝ հասարակական բարեկեցության, սիրային, չարխափան-հմայական երգերն են շատ, Զատկի տոնից մինչև Վարդավառ՝ դաշտերի առատության, մարագների լիության, զույգերի երջանկության, սերնդաճի մաղթանքները, Վարդավառին՝ կատակերգերը, սիրային պչրանքը, ծաղրը և այլն: Ընտանիքին ցորեն, գարի, հաց, յուղ, մեղր, շատ անասուններ, ոսկի ու արծաթ մաղթող երգերում թեման շարունակվում էր իղձերին հասնելուցանկությամբ, սոցիալական դիրքի բարձրության ու մարդկային հույզերի նրբագույն ելևէջների ներկայացմամբ, կարոտով ու սիրով թաթախուն, ուրախ ու տխուր, թախծոտ ու կենսունակ, սրամիտ, սյուժետային, հաճախ՝ սերնդե-սերունդ փոխանցված, երբեմն՝ հանպատրաստի: Տոնական երգ ու պարին մասնակցելը, դրանց իմացությունը, մարդու գեղագիտական և հասարակական դաստիարակության մաս են կազմում: Յուրաքանչյուր տարիքային խումբ ուներ իրեն հատկացված դերակատարումը: Ծննդյան, Հարության ավետիսները, Նոր տարվա և Ծառզարդարի երգային բեմադրություններն ավելի շատ պատանիների դերակատարումներն էին, Բարեկենդանի, Զատիկի, Վարդավառի խմբային պարերի, գիշերային պարահանդեսների հիմնական մասնակիցները երիտասարդներն էին և այլն:
Անհրաժեշտ է ավելացնել, որ հայ ժողովուրդն ուներ շարժական և անշարժ տոներ՞ Անշարժ են այն տոները, որոնք նշվում են պարբերաբար միշտ նույն օրը, ինչպես Ամանորը, Ծնունդը, Տյառնընդառաջը և այլն: Շարժական տոների նշման օրերն ամեն տարի փոխվում են: Մեր տոնացույցի շարժական տոների օրերը ամեն տարի փոխվում են: Մեր տոնացույցի շարժական տոների օրերը պայմանավորված են Զատկի տոնիէ տվյալ տարին նշվելու օրով: Առանց պատճառներին անդրադառնալու պետք է նշել, որ Զատիկը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո, լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը և կարող է ընկնել մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ն ընկնող որևէ կիրակի:

Հրանուշ Խառատյան < Հայ ազգային տոները> գրքից









Արևը լույս վառեց օրվա մեջ, 
Եվ երդիկից ահա
Մի սուրբ խոնարհումով,
Եվ խորհուրդով լռին,
Դանդաղ վեր են ելում
քուլաները ծխի...

Արևը հույս վառեց օրվա մեջ,
Եվ ամեն տան բակում
Ջահել հարս ու աղջիկ
Մի նոր երգ են հյուսում
իրենց սիրեցյալին....

Արևը գութ վառեց օրվա մեջ,
Եվ իր կանչող ձայնով
Զագակատան զանգը նորից,
Ամեն օրվա նման,
եկեղեցու դուռն է բերում
Ջահել ու ծեր կանանց....

Արևը սեր վառեց օրվա մեջ,
Եվ արտերում հիմա,
Հորովելի ձայնով գովք են երգում
հազար ռամիկ ու շինական....

Արևը խինդ վառեց օրվա մեջ,
Եվ ամենուր կրկին
Զնգուն ծիծաղներով վազվզում են ահա
Մանուկները պայծառ...

Արևը ժպիտներ վառեց,
Եվ անդադար հչող կատակների ձայնից
Արդեն դադար չկա. սար ու ձոր խնդում են...


Արևը կյանք վառեց օրվա մեջ,
Եվ սարերում հնչող զրնգոցով զնգուն
Ազդարարվեց մի նոր արարման սկիզբ....

Արևը լույս վառեց օրվա մեջ....


03.01.2014թ.

ՄԱՍՐԵՆԻ

Անակրեոն

*********************
Կուզեմ երգել Ատրիդեսին,
Կադեմյան երգը երգել միայն,
Բայց քնարի լարերն իմ
Սերը միայն երգեցին:

Ես փոխեցի իմ լարերը
Եվ իմ քնարը բնովին,
Հերկուլեսի գովքն արի,
Բայց սեր երգեց իմ քնարը:

Մնաք բարով, դյուցազուննե'ր,
Մնաք բարով, դուք հավիտյան,
Քանզի լարերն իմ քնարի
Սերը երգել գիտեն միայն
 




                                                                                     
**********************
Տու'ր ինձ, մանկի'կ,
Գինին ջրով,
Տու'ր ինձ պսակ
Եվ ծաղիկներ
Անուշաբույր,
Որ կարենամ
Ես աջողակ
Մարտի ելնել
Էրոսի դեմ.



**********
Ծանր մուրճի հարվածներով
Որպես դարբին հուր մետաղով,
Զարկում է նա 
Կրծքիս տկար
Եվ հեղում է
Վրան սառ ջուր:

****
Ես հայելի կուզեմ լինել,
Որ իմ մեջը դու նայես,
Կամ պատմուճան կուզեմ լինել,
Որ ինձ հագիդ դու կրես:

Երբ մարմինդ լվանում ես, 
Կուզեմ, որ ես ջոր լինեմ,
Կուզեմ, որ երբ քեզ օծում են, 
Անուշահոտ խեժ լինեմ:

Կուզեմ լինել կրծքակապդ,
Վզիդ` գոհար, անգին ակ,
Կուզեմ լինել ոտնամանդ,
Որ ինձ կոխ տաս ոտիդ տակ: 



*****
Ես պիտ երգեմ
Նուրբ էրոսին,
Որ շողում է
Ծաղկանց միջին
Զարդարուն,
Որ հզորն է
Աստվածներից,
Որ տիրում է Սրտին մարդկանց: 







*****
Երբ տեսնում եմ պատանիներ,
Պատանի եմ դառնում ես էլ
Եվ անթացուպ ծերությանը մոռացած
Թևերս առնում նոր ուժ ու կյանք:

Կա'ց, Կյուպե'լ, բե'ր ծաղիկեր,
Պսակել եմ ես ցանկանում:
Դե՛հ, փախե'ք դուք, ճերմակ ալիք,
Պարում եմ ես զերթ պատանի:

Բե'ր ինձ նեկտարը Բաքոսի,
Որ դու տեսնես ուժը ծերի,
Ինչպես գիտեն ըմպել, ճառել
Եվ կարոտով զինվել ուժով:

*****
Չքանում են վշտերն իմ,
Երբ ըմպում եմ ես գինի,
Չքանում են թե' հառաչանք,
Թե' տրտմություն, թե' սև սուգ:

Ուզեմ չուզեմ
Պիտի մեռնեմ,
Էլ ինչու՞ եմ ես վարանում
Կյանքիս ընտրած այս շավղից:

Օ՛, ուրեմն, ըմպենք նեկտար,
Նեկտար զվարթ մենք Բաքոսի,
Քանզի վիշտն իմ չքանում է,
Երբ ըմպում եմ ես գինի: 



*****
Ճերմակացան, ու նոսրացան
Գանգուրներն իմ գլխի,
Տկարացան լնդերիս մեջ
Իմ ատամներ և մարեցավ
Հուրն աչքերիս:

Քաղցր կյանքիս օրերն արդեն
Հալվում են ու անցնում:
Հուշկապարիկն հաշվում օրերս
Եվ Տարտարն ակնկալում
Իմ ստվերին:

Զարհուրելի` ցոևտն ընդերկյա,
Մուտքը նրա բաց բոլորին,
Եվ նրանից չկա մի ելք:
Հավերժակա մոռացություն
Անդ սպասում մեզ բոլորիս:

*****
-Անակրեո'ն,- ասում էին աղջիկները,
ՙՙԾեր ես, տե'ս դու հայելու մեջ,
Թափվել են հերքը քո գլխի,
Եվ լերկ` ճակատը քո իսպառ՚՚: 

_Վարս կա գլխիս, թե վարս չկա,
Փույթ չէ բնավ, ո'վ աջիկներ,
Գիտեմ ես այ, որ ծերունուն
Վայել է խինդ, մինչ մահ դժխեմ:







******

Լի'ց գավաթդ, բարեկամ,
Լի'ց ինձ գինի լեփ-լեցուն,
Եվ այդ գինին քաղցրահամ
Խառնի'ր ինձ ջուր պաղպաջուն:

Քանզի հուրը, որ պարգևեց ինձ Բաքոս,
Թե չմարի ու մեղմանա,
Գնա', ուրեմն, բե'ր դու այժմ
Գավաթն ինձ այն անապակ:

Ըմպենք գինին լուռ, անշշունջ,
Մերժենք մարտն սկյութական,
Մինչև վերջին շունչը կյանքի,
Չլքենք մեզ այս բարիքից:



*****
Բնությունը եղջյուր տվեց ցուլերին, 
տվեց սմբակ երվարին,
Առյուծներինէ վիհ մահազեն,
Նապաստակին` ոտներ արագ:

Լուղակ տվեց նա ձկներին,
Թևեր տվեց նա հավերին,
Մարդկանց` ոգի զորության, բայց
Կնոջը չուներ պարգև նա տալու:

Եվ բոլորի նա փոխարեն
Գեղեցկություն տվավ կնոջ,
Գեղեցկությունը զենք, վահան,
Որ դիմանա հրի, սրի:



            ******
Անցան օրերն իմ մանության վայելքի,
Հերքն ալևոր գլուխն իմ ծածկեցին.
Եվ թոշնեցին գեղեցկություն և շնորհք,
Ծաղիկները և վայելքն իմ կյանքի:

Դառն հիշատակ դրոշնվեցավ իմ ճակտին,
Նրա գեղը եղծեց անգութ ժամանակ,
Եվ ինձ մնաց միայն մի կյանք տանջալի....
Որի համար ես հեծում եմ և հյուծվում:

Զարհուրելի է հիշատակը մահի,
Սև ու ահեղ է այն ճամփան, որ
Տանում է դեպ Պլուտոնի սև գահույք,
Եվ թե անգամ դու կգնաս այդ ուղին,
Օ՛, վերադարձ չունես բնավ դու անտի:

*******
Աստ հանգչում է Անակրեոն
Հողը Թեոսի ամփոփում է անմահին.
Էրոսը ոգեշնչեց երգ հիասքանչ ծերունուն
Եվ հյուսելով իր տաղերը իջավ նա մութ գերեզման:

Եվ Այդիսում խավարտչին նա թախծում է,
Եվ թախծում է ոչ նրա համար,
Որ չի շողում շողն արևի.
Նա թախծում է, որ քեզ, Մեգիստ,
Քեզ, օ՛ Ամերդիս, չի տեսնելու:

Եվ հրաժեշտ տալով ձեզ
Չի լռելու երգիչը այն:
Եվ հչում է երգը նրա արդիսեում
Որպես երբեմն երկրի վրա:









Սապֆո Ք.Ա.. մոտ. 600թ

ՙՙՀյուսի'ր, օ՛ Դեկա, քնքուշ մատներով
Պսակ ինձ համար թարմ ծաղիկներից.
Սիրով նայում են աստվածները մարդկանց,
Երբ ծաղիկներով զարդարում են իրենց.
Ով պսակ չունի, չեն սիրում նրան՚՚:








Հատված Աֆրոդիտեին նվիրված ներբողից

ՙՙՎեհ բարձունքից բազմագունյան գահույքի
Լռության մեջ նյութելով դավ խորամանկ`
Մի' քամահրիր իմ սրտամաշ թախծանքի
Ճնշված հոգուս քեզ աղերսող հառաչանք:

Օ՛, արի', ե'կ. չէ՞ որ հին օրերին
Ունկդ արթուն` աղերսանքիս խոնարհած`
Շանթնկեցի ապարանքն իսկ ոսկեղեն
Դու ինձ համար լքեցիր ու եկար ցած:

Տատրակների երամը ժիր քաջաթև
Թռցրեց քո անվակառքը օդապար,
Եվ եթերի կոհակները ճեղքելով,
Նետի նման սուր սլացավ դեպի վար:

Եվ ցոլալով անմահական քո գեղով,
Անակնկալ դեմս ելար յարթմնի,
Հարցրիր ինձ` արդյոք ի՞նչ է եղել ինձ,
Ինչու՞ համար կանչում եմ քեզ սրտալի:
Ասիր. ՚՚Արդյոք ի՞նչ ես հայցում ինձանից.
Գուցե անսեր մեկի սե՞րն է քեզ այրում.
Ո՞վ` այդ համառն, ու՞մ ես պտրում անձկալից,
Ո՞վ `, Սապֆո, գին չի դնում սիրուն:

Թող, որ չունի սրտի մեջ քեզ նա հիմա,
Նա կսիրե խելակորույս քեզ մի օր,
Խորթանա թող, վերջը քեզ չի թողնի նա`
Եթե անգամ ինքդ սառչես նորից նոր:

Ե՛կ, ուրեմն, այժմ էլ արի', վեհանու'շ,
Ցրիր սրտիս անձուկները չարաղետ,
Եվ բաղձանքս դու ածելով ի կատար
Եղի'ր դաշն հավատարիմ դու ինձ հետ՚՚:


 *****
ՙՙՏանիքը բարձր, բարձր կառուցեք,
փառք հարսանիքին,
Ատաղձագործնե'ր, ամու'ր կառուցեք,
փառք հարսանիքին:
Գալիս է փեսան որպես մի աստված, որպես զորավար,
Նա, որ բոյով է, շքեղ է անմահ աստծու նման՚՚:
ՙՙ Դու երկար ապրես հարս,
Դու էլ շատ ապրես, պատվարժան փեսաս՚՚:



















Ալքայոսի սիրո խոստովանությունը Սապֆոյին

ՙՙ Սրբասու'րբ Սապֆո,
Քնքուշ ժպիտով Սապֆո.
Գանգուրներիդ մեջ
Կապույտ մանուշակ, Սապֆո:

ՙՙՇուրթերիցս ահա
Ուզում է թռչել մի խոսք, հանդգնել,
Ամոթը նրան
Չի թողնում թռչել,
Չի թողնում հնչել՚՚:

Սապֆոյի պատասխանը

ՙՙԵթե այն, ինչ ցանկանում ես դու, լիներ լավ, եթե այն, ինչ ցանկանում ես դու, ասելը չլիներ ամոթալի, ապա ամոթը չէր ճնշի քեզ և դու ազատ կարտահայտեիր քո բոլոր ցանկությունները՚՚:




*****
ՙՙ Փայլուն լուսնի շողերի տակ
Նիրհով պատած երկրի վրա,
Աղոտ լուսով թաքնվում են
Աստղերը երկնքում գիշերվա:
Եվ առվակը սառնորակ գալարվելով
Խոխոջում է թփուտներում:
Նիրհն իջնում է երկրի վրա,
Մթության մեջ ծաղիկների խշխշուն՚՚:









Արև եմ ուզում....

Ուզում եմ օրն այս մի քիչ այլ լինի,
Ուզում եմ բացվի ուրիշ գույներով,
Թող այսօր մի քիչ բարին վարարի,
Թող որ ամեն ոք արարի այսօր:
Թող որ գտնի նա՝ ով շատ է կորցրել,
Թող նա հավատա, ով հույսն է կտրել,
Թող այսօր մի քիչ գույնը շատ լինի,
Այսօրվա գինին թող որ թունդ լինի:
Թող արբեցումը ապրեցնող լինի,
Թող հորդան այսօր սիրո անձրևներ,
Թող պայքար լինի, կասկածն ընկրկի,
Եվ պայքար՝ հանուն, ո՛չ թե դեմ լինի...
Ուզում եմ մի քիչ հավատանք մենք մեզ,
Հավատանք իրար՝ հավատն է հավերժ,
Լինենք ողորմած, բարի, լավատես,
Ներենք ու սիրենք, հույս ու լույս սփռենք:
Բարի լույս աշխարհ, բարի երթ այսօր,
Ուզում եմ այսօր դու էլ վարարես
Բարին կերտելու այս կտավի մեջ...
Արև եմ ուզում....

20.06.2013թ.
Մարտիրոսյան Գոհար

Սիրով սրբագրում



Սիրել եմ ուզում…
Սիրել եմ ուզում այնպիսի սիրով,
Որ սիրով լցնեմ այն՝ ինչ որ սեր չի…
Սիրել եմ ուզում ես վատը անգամ,
Ուզում եմ սերս սրբագործ լինի:
Թող սերս, ինչպես հարբեցնեղ գինի,
Մարդկանց սրտերից չարը դուրս վանի:
Ուզում եմ սերս հրդեհի նման
Մաքրի ու սրբի, այրի անվարան,
Այն, ինչ որ սեր չի…
Ուզում եմ Բարին շատանա մի քիչ,
Թեկուզ սպառվեմ-պառավեմ՝ ոչի՜նչ,
Միայն սեր լինի… սեր՝ մաքուր ու ջինջ…
Սիրվել եմ ուզում…
Սիրվել եմ ուզում այնպիսի սիրով,
Որ էլ ամպերից արցունք չկաթի,
Որ այս ժեռ քարը ցավից չպայթի,
Արևից ուրի՛շ ժպիտներ թափվի…
Թող գոնե այսօ՜ր ինձ բախտը ժպտա՛
Ու անձրևը այս ինձ մի քիչ սիրի,
Թող որ ողողի կաթիլներով իր
սիրտս փոշոտված ,
Թող ջերմ փայփայի վերքս փշոտված,
Ցավս քնեցնի ձայնով կաթոցքի…
Ուզում եմ այսօր, այստեղ ու այսպես
Երկինքը երկնի սիրակաթիլ մի անձրև վարար,
Եվ թող կամուրջվեն ծայրերն աշխարհի
Յոթնագույն լուսե կամարով սիրո,
Ուզում եմ չարը այս ծեր աշխարհի
Սերը, գլխահակ սրբագրի պես, մաքրի ու տանի…

ՄԱՍՐԵՆԻ
20.06.2013Թ.

ՄՈՆԹԵԻՆ…


Այսօր ուխտ եմ արել քո շիրմին, հերո՜ս,
Ուխտել եմ ՀԱՅ մնալ արժանի…
Լռել եմ քո ժայռոտ ստվերում,
Խորհել քո մասին, ու ազգի…
Ամոթ ու ցավ է սրտումս հերո՜ս,
Անտեր է այսօրն այս ազգի…
Շիրմաքարիդ  նստած լսել եմ լուռ
Հնչեցրած խոսքիդ արձագանքը լռին,
Նայել եմ երկար, քո տապանին.
Ափսոս էր քո կյանքը դալար…
Քո հայացքի մեջ նույն ցասումն ու սերն էր,
Որով սաստել ես դու՝ դեռ հին,
Մեզ ներսից կրծող, անիրավ,
Քայքայող կասկածները  մթին…
Լռության մեջ ներսով լսել եմ այսօր
Զարկերը քո առյուծ սրտի,
Ալիքը խոսքիդ հասել է ինձ,
Ների՜ր ինձ, հերո՜ս իմ ազգի…
Արած-դրածիցդ շատ բան պակաս է,
Քո ավելացրածից շատ ենք կորցրել,
Քո գաղափարից օտարվել ենք մենք,
Ու քո արյունը մի քիչ… ուրացել…
Ես քեզ այսքան մոտ վաղուց չեմ եղել,
Եվ այս անգամ էլ՝ ուրիշ է մի բան,
Քո ոգու բովով սրբագործվել եմ,
Նոր է, նորացած, ի՜մ ոգին անգամ…
Քո ոգին Հայկի դարից է եկել,
Քո մեջ ապրում էր է՛ն Դավիթը ծուռ,
Քեզնով բարձր ենք, քեզնով ամրակուռ,
Բայց քեզնից այսօր մի քիչ շեղվել ենք…
Այնքան ցավ ու վիշտ, բարկություն կա, որ
Խենթանալիք է, գոռալ եմ ուզում… բայց…
Չէ՛, լռում եմ… դու ննջիր խաղաղ,
Այս սուրբ օջախում բղավել՝ չկա՛,
Ու աղոթում եմ… մտքում ծնվում է մի անբառ աղոթք.
Փա՜ռք քեզ, հազար փառք…
Թող որ քեզ նման շատերը ծնվեն…

Աղոթքիս իբրև վերջաբան պիտի
Չխաչակնքեմ երեսս ամոթ,
Բռունցքս պիտի պրկվի ինքնակամ…
Եվ կզսպեմ ես համբույրս անգամ,
Ու չեմ համբուրի շիրիմդ, հերո՜ս,
Մինչև որ դրան արժան կդառնամ
Ինչ-որ մղումով սուրբ-ազգայնական…