воскресенье, 19 октября 2014 г.

Հոգեբանները թեսթեր ունեն, որոնցով ստուգում են մարդու հոգեկան առողջությունը։ Ձեզանից շատերը երևի լրացրած կլինեն նման թեսթեր։ Որպես կանոն, հազար ձևով նկատած կլինեք նույն հարցը, արդյո՞ք հեշտ է փոխել ձեր տրամադրությունը, կամ երաժշտությունը կարո՞ղ է ազդել ձեր տրամադրության վրա և նման այլ հարցեր... Ու որպես կանոն՝ դրական պատասխանը անկայուն հոգեկան վիճակ է մատնանշում... Անկայուն հոգեկան վիճակ։ Գրո՛ղը տանի, ի՞նչ է նշանակում անկայուն հոգեկան վիճակ։ Մարդիկ հո ռոբոտ չե՞ն։ Մարդկանցից սառույց ե՞ք կերտում...
Հիմա էս խոսքերը գրելիս Ռուսաստանում եմ։ Մի տարի ուսումնասիրելուց հետո, որ քիչ չի կարծում եմ, մի շատ հաստատ հետևություն եմ արելՁյունե Թագուհի» մուլտֆիլմը էստեղ շատերին բնորոշ ներաշխարհ է։ Չգիտեմ՝ դա հյուսիսի՞ց է, թե՞ հյուսիսն է դրանից... Էդ հարցին պատասխանելու համար, թերևս, դեռ մի տաս տարի էլ հարկ կլինի ապրել էստեղ....
Բայց, գրո՛ղը տանի... դու էլ ես սառում...
Չեք նկատե՞լ, մարդկությունն է սառում։ Բոլորը գլոբալ տաքացումից են խոսում։ Գլոբալ տաքացումը, թերևս, մարդկանց շորերն է հանում, բայց ներսում սառույց է։ Մենք անգամ նորմալ սիրելն ենք մոռացել։ Հիշու՞մ ես, առաջին անգամ սիրածդ աղջկան (չգիտեմ՝ սիրած, սիրահարված, հրապուրվա՞ծ արդյոք, միթե՞ էական է...) տեսնելիս սիրտդ ո՜նց էր թպրտում... ոտքերդ ծալվում էին... Հիշում ե՞ս՝ երբ ես զգացել վերջին անգամ նույնը...
Երաժշտությունը շատ բան կարող է փոխել. տրամադրությունն էլ կարող է փոխել, հոգեվիճակն էլ կարող է փոխել, ու՝ գրո՛ղը տանի, դա հոգեկան անկայունության մասին չէ, որ խոսում է, դա հոգու չսառելու մասին է խոսում...
Գլոբալ տաքացում է... հանվում ենք... մարդիկ մերկանում են... ես մարդկանց մերկ հոգին եմ ուզում տեսնել... կա՞... Մերկ մարմին տեսնում ենք... Չէ՛,... ես մերկ հոգի եմ ասում...
Կա՞... չէ՛, երեխեքը չէ, ...երեխեքն էլ արդեն սառն են երեխա ժամանակվանից։ Ընկերս պատմում էր, թե երեխան պատուհանից ճնճղուկ էր տեսել, մատներով մոտեցել է պատուհանին ու ցուցամատով ու բութ մատով փորձում էր մոտեցնել թռչնակին՝ զում էր անում, ոնց հեռախոսների էկրանին են անում...
Գրո՛ղը տանի, էդ զիբիլն երեխեքից հեռու պահեք... Էդպես շարունակվի՝ էդ երեխեքը չեն իմանա ճնճղուկն ինչ է։ Ես մեր պարսատիկների մեջ, որ ճնճղուկ խփելու համար էինք սարքում, բայց էդպես էլ երբեք չկարողացա ճնճղուկ խփել, ավելի շատ կյանք եմ տեսնում, քան էս սառած «քաղաքակրթության»։
Երկու աքլոր ունեինք՝ մեկը մեկից կատաղած, այգի չէի կարողանում իջնել, փոքր էի՝ հարձակվում էին վրաս։ Մի անգամ էլ, էդ հիմար արարածներից մեկի խելքին փչել էր աքլորությունը ի ցույց դներ մի «անմեղ» երեխու վրա՝ ի դեմս ինձ։ Մեծ տատս՝ տատուս հորքուրը, հետս իջավ այգի, ասեց ցույց տուր՝ ո՞ր մեկն էր։ Գրո՛ղը տանի, էնքան նման էին իրար էդ երկուսը, ինձ թվում էր, որ դա՛ էր, հա՛, թվում էր՝ որ դա էր, արդեն սկսեցի նաև համոզվել, քայլվածքից... մեծ հաշվով արդեն մեկ էր... Տատս, արդեն մի ձեռքին աքլորը, մյուսին՝ դանակը, կանգնած էր այգու ծերին՝ ես էլ կողքը... Հեչ մտածել ե՞ք, թե ինչ է զգում դատավորը, որին թվում է, թե ինքը սխալ մարդու է մահապատժի դատավճիռ կարդացել հենց նոր... Ավելին ասեմ, իսկ եթե էդ դատավորն էդ դատավճիռն իր ձեռքով էլ իրականացնում է՞...
Կյանքիս մեջ առաջին մորթն էր... Երևի՝ վերջինը.... Հուսամ՝ վերջինը... Հուսամ՝ հարկ չի լինի երկիրս, ազգս կոտորել ցանկացող ոսոխի կոկորդ կտրել էդպես... Սկզբից խաչ ես անում վզին... խեղճ հայվանը վիզը երկարում է... հետո պիտի թողնես արնաքամ լինի... բայց էլի թպրտում է... Հոգեբանները կասեն՝ հոգեկան տրավմա է փոքրուց ստացել... Չէ՛... վա՛խս անցավ... էլ աքլորներից չէի վախենում... էն մյուս աքլորն էլ դադարեց աչքիս ամենավտանգավոր արարածներից մեկը լինելուց...
...
Դաժանացա՞..., Չէ՛, Կյանքն ավելի՜ սիրեցի... Փողոցում չէի կարողանում կռացած տատիկ տեսնել՝ ու պայուսակը ձեռքից չառնել, ու մինչև տուն չուղեկցել... Ո՞վ գիտի, ինչքան կյանք էր մնացել իրեն ապրելու... Ո՞վ գիտի, էդ ողնաշարն ինչ բեռան տակ էր էդպես կորացել... ու ինչի՞ պիտի մարդ ծերանալուց կռանա... մտածե՞լ եք երբևէ... կարծես՝ մենակ մարդն է հասակի հետ կռանում, կուչ գալիս... մեղքե՞րն են շատանում, թե՞ բեռը... չգիտեմ, իմ մանկական ուղեղին հասու չէր, իսկ ֆիզիոլոգիան երբ անցանք՝ արդեն մանուկ չէի, որ հասկանայի...
Երաժշտությունը եղանա՞կ է փոխում... Իսկ հայերենում երաժշտության հոմանիշ չէ՞ արդյոք եղանակը... Եւ արդյո՞ք միայն հայերենում չէ եղանակը նաև եղան...
Իսկ որքանո՞վ ենք մենք տիրապետում հայերենին... իսկ ինքներս մե՞զ... եթե անգամ երաժշտությունն է եղանակ փոխում, իսկ մենք եղանակի տեսությանն ենք հետևում ընդամենը... ի՞նչ կարող ենք անել՝ մի քանի կրակոց երկինք բաց թողնելուց զատ...՝.... եթե կարկուտ է սպասվում... իսկ եթե շոգ է՞... ՝ հանվում ենք... մարմիններն ենք մերկացնում... Բայց եղանակն արդյո՞ք մարմինն է սառացնում կամ տաքացնում... Հապա՛, ինչի՞ է մարդ համարվում բարձրագույն էակ, եթե օձի պես չի սառում ցրտին... էդ դեպքում՝ բացատրե՛ք ինձ, ի՞նչ է նշանակում «ջերմատվություն» եզրույթը... Մի՞թե դա հոգու ջերմություն տալը չափելու համար չի հորինվել (հա՛, հենց հոգու ջերմությունը, ո՛չ թե հոգին տալը )... Մենք ասում ենք՝ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, մենք ասում ենք՝ Մարդը՝ Տիեզերքի կենտրոն, Մե՛նք... ասում ենք ՄԱՐԴԸ՝ Տիեզերք... գրո՛ղը տանի, ձեր տիեզերքի գալակտիկայում մի՞թե բոլոր արևները սառել-մարել են... Մի գաճաճ աստղ էլ չի մնացե՞լ... Դուք ի՞նչ տիեզերք... դուք տկլոր մարմին եք... առանց մերկ հոգու...
...
Ու ամո՛թ է... ամո՛թ եք զգում... հոգու մերկությունից... հա՛, հոգու՜... Մարմնի մերկությունն այլևս ամոթ չէ... մեր էկրաններին, մեր մտքերում, մեր գրքերում... ամենո՛ւր գրեթե՝ մերկ մարմին կհանդիպես... գրո՛ղը տանի, անգամ գործիդ մեջ...
Ես մերկ հոգի եմ փնտրում... որին տեսնելուց սիրտդ կթրթռա, եթե սիրտ մնացել է ներսումդ...
...
Մեծ տատուս հետ չար կատակ էի արել... ամբողջ կյանքում չեմ մոռանա... անգամ մահամերձ ժամանակ՝ իմ մատներով մեր տնամերձ թթենուց հատ-հատ քաղած թութը, որ դողալով հասցրի՝ չի քավի մեղքս... մի մեծ բան չէր արածս, մանկական չար երեխայություն... իսկ ի՞նքը... Ինքը մի կին, որ ամբողջ կյանքում իր՝ պատերազմից հետ չեկած տղուն սպասեց՝ իր ախպոր աղջկա երեխեքին պահել-մեծացնելով, էդ երեխեքի մեջ իր տղուն էլ ապրեցնելով... ինքը, որ պապուս ապտակ էր տվել, իսկ թե ինչի՞՝ ո՞նց կարար պա՛պս, ՊԱ՜ՊՍ, ումից շատերն էին դողում, ով իր երկու մարդաբոյին էր, իր երեխուն ապտակեր... ընդամե՜նը՝... գրքի մի էջ պատռելու համար.... ո՞նց կարար պապս իր աչքի դեմ՝ իր պահած երեխուն ապտակեր... ու ինքը՝ մեծ տատս, հա՛, չէր մարսի, ապտակեց պապուս... բայց ինքն էլ չմարսեց էդ ապտակը... Չէ՜, պապս,... պապս կյանքում կնոջ վրա ձեռք չէր բարձրացնի... պապս լուսավոր մարդ էր... Ու հենց դրա համար մեծ տատս չմարսեց... ամիսներ շարունակ դարդ էր անում. Թե՝ ես ո՞նց կարացի, ես ո՞վ դառա՝ էդ մարդուն ապտակեցի... ախար ինքը.... ախար ինքն իրեն, որ էս աշխարհում չունի էլ ոչ ոք՝ իրեն աշխարհ էր սարքել իր տանը... Բայց չէր փոշմանում՝... ո՞նց կարար իր պահած երեխուն իր աչքի առաջ ապտակեր, շատ էլ որ էդ երեխու հերն է...
Է՜խ, Հայկանու՛շ, հիմա եմ հասկանում՝ ինչ էիր զգում, երբ որ դանակը ձեռքս տված՝ պահում էիր, որ մորթեի էդ աքլորին... էդ աքլորի հետ երևի դու էլ ներսումդ, հոգումդ, հազար անգամ մորթվեցիր... բայց պետք էր՝... տղան չպիտի՛ վախենա... ու երևի հնուց եկած ադաթ էր (չգիտեմ դեռ), երևի մեծի խոսք էր՝ վախն արյունով չափելը...
Ու արդյո՞ք սա էն մեծ մեղքն էր, որ ես գործեցի... Չէ՛, մենք` մարդիկս, ՄԵՆՔ՝ որ Տիեզե՜րքն ենք (չէ մի չէ) ... մեր կյանքում հազարավո՛ր, անթի՜վ մեղքեր ենք գործում, ու դեռ գործելու ենք... հա՛... մերն իր ձեռքով երեխուն է սպանում... ինչի՞...՝ ...ո՛չ ճիշտ տեղում, ո՛չ ճիշտ մարդու մոտ մարմինն էր մերկացրել՝ առանց նրա մերկ հոգին տեսնելու...
Ու հիմա... հիմա էս երաժշտությունը... հիմա ես եղանակը... էս եղանակը շերտ-շերտ հոգուս շորերն է հանում... Ու ես իմ հոգու մերկությունից ամաչում եմ... Ո՞վ չի ամաչում... Միթե՞ ամոթն էլ էդ աստիճան ապականվել է... չէ՛, հուսա՜մ՝ չէ...
Հետս «Նարեկն» եմ բերել... կեսը կարդացել էի... կիսատ թողեցի... պատրաստ չէի՝... մերկ հոգուս չէի կարա նայեի... դե իսկ նայելուց հետո, վստահ չէի, թե էլի հոգուս շորեր հագցնելու գայթակղությանը կդիմանամ... Հետս ման եմ տալիս «Նարեկը»... «Նարեկը» եղանակ է փոխում... Չէ՜... «Նարեկը» եղանակ է ստեղծում... Դեռ կկարդա՛մ... Ե՞րբ... Ես էլ չգիտեմ, երևի երբ երեխուս լողացնելուց ինքս ինձ նայեմ, ինքս ինձ տեսնեմ... ու եթե ինքս ինձից դեռ չզզվեմ (ու հուսամ չեմ զզվի, չէ՞ որ շորերով հոգուց մերկ հոգի չի ծնվում... պիտի մերկանան հոգիները՝ որ նոր հոգու կյանք տան... (Չէ՞ որ մարդը Տիեզերք է... (կասկածո՛ղ լիներ...)..)…)… իսկ եթե չզզվե՞մ, էլ արժե՞ կարդալ...
Բայց...չէ՞ որ «Նարեկը» հոգիներ մերկացնելու համար է.... հոգի մաքրելու համար է... Չէ՜, կկարդա՛մ, հաստա՛տ...
Էրեգ ձյուն էր, երկու օր է՝ ձյուն է... առավոտ արև էր... մայրամուտը շատ չուշացավ... Առավոտն էի ուղղակի ուշ նկատել... Դիմացի շենքը կարմրին էր տալիս... ֆոտոխցիկով ֆիքսեցի արևի մերկությունը՝ մայրամուտին արևը մերկանում է... դրա համար էլ կարմիր է... չէ՛... աշխարհն է կարմրում... աշխարհը դեռ չի կորցրել ամոթը՝ մերկությունից կարմրում է դեռ... իսկ ե՞ս... Ես ամաչեցի դիմացի շենքի կարմրած թուշը մերկ նկարել... պատուհանիս հալված ձյուն էր... չէ՛... դպրոցում անցել էինք, ո՞նց էր կոչվում դա, գրո՛ղը տանի...՝... սառցե գոլորշիներ... հիշեցի՛... ի՞նչ տարբերություն՝ ոնց էր կոչվում... դուք հասկացաք, ես էլ հասկացա... սառցե գոլորշիները պատուհանին վարագույր էին դառել՝ դիմացի շենքի մերկությունը ծածկելու համար... բայց ես նկարեցի... թաքու՜ն... ամոթ էր...
Մտածել ե՞ք՝ ամոթն ինչ է... իսկ ափսոսանքը՞... իսկ ի՞նչ տարբերություն՝ ամոթի և զղջալու միջև...
Ասում են՝ գիտնականները բացահայտել են տարբերությունը... հավանաբար, ոնց որ սերն է՝ մի քանի քիմիական տարրի դոզայի փոփոխություն ուղեղում, որը հետո հոգեկան հիվանդություն դարձավ համաշխարհային առողջապահական կազմակերպության թեթև ձեռքով... ամոթն էլ մի քանի այլ նյութի դոզայի փոփոխություն է, իսկ զղջանքը՝ այդ դոզայի մի նոր չափ... Համալսարանում լեկցիա ունեինք... Ռեկտորն էր կարդում... լեկցիան չեմ հիշում... հիշում եմ, որ ընդմիջմանն երեխեքից ոմանք նվագում էին՝ եղանակ էր փոխում... բայց լեկցիայից մի նախադասություն եմ հիշում. Դոզան է , որ դեղը դարձնում է թույն, իսկ թույնը՝ դեղ...
Միգուցե... Երևի Համաշխարհային բժշկությունը չարաշահել է սիրո դոզան, որ հոգեկան հիվանդություն է համարում... Հուսանք՝ ամոթի և զղջանքի դոզայի հետ զգույշ կվարվեն...
Հուսանք...
Իսկ եղանակը՞... իսկ եղանա՜կը...
Իսկ եղանակն ունի՞ դոզա...
Նույն երգն ինչքա՞ն կարելի է լսել... Այս հարցին թերևս հոգեբաններն ավելի պրոֆեսիոնալ պատասխան կունենան...
Իսկ ե՞ս... Ես մոռացել եմ գրելը... Ես վաղուց չեմ գրել... Ե՞րբ մոռացանք գրելը... Վերջին գրողները երևի Սյունիքի ժայռապատկերներով են ստեղծագործել. դրանից հետո մարդիկ բանաստե՜ղծ են կոչվել... Ինչի՞, որովհետև «գրող» բառն էլ են արժեզրկել... գրողի հոգին թողած՝ գրողի ծոցն են ուղարկում մարդկանց...
Դրա համար գրողներն էլ են շատացել... իսկ լավ բանը քիչ է լինում՝ պապական խոսք է...
Է՜հ, Հայկանուշ, վախենում էիր՝ թե թուրքերը կգան, Գորիսը կգրավեն, դու էլ պառավ՝ մեր գլխին բեռ կդառնաս... Հոգիդ լուսավորվի, ա՛ կնեկ... Չտեսար՝ ոնց հաղթեցինք... Հոգիդ լուսավորվի...
Չէ՛, գիտե՜մ, լուսավորվե՜լ է... ասե՛լ են... հա՛, ասում են՝ մեր տան գլխին մի բարի կնոջ հոգի է պտտվում ու չար աչքերից պաշտպանում...
...
Գրո՛ղը տանի էս եղանակը... էս մեղեդին... էս եղանակը եղանակ է փոխում... լավ է՝ հիմա ես փոխեմ էս եղանակը, թե չէ սա ինձ կփոխի.... ու թքա՛ծ, թե հոգեբանները դա պաթոլոգիա են համարում...
Մարդ իր մերկ հոգուց չպիտի ամաչի...


19.10.2014. ք. Յարոսլավլ.
գ.ժ. 04:22
Մարդու մասին մտորումներով՝ Զաքար Խոջաբաղյան