вторник, 22 марта 2016 г.

Եղիշե Թադևոսյան «Հանճարը և ամբոխը» (1909թ)

























Կտավ, յուղաներկ 152x149 սմ


Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» ստեղծագործությունը միայն իր մեջ ներդրված գաղափարով արդեն իսկ բացառիկ է, այն ուշագրավ է նաև կոմպոզիցիայի, գույնի, տրամադրության առումներով: Եվ հենց այս յուրահատկություններն էլ, գեղանկարչական արժանիքների հետ, ավելի են արժևորում այս ստեղծագործությունը: Թեման, որը Թադևոսյանը ընտրել է այս աշխատանքի համար, ինչ խոսք, խորքային է, համամարդկային, և որքան էլ այն համամարդկային է, այնքան էլ խորապես անձնական՝ հենց հանճարի համար: Մեկը, ով դուրս է իր ժամանակից, իր իսկ գաղափարների, զգայունության, խորաթափանցության, տաղանդի, երևույթների մեջ մինչև ամենախորքը թափանցելու և հասկանալու ունակությամբ, ով առաջ է մտածում իր ժամանակից ու  ժամանակակիցներից՝ անհասկանալի ու անըմբռնելի լինելու աստիճան, գտնվում է ամբոխի մեջ: Իսկ ի՞նչ է ամբոխը, եթե ոչ առօրյայով ու ժամանակով սահմանափակված մարդկանց խումբ, որը չի կարող անգամ երևակայել այն, թե ինչե՜ր կան կյանքում, որ իրենց գիտակցությանը հասու չէ... Եվ ահա այս բախման մեջ, իհարկե, հանճարը ակամա հայտնվում է նշանակետում: Ամբոխը կարող է նրան վերաբերվել անգամ որպես խելագարի, այնպես՝ ինչպես ամբոխը խաչեց Քրիստոսին, նույն կերպ և հանճարին չի հասկանում: Կոմպոզիցիոն, գունային և արտահայտչականության իմաստով այս աշխատանքը ամբողջովին արտահայտում է այն բարդ, ծանր ր ողբերգական իրականությունը, որը կա հանճարի շուրջ և նրա հոգում: Ապրումները, որոնք կեղեքում են նրան, ամբոխը, որը հետապնդում է վերջինիս: Լինելով ամբոխի մեջ, գլուխը ձեռքերի մեջ առած նրանից փախչելով, հանճարը միաժամանակ առաջնորդում է այդ ամբոխը... Սա հակասությունների երկու բևեռներ արտահայտող լուծում է, որը նկարչին գերազանցապես հաջողվել է: Գունային լուծումների և մանր վրձնահարվածների շնորհիվ Թադևոսյանը հասել է նյարդային և հոգեբանական այն գագաթնակետին, այն պրկված լարվածությանը, որն ըստ էության, կարող է պայթել ամեն մի վարկյան: Թվում է՝ ուր որ է, նրա վրա մեկը քար է նետելու.... Ահա այս լարումն է, որ ասես գամում է դիտողի հայացքն ու ստիպում մի պահ կանգ առնել այն մտքի վրա, թե արդյո՞ք նույն իրողությունը չէ, որ մարդկության պատմության մեջ կրկնվում է բազմաթիվ անգամներ...  Այո՛, հենց այդպես է, որ կա... Եվ ո՞վ կարող է պտտել կյանքի անիվը, եթե ոչ հանճարը... Վերջինիս՝ ցնորվածության աստիճանի հասած մարդու հայացքը, որում պարզ կարդացվում է այն ցավը, անզորությունն ու կսկիծը, որ ապրում է նա, ասես ողջ լարվածությամբ տիրում է կոմպոզիցիայի տրամադրության վրա: Այո՛, հենց այս աչքերն են մեխը, որի շուրջ, ինչպես ծովի  մեջ նետված քարի շուրջ, ալիք-ալիք գնալով մեծանում է լարվածության շղթան, և որքան մեծ է հանճարը՝ նույնն է թե՝ քարը, այնքան ուժգին են ալիքներն ու այնքան սեղմող՝ շուրջը տարածվող օղակները:

Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» կտավը խորը հոգեբանական դրամա է, դառը ճշմարտություն և աննկարագրելի լարում արտահայտող ստեղծագործություն, որ կարող է փոխարինել հազարավոր բառերի, որոնք կասվեն: Այո՛, թերևս այս քարացած լարվածության մեջ ավելին կա, քան ցանկացած խոսքում կարող է լինել: Այս կտավը իր ստեղծողի ինտելեկտի, հոգեբանության, խորաթափանցության և վարպետության ամենակենսունակ վկան է, որ թերևս ավելին է, քան պարզապես ստեղծագործություն: Այն կարծես սթափության կոչ է, ճիչ, որ մնում է անլսելի, քանզի կյանքի օրենք է, հանճարն իր ժամանակի մեջ խելագարի պիտակն է կրում... Ու նա այս ստեղծագործության մեջ ասես փախչի իր ժամանակից, որ դարերը փաստեն նրա հանճարեղությունը...
Թադևոսյանի այս աշխատանքը այն բացառիկներից մեկն է համաշխարհային արվեստում, որ մի՛շտ կմնա կենդանի, շնչող, արդիական ու միշտ կգտնվեն նրա խորքը թափանցող հայացքներ, որոնք երբևէ կանգ առնելով, իրենց հարց կտան, թե արդյո՞ք նույնը չի կրկնվում մեր ժամանակներում....                                  












Комментариев нет:

Отправить комментарий