пятница, 25 марта 2016 г.

Իմպրեսիոնիզմը հայ արվեստում: Եղիշե Թադևոսյան և Վահրամ Գայֆեճյան

«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է» (Եղիշե Թադևոսյան)

Հայ կերպարվեստում իմպրեսիոնիստական մոտեցումներով աչքի ընկնող արվեստագետներից են Եղիշե Թադևոսյանը և Վահրամ Գայֆեճյանը: Վերջիններիս արվեստը, թեև ոչ ամբողջովին, սակայն լի է իմպրեսիոնիստական մոտեցմամբ: Տեխնիկապես լինելով անհատական, և՛ Թադևոսյանի, և՛ Գայֆեճյանի ստեղծագործությունը լի է իմպրեսիոնիստական լույսով ու գույնով, տրամադրությամբ և ընկլամամբ: Երկուսի հայացքն էլ, որպես արվեստագետի, աշխարհին ուղղված է տպավորությունների բացահայտման պատուհանից:
«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է», ահա Թադևոսյանի խոսքերը, որոնք լավագույնս ներկայացնում են հենց իր ստեղծագործությունը, ով ներկայանում է որպես  գույների, լույսի, տրամադրության, էտյուդի վարպետ: Շրջելով Թադևոսյան նկարչի «պատկերասրահում», մենք տեսնում ենք թարմաշունչ, հախուռն, ներգործող արվեստ՝ ունակ հմայելու և ջերմացնելու: Արվեստ, որ ամենատարբեր կողմերով ներկայացնում է ժամանակի հայ իրականությունը՝ նկարչի ընկալմամբ:
Լինելով հայ պլեներային նկարչության հիմնադիրը, Թադևոսյանը իր արվեստում առավելագույնս արտացոլեց իմպրեսիոնիզմի լույսն ու օդայնությունը, թեթևությունն ու կենսուրախ անհոգությունը՝ փայլելով գունային նրբերանգների կիրառման վարպետությամբ: րվանդ Քոչարը նրան համարում է «... Մեծ հոգու տեր և խորոնկ կուլտուրայով հարստացած » մարդ, ով նաև «մեծ երախտավոր էր թե՛ իր արվեստով, և թե՛ իր հասարակական գործունեությամբ»: Այս բնութագրմանը ավելացնենք ևս մի բան, որ Թադևոսյանի աշխատանքները ներթափանցված են հայրենի բնության և մարդկանց նկատմամաբ վեհագույն սիրով և ջերմությամբ: Թադևոսյանի աշխատանքներում անկարելի է չնկատել գույների արձագանքները մեկը մյուսի մեջ, ինչը ստեղծում է մեղեդայնության և պոետականության տպավորություն՝ առաջացնելով ջերմության, բնության հանդեպ սիրո և անրջելու զգացումներ:

Գալով Վ. գայֆեճյանին, պետք է նշենք մի անչափ կարևոր փաստ. Նկարչի թե՛ գրաֆիկական և թե՛ գեղանկարչական աշխատանքներից, ասես խավարի մեջից, լույսի նման հորդում է իմպրեսիոնիզմի ցոլքը: Որպես օրինակ, նշենք երկու աշխատանք՝ «Աղջիկը պատուհանի գոգին նստած» (1937թ.) և «Աղջկա դիմանկար» (1946թ.), որոնցից առաջինը գեղանկարչական, իսկ երկրորդը՝ գրաֆիկական աշխատանք է: Կատարված լինելով տարբեր տեխնիկաներով, երկու աշխատանքներն էլ ողողված են այնպիսի նրբերանգային հմտությամբ և թափանցիկությամբ, որ անգամ ածուխով արված աշխատանքում կարելի է գունախաղ տեսնել:
Պատկերման պարզությունն ու մտերմիկ անմիջականությունը, լուսատոնային հարաբերությունները, արտահայտում են նկարչի իմպրեսիոնիստական հայացքը և սերը դեպի նկարչություն: Ունենալով բժշկի մասնագիտություն, լինելով ճարտարապետ-քանդակագործ, Գայֆեճյան արվեստագետը իր ներդաշնակությունը գտել է գեղանկարչության մեջ՝ թողնելով լավատեսության և երազային ներաշխարհով ներթափանցված բարձր արվեստ:
Ահա այս երկու արվեստագետները հայ կերպարվեստը կարողացան ընդարձակել դեպի ֆրանսիական իմպրեսիոնիզմ, միաժամանակ մնալով ազգային և անհատական իրենց կերպարի, ձեռագրի և ինքնատիպության սահմաններում, որոնք թերևս անսահման են, հուզական, ջերմ ու հավերժող:  

Комментариев нет:

Отправить комментарий