Հայդուկային կամ ֆիդայական երգեր հորինել են նաև հայ նշանավոր աշուղներ Ջիվանին, Միջազը, Շերամը: Վերջինս մինչև 20-ական թվականները գրել է նաև ազգային ազատագրական պայքարին և այդ պայքարում աչքի ընկած հերոսներին: Այս երգերից են` <<Իբրև արծիվ>>` 1904թ, <<Հայ երիտասարդին>>` 1906թ., <<Խրախույս քաջերին>>`1906թ. <<Զեյթունի քայլերգը>>` 1906թ. <<Անդրանիկի կոչը>>` 1914թ.: Սրանք հիմնականում աշուղական տաղաչափություննով, ունեն վիպական բնույթ:
Հայդուկային երգեր գրվել են նաև անհայտ հեղինակների և երգահանների կողմից, որոնց մեծամասնությունը գրվել են բարբառներով, հատկապես` Մուշի, Սասունի, Վանի, Շատախի: Բարբառով հորինված աշուղական երգեր գրվում են նաև մեր օրերում` ժամանակակից աշուղների կողմից: Այդ ստեղծագործողներից է աշուղ Ռազմար Սասունցին, ով գրել է <<Գարահիսարու հուսո աստղ>>, <<Անցնինք Սասուն>>, <<Գարեգին Նժդեհ>> երգերը:19-րդ դարում ասպարեզում նկատվում են հայրենասիրական կազմակերպություններ` Կարինի <<Պաշտպան հայրենյաց>> միությունը, Արմենական, Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, որոնք իրենց առաջ խնդիր էին դրել զինված պայքարի միջոցով հասնել ազատության: Հենց այս կազմակերպություններին և հեղափոխական գործիչներին էլ սկսեցին ձոնվել երգեր, որոնք անվանվեցին ֆիդայական և հեղափոխական երգեր: Այս երգերը գտնվել են նաև հայ անվանի երաժիշտներ Տիգրան Չուխաջյանի, Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի և այլոց ստեղծագործական ուշադրության կենտրոնում, սակայն պետք է նշել, որ այս տարիներին, դրանք ընդունված էր անվանել <<նացիոնալիստական>> և ժողովրդական երաժշտության մեջ այս պատճառով տեղ չգտավ: Սա էր պատճառը, որ այս երաժիշտների կողմից արված բազմաթիվ ազգային, հեղափոխական երգերի մշակումներ անտեսվում էին այնպես, ինչպես Առաջին Հանրապետության խորհրդանիշեր` եռագույնը, ազգային օրհներգը և զինանշանը համարվում էին դաշնակցական խորհրդանիշեր:
Սովետահայ երաժշտագիտության մեջ կար այն թյուր կարծիքը, որ Կոմիտասը դեմ է եղել ազգային-ազատագրական շարժումներին, հետևաբար, նաև` ազգային, հեղափոխական երգերին:
Ստորև ներկայացնենք Կոմիտասի կարծիքը ազգային և հեղափոխական շարժումների մասին:
<<... Դուք չգիտեք, թե դարեր շարունակ, մանավանդ տաճկահայ գյուղացին ոչխարի պես մորթվելն էր իմանում, իրա գույքյերն ու սիրելիները աչքին առջևեն հափշտակվելն-տարվելն էր դիտում, մորմոքում սրտով, անճարակության մեջ ինքն իրեն ուտելով: Տաճկական բռնակալության տակ հեծող Բալկանյան ժողովուրդները սրանից հազիվ քառորդ դար առաջ տեսան, որ բաժակը լցվել է, մարդ ասածը չի կարող համբերել, ոտքի ելան և զենքի ուժով նվաճեցին իրենց անկախությունը: Հայ քնարը, հայ գրիչը ի տես այս բոլորի` այլևս չէին կարող անվերջ արցունքոտ աչքերով տոչորվող սրտով դիտողի դերի մեջ մնալ: ,,,,
Մենք էլ թող ահա ավազակաբարո քուրդի <<լօ-լօն>> իր դեմը դարձրած` <<Հիմի է"լ լռենքի>>, <<Հայ մեռնինքի>> կողքին մեր այս <<Սիփանա քաջերով>> մեր տուրքը տված լինենք ինքնապաշտպանության գաղափարին>>:
Նշված երգերից զատ, Կոմիտասը մշակել է նաև <<Հայրիկ, հայրիկ>>, <<Մայր Արաքսի ափերով>>, <<Ծիծեռնակ>>, <<Թող պլպուլն չերգե>>, <<Տեր կեցո դու զհայս>>, <<Ո՛հ, ինչ անուշ>>, <<Բամբ որոտան>>, <<Իմ հայրենյաց հոգի Վարդան>>, <<Ով հայկազունք>>, <<Հայրենայց սիրով>>, <<Զեյթուն, անկախ դու աշխարհիկ>> և այլ երգեր:
Կոմիտասը թե' հին, և թե' նոր դյուցազներգությունները ժողովրդական է համարում, հավանաբար, այն պատճառովվ, որ իր հավաքած նյութերը հիմնականում գրառվել են ժողովրդական երգիչների կատարումներից:
Հեափոխական երգերի մեծ մասը շրոշտ քայլերգեր են` <<Հառաջ նահատակ>>, <<Կռվեցեք տղերք>>, <<Արյունոտ դրոշ>>, <<Մենք պետք է կռվենք>>:
Ազգային-ազատագրական պայքարի երգերը, իրենց վևա կրելով պատմական ժամանակների կնիքը, հայի ազատատենչ, հերոսական անցյալի արձագանքն են և գալիք սերունդներին ազգային ոգով դաստիարակելու հզո մշակութային զենքերից մեկը: Այդ երգերը մեր ազգային երգարվեստի մեջ մի մեծ մաս են կազմում և սիրելի են հայ ժողովրդի կողմից:
1988թ Արցախյան ազատագրական շարժումը ևս, սկսվեց այդ երգերով`<<Ձայն տուր, ով ֆիդա>>, <<Գևորգ Չաուշ>>, <<Աղբյուր Սերոբ>> և այլն, որոնք մեր ազատամարտիկներին փոխանցեցին նախկին Ազտամարտի ֆիդայական ոգին և նրանց առաջնորդեցին դեպի հաղթանակ:
Իհարկե հարկ է փաստել, որ Արցախյան շարժումն ու ազատագրական պայքարն էլ իրենց հերթին նորանոր ազգային երգերի ծնունդ հանդիսացան, որոնք նվիրվեցին Արցախի ազատագրմանն ու շարժմանը մասնակցած հերոսների, ովքեր ընկան այս մարտերում:
Ուսումնասիրելով հայրենիքի թեմայի արծարծման, դրսևորման և ընկալման խնդիրները հայ երաժշտախոսքային տեքստերում և մշակույթի մեջ, գալիս ենք այն եզրահանգման, որ դրանք բացառապես պատմական և ազգային հենք ունեցող, գաղափարական խնդիրներ կրող և լուծող ստեղծագործական մոտեցումներ են, որոնք կոչված են իրենց եկևէջների օգնությամբ և միջոցով սերունդներին փոխանցել պատմական դեմքերի և դեպքերի մասին հսկայական ինֆորմացի, դաստիարակել նրանց ազգային գաղափարական սկզբունքներով, պահպանել իրենց մեջ այն տեղեկատվական հսկայական զանգվածը, որը երգի, բառուբանի թևով ի զորու է ավելի հեռուն թռչել:
Հայ ժողովրդի ռազմի և զինվորի երգերը` նվիրված ազգային-ազատագրական պայքարներին, ֆիդայական և հայդուկային մարտերին, ազատության համար մղվող պայքարների հերոսներին և բազմաթիվ իրադարձությունների, իրավամբ և փաստացիորեն պատմամշակութային նոր երևույթ են, բայց նրանց հորինման և կենցաղավարման ավանդները, հայոց հին բանահյուսության նմուշների մատենագրությունների վկայմամբ, , պատմագրական երկերի, պաշտամունքների և հավատալիքների վերաբերյալ տեղեկությունները, գալիս են դարերի խորքից: Դրանց գոյությունը վաղեմիությունն են հաստատում նաև միջնադարից մեզ հասած ռազմի երգերի հատուկենտ նմուշները, պատմական զրույցները ու դրանց վերաբերյալ վկայությունները:Պարզ է դառնում, որ հայրենասեր, քաջարի անհատների գովքը, փառաբանությունը իրականությունն արտացոլելու գեղարվեստական հնարանք է, որը լայնորեն կիրառվել է ինչպես հին, այնպես էլ նոր ռազմի երգերում: Ավանդները հարատևել են յուրաքանչյուր ժամանակահատվածում, մ միջավայրում դրսևորվել ըստ պահանջմունքի: