суббота, 30 апреля 2016 г.

Կուռմադդմիկների աշխարհում

Բացառիկը գեղեցիկի ու աներևակայելի երևակայության սահմաններում, որը անսահման ջերմություն է ճառագում, դժվար է հանդիպել սառած ու քարացած, հաճախ ինքատիպությունից զրկված մեր օրերում: Մարդիկ սովորել են հոսքին, իսկ այ հոսքից դուրս գալ, ու անել մի բան, որը կհմայի, կկայանա, կջերմացնի՝ իսկապես բարդ է: Դե իհարկե չենք կարող չասել մի շատ կարևոր բան՝ դրա համար շատ կարևոր է մարդու ներաշխարհի և մտքի ներդաշնակ ու հարուստ գունավորումը:
Մի հեքիաթ կա՝ «Ալիսան հրաշքների աշխարհում»: Իհարկե, հիմա դրա մասին չեմ խոսելու, բայց մի հեքիաթ էլ մեր օրերում է հյուսվում՝ «Նազ-աղջիկը կուռմադդմիկների աշխարհում»: )))
Հերիքնազ Խաչիկյան -  Ա՛յ հայուհու այս տեսակի համար, մարդու խելք է գնում: ))) Բարի, համեստ, ջերմ, սիրառատ, հայրենասեր,  ստեղծագործ, բացառիկ մաքրության, բյուրեղյա հոգով աղջիկ, ով կարողանում է ամենասովորական կուռմադդմիկներին կյանք ու կենսագրություն պարգևել, ստեղծել նրանցից յուրաքանչյուրի աշխարհը, որը նաև դիտողին է փոխանցվում, ակամա ներթափանցում ես մի ոլորտ, որ քեզ ծանոթ չէր մինչ այդ: Ինչ որ ուրիշ լույս ու էներգիա է լցվում սիրտդ: Այս զգացողության համար պետք է ուղղակի մի քիչ շրջել այդ դդմիկների աշխարհով, որ Հերիքնազն է ստեղծել:
Գեղեցիկ, պարզ, յուրահատուկ, ջերմացնող, լավատեսական, իմաստակիր, գաղափարային, նուրբ, հետաքրքիր, ահա այսպիսին են Նազի աշխատանքները, այսպիսին է նրա աշխարհը, ստեղծագործական մոտեցումն ու ներաշխարհը:
Ապրիլի 26-ին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ներսում տեղի ունեցավ Հերիքնազի առաջին անհատական ցուցահանդեսը, որը իսկապես աչքի ընկավ իր յուրօրինակությամբ և լույսով: Բոլորը՝ դասախոս թե ուսանող, սիրով էին գալիս դիտելու այս աշխատանքները: Ստեղծագործողի այս աղջնակի ավյունը ու սերը այնքան մեծ էր, որ ակամ էլի ու էլի կանչում էր հմայվելու, մի քիչ ջերմանալու դդմիկներում կուտակված, ամբարված բարությամբ:
Մեզ մնում է միայն ցանկանալ, որ երբեք այս եռանդն ու տեսակը Նազի մեջ չմարեն, որ չփոխվի նրա լավատես ու լուսավոր հոգին, որ նրա աշխատանքները միշտ լինեն լույսի ու սիրո պատգամաբեր:


ՏՈՀՄԱԾԱՌ

пятница, 1 апреля 2016 г.

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃԱՆԿԱՐՈՒՄ


Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, աշխարհի բոլոր երկրներն ունեցել են իրենց խորհրդանիշ քաղաքները, դեպի որոնց ուղղված են եղել մարդկանց հայացքները ու հոգին: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ամն մի քաղաքում կա մի փողոց, մի վայր, որը առավելապես սիրելի է դառնում քաղաքի բնակիչների կամ ժողովրդի համար ընդհանրապես: Դա նման է մոտավորապես «տանը սիրելի անկյուն» ունենալուն: Եվ ահա, Երևանն էլ, լինելով Հայաստանի Մայր քաղաքը, ունենալով հազարամյակների պատմություն, դեռ ոչ վաղ անցյալում շնչում էր միայն իրեն հատուկ կոլորիտով: Ահա այս կոլորիտի անբաժան մասն է կազմում ներկայիս Աբովյան փողոցը: 
Երևանյան, դեռևս կենդանի և գունեղ կոլորիտային խճանկարի մի մասն էին կազմում այստեղ ապրող մարդիկ: Միջին և ավելի տարեց երևանցիները հիշում են, թե ինչպես ամեն օր Աբովյանով վեր ու վար էր անում ծաղկավաճառ ծերունի Կարաբալա, ով ավելի շատ նվիրում, քան՝ վաճառում էր իր ծաղիկները, ջուր ծախող տղան, որոնց նվիրված գողտրիկ երգերը թերևս բոլորը գոնե մեկ, անգամ լսել են:

 Ահա այս երկուսը, իրենցից անկախ, դարձան երևանյան ամենավառ, գունեղ, ցայտուն, հիշվող ու սիրելի կերպարները և նրանց նվիրված արձանները այսօր զարդարում են քաղաքի փողոցներն ու շունչ տալիս նրան՝ հիշեցնելով երբեմնի ջերմ ու նվիրական օրերի ու դեպքերի մասին: Երևանում, Աբովյան փողոցը սիրելի էր ո՛չ միայն նախորդ դարում, այլև՝ մեր օրերում: Թեև այն ժամանակներից մինչ օրս, Երևանն էլ, Աբովյան փողոցն էլ, շատ են փոխվել… 1906թ-ից սկսած, տասնմեկ տարի ի վեր այստեղով էր անցնում ձիաքարշը (կոնկան), որի ճանապարհը ձգվում էր «Ղանթարի տակից» ինչ «Պլանի գլուխ» (ներկայումս՝ Աբովյան պուրակ): Ձիաքարշը հանելուց հետո, երբ այստեղ դադարեց երթևեկությունը, դրա հետ մեկտեղ՝ աղմուկը, փողոցը դարձավ քաղաքի ամենախաղաղ և միաժամանակ ամենակենդանի, աշխույժ հատվածը: Երեկոյան ժամերին սա երևանցիների ամենասիրելի զբոսավայրն էր:
Այս կերպ, Աբովյան փողոցը դարձավ անակնկալ և լրիվ հնարավոր հանդիպումների փողոց, այստեղ երեկոյան ժամերին կարելի էր հանդիպել ընկերներին, ծանոթներին, մշակութային գործիչների՝ գրողների, նկարիչների, դերասանների: Աբովյան փողոցի եռուն, կոլորիտային մթնոլորտի մասին, իրենց հիշողություններում գրում են բազմաթիվ հայ արվեստագետներ, որոնք հատկապես այդ հանդիպումների, զրույցների, քննարկումների և վեճերի ակնկալիքով էին երեկոներն անցկացնում քաղաքի հենց այս հատվածում: Սա նույնացվում է «գյուղամեջ» հասկացության հետ:
Անհնար է լիովին պատկերացնել, թե որքա՜ն թանկ էին ժամանակի մեծություններին հանդիպելու պահերը, թե որքա՜ն հիշողություններ են պահվում փողոցի վրա գտնվող պուրակներոմ, այգիներում, շենքերի պատերի տակ ու մայթերին: սակայն, չենք կարող չգիտակցել, որ մի տևական շրջան, Աբովյան փողոցը նման է եղել մեծ մշակութային բեմահարթակի:
 Պատմում են, որ Իսահակյանը, ամեն երեկո, «Պապլավոկի այգուց» քայլելով գալիս էր՝ միանալու Աբովյան փողոցի կենդանի, աշխույժ եռուզեռին և իր ներկայությամբ այն առավել աշխուժացնելու: Վարպետին բոլորն էին ճանաչում, և իհարկե, թեթև, ամոթխած բարևելու, և կամ թե՝ ավելի համարձակ զրույցի բռնվելու ցանկությամբ մոտեցողները անպակաս էին: Դե իհարկե, այս վերաբերմունքը ո՛չ միայն Իսահակյանի հանդեպ էր դրսևորվում: Ժողովուրդը ճանաչում և գնահատում էր իր կողքին ապրող մեծություններին: Արդեն 1933 թ. Հունվարի 12-ից, Աբովյան փողոցով անցավ Երևանի առաջին տրամվայը:

Սակայն, անդրադարձ կատարենք փողոցի ընդհանուր նախագծմանը: Վերից-վար, շենքերի և մայթերի ընդհանուր կոմպոզիցիան աչքի է ընկնում ներքին կապով և ներդաշնակությամբ: Ոչ մի ավելորդություն, և միևնույն ժամանակ ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ կա: Կողք-կողքի հարևանած շենքերը կանգնած են առանձին՝ միաժամանակ հարևանցի կերպով լրացնելով միմյանց: Սա իհարկե, նախորդ դարում, այսօր ցավոք այս պատկերը փոխվել է: Ներկայումս Աբովյան փողոցի ոգին կամ կերպարը բավական կոտրված և աղճատված է փողոցի «շենք ու շնորհքի» հետ չներդաշնակվող նորակառույց, մեծ ու փոքր կառուցումներով: Սակայն, իր գոյության լավագույն ժամանակներում, Աբովյան փողոցը հստակ գծագրված, նրբաճաշակ, աչք շոյող, ակամ կրթող նշանակալի մի վայր էր: Ինչու՞ կրթող, որովհետև այստեղ գտնվող և առհասարակ, Երևանյան հին կառույցների (բնակելի թե հասարակական) ճարտարապետական ձևերը, ճակատների քանդակազարդերը, լուսամուտները պսակող կամարներն ու բազմաբնույթ հետաքրքիր լուծումների միջոցով շենքերը հարստացնող գեղարվեստական հարդարանքը մարդու, քաղաքացու մեջ ճաշակ էին ձևավորում, մարդը գեղեցիկը տեսնելով սկսում էի սիրել և այժևորել այն քաղաքն ու շենքը, որտեղ ապրում էր: Կոկիկ, ջերմ ու գեղեցիկ միջավայրն ու մթնոլորտը, որ տիրում էր այստեղ, դրական էր ազդում մարդու ներաշխարհի ր արժեհամակարգի վրա: Սա ամենքս մեր իսկ անձնական փորձով կարող ենք փաստել: Ինչևէ, Աբովյան փողոցի գեղարվեստական, ճարտարապետական, միջավայրային և մշակութային նշանակությունը հայ իրականության մեջ անհերքելի է, անհնար է դա չզգալ, չնկատել, չխոսել դրա աժեքների ու հարազատության մասին:
Լինելով ագային ակունքների շարունակություն, իր կերպարով Աբովյան փողոցը սիրելի էր և իհարկե, ընկալելի հայ մարդու սրտի համար: Անգամ ժամանակակից ճարտարապետական ձևերի կամ լուծումների կիրառությունը հարմարեցված, սերտաճեցրած է ազգայինին, որպեսզի այն հնարավորինս ժողովրդի կողմից սեփականվելու հնարավորությունն ունենար: Մինչ օրս, ամեն մի պահպանված շենք, կառույց, կամ անգամ բեկոր, սիրելի է հարազատի պես բոլոր երևանցիների համար…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ