пятница, 25 марта 2016 г.

Իմպրեսիոնիզմը հայ արվեստում: Եղիշե Թադևոսյան և Վահրամ Գայֆեճյան

«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է» (Եղիշե Թադևոսյան)

Հայ կերպարվեստում իմպրեսիոնիստական մոտեցումներով աչքի ընկնող արվեստագետներից են Եղիշե Թադևոսյանը և Վահրամ Գայֆեճյանը: Վերջիններիս արվեստը, թեև ոչ ամբողջովին, սակայն լի է իմպրեսիոնիստական մոտեցմամբ: Տեխնիկապես լինելով անհատական, և՛ Թադևոսյանի, և՛ Գայֆեճյանի ստեղծագործությունը լի է իմպրեսիոնիստական լույսով ու գույնով, տրամադրությամբ և ընկլամամբ: Երկուսի հայացքն էլ, որպես արվեստագետի, աշխարհին ուղղված է տպավորությունների բացահայտման պատուհանից:
«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է», ահա Թադևոսյանի խոսքերը, որոնք լավագույնս ներկայացնում են հենց իր ստեղծագործությունը, ով ներկայանում է որպես  գույների, լույսի, տրամադրության, էտյուդի վարպետ: Շրջելով Թադևոսյան նկարչի «պատկերասրահում», մենք տեսնում ենք թարմաշունչ, հախուռն, ներգործող արվեստ՝ ունակ հմայելու և ջերմացնելու: Արվեստ, որ ամենատարբեր կողմերով ներկայացնում է ժամանակի հայ իրականությունը՝ նկարչի ընկալմամբ:
Լինելով հայ պլեներային նկարչության հիմնադիրը, Թադևոսյանը իր արվեստում առավելագույնս արտացոլեց իմպրեսիոնիզմի լույսն ու օդայնությունը, թեթևությունն ու կենսուրախ անհոգությունը՝ փայլելով գունային նրբերանգների կիրառման վարպետությամբ: րվանդ Քոչարը նրան համարում է «... Մեծ հոգու տեր և խորոնկ կուլտուրայով հարստացած » մարդ, ով նաև «մեծ երախտավոր էր թե՛ իր արվեստով, և թե՛ իր հասարակական գործունեությամբ»: Այս բնութագրմանը ավելացնենք ևս մի բան, որ Թադևոսյանի աշխատանքները ներթափանցված են հայրենի բնության և մարդկանց նկատմամաբ վեհագույն սիրով և ջերմությամբ: Թադևոսյանի աշխատանքներում անկարելի է չնկատել գույների արձագանքները մեկը մյուսի մեջ, ինչը ստեղծում է մեղեդայնության և պոետականության տպավորություն՝ առաջացնելով ջերմության, բնության հանդեպ սիրո և անրջելու զգացումներ:

Գալով Վ. գայֆեճյանին, պետք է նշենք մի անչափ կարևոր փաստ. Նկարչի թե՛ գրաֆիկական և թե՛ գեղանկարչական աշխատանքներից, ասես խավարի մեջից, լույսի նման հորդում է իմպրեսիոնիզմի ցոլքը: Որպես օրինակ, նշենք երկու աշխատանք՝ «Աղջիկը պատուհանի գոգին նստած» (1937թ.) և «Աղջկա դիմանկար» (1946թ.), որոնցից առաջինը գեղանկարչական, իսկ երկրորդը՝ գրաֆիկական աշխատանք է: Կատարված լինելով տարբեր տեխնիկաներով, երկու աշխատանքներն էլ ողողված են այնպիսի նրբերանգային հմտությամբ և թափանցիկությամբ, որ անգամ ածուխով արված աշխատանքում կարելի է գունախաղ տեսնել:
Պատկերման պարզությունն ու մտերմիկ անմիջականությունը, լուսատոնային հարաբերությունները, արտահայտում են նկարչի իմպրեսիոնիստական հայացքը և սերը դեպի նկարչություն: Ունենալով բժշկի մասնագիտություն, լինելով ճարտարապետ-քանդակագործ, Գայֆեճյան արվեստագետը իր ներդաշնակությունը գտել է գեղանկարչության մեջ՝ թողնելով լավատեսության և երազային ներաշխարհով ներթափանցված բարձր արվեստ:
Ահա այս երկու արվեստագետները հայ կերպարվեստը կարողացան ընդարձակել դեպի ֆրանսիական իմպրեսիոնիզմ, միաժամանակ մնալով ազգային և անհատական իրենց կերպարի, ձեռագրի և ինքնատիպության սահմաններում, որոնք թերևս անսահման են, հուզական, ջերմ ու հավերժող:  

Մանկության եթերներ….

Երբ փորձում եմ վերադառնալ մանկություն, ակամա ժպիտը պսակում է երեսս.. Ի՞նչ խոսք, ամենքիս կյանքում հենց մանկությունն է այն շրջանը, որում պտտվելիս մտապատկերնեւոմ այնքա՜ն գույներ ու ժպիտներ են ի հայտ գալիս… Իմ մանկությունն էլ, որքան նման, նույնքան էլ տարբեր է բոլորի մանկությունից: Եթե փորձեմ հակիրճ ինձ մանկության էջերում, պիտի սկսեմ այսպես. Ասում են, որ դեռ նորածին՝ ժամերով ինքս ինձ համար երգում էի, ու լավագույն խաղալիքն էլ սեփական մատներս էին… անաղմուկ, խելոք երեխա եմ եղել… Բայց իմ հիշողություններում, արդեն մի քիչ մեծ՝ 3-4 տարեկան հասակում, հին սովորությանս համաձայն, ամբողջ օրը երգում էի մեր սեփական տան բակում, շատ անգամ հորինում էի մեղեդի, երբեմն՝ միայն ինձ հասկանալի «անգլերեն» տեքստերով երգեր.. Բայց հիմնականում պապիկից ու հայրիկից սովորած հայկական ժողովրդական երգերն էին կազմում երգացանկս, որովհետև ամեն երեկո ես նոր երգեր սովորելու հնարավորություն ունեի… Ուսուցիչս հայրս էր )))
Ու էսպես երգելով էլ մեծանում էի, և երբեմն, եթե պատահեր լռում էի՝ հարևանը ձայնում էր մայրիկիս, կամ զանգում՝ թե ասեք թող երգի... )) Անդադար երգելու սովորությունս օրորոցից մինչ օրս պինդ պահում եմ սրտումս ու կյանքումս:
 Երբ մութ ու ցուրտ տարիներին նտած էինք լինում երեկոյան, մի երկարացման հոսանքալար, որի գլխիկը միկրոֆոնի էր նմանվում, վերցնում էի ձեռքս, հոսանքին միացող կողմը մտցնում հեռուստացույցի տակ, կանգնում աթոռին ու երգում էի՝ համե՜րգ էի տալիս ))) Ու էսպես, ինքս ինձ քթի տակ երգելով, տիկնիկիս համար հոգատարությամբ ամռան ու ձմռան, առօրյա ու տոնական զգեստներ էի կարում, իհարկե այս գործում օգնականս մայրս էր: Դեռ մի բան էլ մտածում էի՝ ա՛յ որ մեծանամ, ինձ համար էլ նույնից կկարեմ, իբր տիկնիկս մեծ էր, շորերն էլ մեծի էին ))

 Իմ մանկության ամենաջերմ հուշերի մեջ առանձնանում են մեր խաղողի այգիներում բերքահավաքի ու գինեշինության հուշերը, երբ իմ քաշից էլ ծանր մե՜ծ-մեծ ողկույզներն առած վազում էի ողջ այգով մեկ, որ բոլորին ցույց տամ իմ գտած գանձը, ցորենի հասած հասկերը, որ խանձում էինք օջախի վրա ու թեփազատելով, մազերս դաշտի քամուն տված, գլխիս պարտադիր մանուշակագույն անթառամ ծաղիկներից հյուսված պսակ (մեր այգու դիմացի բլրին, այս ծաղիկները քչերից էին, որ դիմանում էին անջուր ու արևոտ կլիմային), ուտում էի էնպիսի՜ հաճույքով, որ համը մինչ օրս հիշում եմ.. Էդ ի՜նչ օրեր էին, ա՛յ հիմա եմ հասկանում… Այգում ծիրանի ու բալի ծառեր կային, որոնց ճյուղերից կախված պտուղները՝ խակ թե հասած, էդ ի՜նչ մեծ գայթակղություն էին մեր անհանգիստ ու անհամբեր մանուկ սրտերի համար…
Ջրատարի եզրերին, ուր հաճախ սիրում էի նստել, խխունջների, շարան-շարան գնացող մրջյունների ու այգին հսկող Արջուկի հաչոցի մեջ թաքնված քաղցրությունն այսօր էլ ծորում է սրտիս՝ հիշողության ձևով ու լցվում աչքերիս մեջ՝ կարոտի, ջերմության ու ժպիտի կերպ առած…
Հետո բերքը արկղերով գալիս էր տուն ու մատաղի նման բաժանվում մտերիմներին: Խաղողը մաճառ էր դառնում, իսկ ես գինեշինության պարտադիր մասնակիցն էի. Հագնում էի մե՜ծ, ռեզինե երկարաճիտ կոշիկներ ու մտնում հնձանի խաղողի մեջ: Ճիշտ է, քաշս չէր ներում տեղը տեղին ճզմել, բայց ինձ այնքան կարևոր էի զգում, այս խորհրդավոր ու ինձ համար անչափ հետաքրքիր արարողությանը մասնակցելիս: Ա՛յ խորհրդավորությու՜ն…
Խաղողը գինի էր դառնում, ցորենը՝ ձավար ու փոխինձ:
… Իմ մանկության մեջ շատ էին բակային խաղերն ու ճամբարները, դե իհարկե՝ կռիվներն ու հաշտվելու պահերը՝ ևս.. Մեր փողոցի ծայրին ձոր կա, ա՛յ այս ձորի մոտ մե՜ծ-մեծ քարեր կային, որոնք տարբեր ձև ունեին, ու մենք երեխաներով դրանց անուններ էինք դրել՝ իրենց ձևին համապատասխան՝ Ձի, Սեղան, Փոքր քար, Մեծ քար.. Այ էս քարերն էլ իմ մանկության մի մասն էին կազմում, մենք այստեղ էինք կազմակերպում մեր մանկական խնջույքները՝ տանից մեզ հետ վերցնելով ձեռքի տակ ընկածը: Մի անգամ, ինչպես ասում են՝ մուրազով սպասում էինք մեր բակի խաղողի թառմայի վրայից աչքով անող մեծ ողկույզի հասունանալուն… Ամեն օր նայում էինք աղջիկներով՝ ուր որ է՝ կհասնի, - «այսօր ավելի է կարմրել»,- կրկնում էինք մենք անընդհատ ու հրճվում ապագա՝ ըստ ամենայնի շատ ճոխ խնջույքի մասին մտքով: Վերջապես եկավ բաղձալի օրը… Սակայն, լինելով փոքրիկ, խնդրեցինք մեր թաղեցի մեծ տղաներին օգնել՝ քաղելով մեզ համար այդ սպասված, վստահաբար՝ շատ համեղ ողկույզը: Մեր ֆուտբոլասեր ընկերները սիրով քաղեցին և ավելի մեծ սիրով անուշ արեցին այն… Ինչ խոսք՝ պատերազմն անխուսափելի էր… Մանկական կռիվներն այնքան արդար ու ծիծաղելի են միաժամանակ…
Երբ ինձանից մեկ տարով մեծ քույրս գնաց դպրոց, մայրս ստիպված էր ինձ միայնակ թողնել տանը՝ իր հետ դպրոց ու ամենօրյա գնումների համար խանութ տանելով ինձանից երկու տարով փոքր եղբորս: Ցերեկվա շոգին, հաճախ էի մնում մենակ, երբ ընկերներս գնում էին քնելու կամ մածուն ուտելու )) …. և մի շատ գեղեցիկ օր ես գտա ելքը մենությունս փարատելու համար. Իսկ ինչու՞ չգնալ երկու փողոց վերև ապրող բարեկամների տուն, քույրիկներիս հետ խաղալու… Օ՜, մինչև հիմա հիշում եմ մայրիկիս՝ արցունքների մեջ կորած դեմքը, երբ ինձ գտավ բակում, հողերի մեջ հորաքրոջս աղջկա հետ ցեխագնդիկներ պատրաստելիս… Խե՜ղճ մայրիկ, մտածել էր ձորն եմ գլորվել…
Այո՛, այնքա՜ն շատ են հիշողությունները, որ դժվար կլինի ամենի մասին գրել: Մութը տալիս էր թե չէ՝ վազում էինք տուն, երբ պահմտոցիի վերջին օյինն անդեն ավարտված էր..
Երեկոյան խաղը շարունակվում էր տանը՝ պապիկի հետ պահմտոցի, մատնահաշիվ խաղեր խաղալով, կամ խմբվելով մոմի լույսի տակ հեքիաթներ կարդացող մայրիկի շուրջ…
Իսկ երբ աշխատանքից հոգնած տուն էր գալիս հայրիկը, մեքենայի ձայնը լսելուն պես արագ արձագանքում էր մեր Արջուկը, իսկ մենք վազում էինք՝ դուռը բացելու, ու մրցում էինք, թե ո՞վ է լինելու առաջինը:
Հիշում եմ, մի կարմիր շորիկ ունեի, մի քանի տարի հագնում էի միայն Զատկի տոնին՝ համարելով, որ դա հենց այդ օրվա համար է կարված: Մինչ օրս պահում եմ: Հիշում եմ, եթե այդ օրը զատիկ էի բռնում, արագ վազում էի արևի տակ (մտածում էի, որ զատիկը արև է սիրում, ու էդպես հաստատ կթռչի) ու սպասում էի որ թռներ մատիս ծայրին բարձրանալով.. Ա՜յ երջանկություն. Ուրեմն հաստատ մի լավ բան էր լինելու: Մի բան էլ եմ հիշում, երբ նեղանում էի, իսկ դա հաճախ էր պատահում, նեղված հայտարարում էի, որ ինձ ոչ-ոք չի սիրում ու ես գնում եմ կորելու… Չհամարձակվելով շատ հեռու գնալ կորելու, թաքնվում էի բակում, հետո մերոնց ծիծաղին չդիմանալով՝ դուրս էի գալիս՝ քթի տակ ժպտալով… 
Երբ դպրոց գնացի, տիկնիկի մայրիկի դերակատարությանը ավելացավ ուսուցչի դերը: Ավտոտնակի դարպասին գրում էի այն ամենն ինչ սովորում էի դպրոցում՝ բարձրաձայն բացատրելով ու դիմելով երևակայական դասարանի աշակերտներին՝ տալով նրանց անունները: Իսկ երբ ձմռան արձակուրդներին ուսուցչուհին մեզ հանձնարարություններ տվեց, ես ամբողջը մեկ օրում գրեցի՝ արդյունքում վաստակելով կարմրած, ուռած աչքեր և մինչ օրս ուղեկցող կոշտուկը՝ աջ ցուցամատիս վրա:
Դե՜, էլ ի՞նչ երեխա, որ վախեր չունենար. Իմ մանկական վախերից մեկը մութն էր, երբ միայնակ էի բակ էի գնում, վախենում էի նաև ա՛յ էն պապիկից, որ երեխաներ էր գողանում, ու մեկ էլ է՜ն մյուսից, որ թաքնվում էր մահճակալի տակ, ու երբ գնում էի քնելու, հեռվից արագ ցատկում էի անկողնու վրա, որ հանկարծ ոտքերիցս չքաշեր-տաներ իր մոտ: Ո՞վ էր՝ չեմ հիշում…
Թերևս այսքանը մի կարճ պատմության մեջ, երբ արագ թերթում եմ մանկությանս գիրքը… Ի՞նչ խոսք՝ հուշերն ու ապրումները անչափելի են ու բազում…

16.02.2016թ.

ՄԱՍՐԵՆԻ

среда, 23 марта 2016 г.

Եռաբլուրում...



















... Դուք մեզանից ապրող, կենդանի եք դեռ՝ հավերժող, ժամանակի մեջ անժամանակ, ժամանակից դուրս, ժամանակին չենթարկվող... Ոգի եք, հողեղեն ոգի....  Ձեր ժամանակը ձգվում է հուր և հավիտյան՝ նման հավերժող երկնակամարի, նման արևի անվերծանելի լույսի խմորմանը...
.... Դուք մեզանից էլ ներկա եք, կերտող՝ ձեր բացակայով, փրկող՝ կորուստով սեփական կյանքի, մեզնից՝ լավատես... Ձեր պատերազմը բարդ էր մերինից, ձեր օրն էր օրհաս, մենք մեր այսօրում՝ չհամեմատվող ձեր օրերի հետ, թույլ ենք ձեզանից՝ բռունցք չենք դառնում, իսկ դուք ժայռացաք... Դուք մեզանից էլ ապրող եք այսօր...

23. 03. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ

..... Ո՞վ իմանա, թե քանի պայծառ միտք, երազանք, հույս, նպատակ ունեիք, որ մնացին գաղտնի, անկատար, ու քանիսը չհասցրեցին հասունանալու ժամանակ գտնել: Չծնվեց անգամ քանի՜ երազանք, որ պիտի՛ որ լուսավոր լինեին հաստատ, քան ասենք՝ իմոնք....
... Եվ ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ ձեզ պես տղաներ լույս աշխարհ չեկան, բայց պիտի՛ գային՝ նույն աչք ու ունքով, նույն բոցով հոգու...
...Ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ նազանի աղջիկ պիտի շորոր գար այսօր, այս արևի տակ, այս գարնան դյութանք կանաչումի մեջ, որ աշխարհ չեկավ....
... Դու՛ք կաք, փառք Աստծո... Փա՛ռք ձեզ, հա՛յ քաջեր...

23. 03. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ


вторник, 22 марта 2016 г.

Եղիշե Թադևոսյան «Հանճարը և ամբոխը» (1909թ)

























Կտավ, յուղաներկ 152x149 սմ


Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» ստեղծագործությունը միայն իր մեջ ներդրված գաղափարով արդեն իսկ բացառիկ է, այն ուշագրավ է նաև կոմպոզիցիայի, գույնի, տրամադրության առումներով: Եվ հենց այս յուրահատկություններն էլ, գեղանկարչական արժանիքների հետ, ավելի են արժևորում այս ստեղծագործությունը: Թեման, որը Թադևոսյանը ընտրել է այս աշխատանքի համար, ինչ խոսք, խորքային է, համամարդկային, և որքան էլ այն համամարդկային է, այնքան էլ խորապես անձնական՝ հենց հանճարի համար: Մեկը, ով դուրս է իր ժամանակից, իր իսկ գաղափարների, զգայունության, խորաթափանցության, տաղանդի, երևույթների մեջ մինչև ամենախորքը թափանցելու և հասկանալու ունակությամբ, ով առաջ է մտածում իր ժամանակից ու  ժամանակակիցներից՝ անհասկանալի ու անըմբռնելի լինելու աստիճան, գտնվում է ամբոխի մեջ: Իսկ ի՞նչ է ամբոխը, եթե ոչ առօրյայով ու ժամանակով սահմանափակված մարդկանց խումբ, որը չի կարող անգամ երևակայել այն, թե ինչե՜ր կան կյանքում, որ իրենց գիտակցությանը հասու չէ... Եվ ահա այս բախման մեջ, իհարկե, հանճարը ակամա հայտնվում է նշանակետում: Ամբոխը կարող է նրան վերաբերվել անգամ որպես խելագարի, այնպես՝ ինչպես ամբոխը խաչեց Քրիստոսին, նույն կերպ և հանճարին չի հասկանում: Կոմպոզիցիոն, գունային և արտահայտչականության իմաստով այս աշխատանքը ամբողջովին արտահայտում է այն բարդ, ծանր ր ողբերգական իրականությունը, որը կա հանճարի շուրջ և նրա հոգում: Ապրումները, որոնք կեղեքում են նրան, ամբոխը, որը հետապնդում է վերջինիս: Լինելով ամբոխի մեջ, գլուխը ձեռքերի մեջ առած նրանից փախչելով, հանճարը միաժամանակ առաջնորդում է այդ ամբոխը... Սա հակասությունների երկու բևեռներ արտահայտող լուծում է, որը նկարչին գերազանցապես հաջողվել է: Գունային լուծումների և մանր վրձնահարվածների շնորհիվ Թադևոսյանը հասել է նյարդային և հոգեբանական այն գագաթնակետին, այն պրկված լարվածությանը, որն ըստ էության, կարող է պայթել ամեն մի վարկյան: Թվում է՝ ուր որ է, նրա վրա մեկը քար է նետելու.... Ահա այս լարումն է, որ ասես գամում է դիտողի հայացքն ու ստիպում մի պահ կանգ առնել այն մտքի վրա, թե արդյո՞ք նույն իրողությունը չէ, որ մարդկության պատմության մեջ կրկնվում է բազմաթիվ անգամներ...  Այո՛, հենց այդպես է, որ կա... Եվ ո՞վ կարող է պտտել կյանքի անիվը, եթե ոչ հանճարը... Վերջինիս՝ ցնորվածության աստիճանի հասած մարդու հայացքը, որում պարզ կարդացվում է այն ցավը, անզորությունն ու կսկիծը, որ ապրում է նա, ասես ողջ լարվածությամբ տիրում է կոմպոզիցիայի տրամադրության վրա: Այո՛, հենց այս աչքերն են մեխը, որի շուրջ, ինչպես ծովի  մեջ նետված քարի շուրջ, ալիք-ալիք գնալով մեծանում է լարվածության շղթան, և որքան մեծ է հանճարը՝ նույնն է թե՝ քարը, այնքան ուժգին են ալիքներն ու այնքան սեղմող՝ շուրջը տարածվող օղակները:

Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» կտավը խորը հոգեբանական դրամա է, դառը ճշմարտություն և աննկարագրելի լարում արտահայտող ստեղծագործություն, որ կարող է փոխարինել հազարավոր բառերի, որոնք կասվեն: Այո՛, թերևս այս քարացած լարվածության մեջ ավելին կա, քան ցանկացած խոսքում կարող է լինել: Այս կտավը իր ստեղծողի ինտելեկտի, հոգեբանության, խորաթափանցության և վարպետության ամենակենսունակ վկան է, որ թերևս ավելին է, քան պարզապես ստեղծագործություն: Այն կարծես սթափության կոչ է, ճիչ, որ մնում է անլսելի, քանզի կյանքի օրենք է, հանճարն իր ժամանակի մեջ խելագարի պիտակն է կրում... Ու նա այս ստեղծագործության մեջ ասես փախչի իր ժամանակից, որ դարերը փաստեն նրա հանճարեղությունը...
Թադևոսյանի այս աշխատանքը այն բացառիկներից մեկն է համաշխարհային արվեստում, որ մի՛շտ կմնա կենդանի, շնչող, արդիական ու միշտ կգտնվեն նրա խորքը թափանցող հայացքներ, որոնք երբևէ կանգ առնելով, իրենց հարց կտան, թե արդյո՞ք նույնը չի կրկնվում մեր ժամանակներում....                                  












суббота, 19 марта 2016 г.

ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կըշողեր,
/ Խորոտ խարսնիկ ալուր մաղեր,
Ջուխտ շամամ ծոցին խաղեր: /2

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/ Խորոտ խարսնիկ էրկանք աղեր,
Տեսնողի սրտիկ դաղեր: /2


Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Լուսնագն անուշ կշողեր,
/Խորոտ խարսնիկ իլիկ մաներ,
Ուրախ երգեր ծիծաղեր:/2

Ամռան գիշեր, մարմանդ գիշեր,
Շողն էրթիկեն կխաղեր,
/Խորոտ խարսնիկ, բերդի լուսնակ,
Չուր երփ մնաս, ամպի տակ:/2