понедельник, 3 октября 2016 г.

ԱՐՄԵՆ ԼՈՌԵՆՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Անհատական ցուցահանդես (2016)




Ողջու՛յն սիրելի ընթերցող: Ձեզ հետ կիսվում եմ վերջին մշակութային լուրերով: ))

Օրերս Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Արմեն Հարությունյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նկարչի վերջին տարիների աշխատանքները՝ ստեղծված Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում, նրա ներշանքով, ազդեցությամբ և այդ բնության հանդեպ սիրով: Նկարելու տաղանդը Արմեն Լոռենցը ժառանգել է իր հայրիկից, ով ստեղծագործ, բազմատաղանդ և հարուստ ներաշխարհով մարդ է եղել: Լոռու բնաշխարհում անցկացրած մանկությունը ևս իր ազդեցությունն է ունեցել նրա՝ գեղեցիկը նկատելու, գնահատելու կարողության, և այն պատկերելու կամքի վրա: Ինչպես պատմեց ինքը՝ նկարիչ Արմեն Հարությունյանը, հայրը ինքնուս և շնորհալի նկարիչ է եղել, սակայն իրեն ոչինչ չի սովորեցրել, որ որդին բուհական կրթություն ստանալով, այսպես ասած՝ «Գիտությունով չալէ» )) Ինչպիսի՞ն է Արմեն Լոռենցի արվեստը. բնապատկերի մաքուր, լուսաթաթախ պատկերում, օդով հագեցած նրբերանգներ, շնչող պատկեր, ներդաշնակություն, երբեմն՝ եդեմական օդայնություն, թափանցիկ և թափանցող արվեստ.... Թերևս գեղեցիկի նրբազգացություն՝ միախառնված լավատեսության հետ: Այսպիսին է Արմեն Լոռենց Հարությունյանի վրձինն ու ներկապնակը՝ հարուստ, սիրաշաղախ, լուսավոր ու գունեղ: Նկարչի վրձնահարվածները երբեմն սահում են, երբեմն ասես դուրս թռչում կտավից, երբեմն փոթորկվում ալիքների ու ծփացող դաշտերի մեջ, մերթ ժպտում, մերթ թեթև՜ տարածվում կտավի վրա՝ լցնելով այն խաղաղ հանգստությամբ....
Ահա այս մեծ սիրով ու ջերմությամբ լի արվեստի աշխարհն է, որն ակնթարթորեն բացվում է մարդու առաջ, երբ ոտք է դնում ցուցասրահ:
Երբ զրուցում էի նկարչի հետ, նա ջերմությամբ պատմում էր ամեն մի աշխատանքի ստեղծման մասին, այն պայմանների ու տրամադրության մասին, որոնք նաև պատճառ են հանդիսացել այդ աշխատանքների արարաման համար:
Իր ստեղծագործությունների մասին Արմեն Լոռենցը խոսում է ծնողական ջերմությամբ, սիրով է լսում բոլոր կարծիքները և ակնկալում անկողմնակալ քննադատություն ))
Նկարչին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, անսահման ուժ ու կորով, սպասենք նրա նոր ցուցահանդեսին, որտեղ հուսով ենք տեսնել նոր շնչով, ոգով և նույն լույսով ողողված աշխարհ...

Պատկերասրահ
























Комментариев нет:

Отправить комментарий