воскресенье, 17 января 2016 г.

Զինվորի քույր եմ այլևս....

…. Այսօրը տարբերվում է կյանքումս ապրած բոլոր օրերից, և երբեք չի կրկնվի… Զինվորի քույր եմ այլևս…. Այսօրը տարբերվում է, այսօրվա հուզմունքը, ապրումը, կարոտն ու հպարտությունը շա՜տ ուրիշ են՝ խորը, մի տեսակ անզուսպ, չենթարկվող, համառ, իր ետևից կանչող-տանող…. Այսօրը ուրի՜շ է, շա՜տ ուրիշ, նմանը չի եղել ու չի լինի… Այն տարբերվում է բոլոր օրերից, որ երբևէ կապրեմ… Այսօր ես քեզանով ապրելու նոր մեկնարկ եմ տվել իմ կյանքին…. Ծնվեցիր՝ ուրի՜շ էր, քայլում, վազվզում էիր՝ ուրի՜շ էր, խաղում էինք՝ ուրի՜շ էր, իմ մանկության մեջ ես մե՜ծ էի քեզանից, այնքան, որ կարող էի քեզ գրկե՜լ… Մե՜ծ էի… )) Դու էլ ես ուրիշ այսօր, մեծացել ես, մի գիշերում ես մեծացել, մեկ ակնթարթում փոխվեցիր եղբայրս, հասունացար մեկ ակնթարթում…. Այսօր բոլորիս աչքերն ուրի՜շ փայլով էին փայլում, ուրի՜շ կարոտ է խեղդվում կոկորդում, որ ժպիտը դեմքից ցած չիջնի… Այսօրը ուրի՜շ է՝ նմանը չկա….
Այսօրվանից նոր մեկնարկ եմ տվել կյանքիս … Թու՜նդ, մի տեսակ հայկական, մի տեսակ լեռնոտ, մի տեսակ՝ պնդացնող, ու անհանգիստ թպրտացող սիրտս այսօրվանից սկսած այլ կերպ է զարկելու զինվորի աղոթք շշնջալիս, ամեն գիշեր քուն մտնելիս ու արթնանալիս…. Այսօրվանից միտքս սևեռվելու է սահմանի այն հատվածին, որտեղ դու ես կանգնած՝ հո կրակոց չկա՞…. Այսօրվանից ամեն առավոտ քեզ արդեն մտքում եմ բարի լույս ասելու, ու քնելուց արդեն կմտածեմ՝ տեսնես ի՞նչ ես արել այսօր, ո՞նց ես, ի՞նչ ես մտածում արթուն պառկած…և մի հոգատար ու մեղմ, քույրական ժպիտ  աչքերումս՝ կասեմ՝ քնի՜ր եղբայրս, այս գիշեր ես եմ քունդ հսկելու իմ անդադար աղոթքներով…. Այսօրը երկու տարի է ձգվելու… Քեզ բարի ծառայություն, զինվո՛րս… Արդեն ուրի՜շ վստահությամբ եմ համակվել.... 

16. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ

среда, 13 января 2016 г.

Սիրել մեկին միայն....

…. Մի տեսակ այնքա՜ն գարունոտ է ձմեռն այս …. Ու այնքա՜ն ձմեռ կլինի կրկին այս գարնանը …. Պակասում է մի բան, շա՜տ կարևոր մի բան՝ ջերմությունը, որ այս գարունոտ ձմռան մեջ ավելի շատ կա, քան եկող գարնանն է սպասվում:
Մի տեսակ այնքա՜ն հույս են ծնում երազները՝ որոնցում դու կաս, ու այնքա՜ն անհույս են առավոտներն առանց քեզ …. Ո՛չ արևն է արև, ո՛չ գարունը՝ գարուն, ո՛չ էլ հույսը՝ հույս … Ու էլ չգիտեմ՝ ի՞նչ տեսակ է սերն այս….
Մի տեսակ այնքա՜ն սևեռում կա աչքերիդ մեջ հեռու, օտար ու հարազատ, որ ժպտում ու լալիս են միաժամանակ …. Մի տեսակ տագնապում է սիրտս՝ հո չի՞ մրսում հոգիդ … Հո չե՞ս տանջում էլի առանց այն էլ ցաված սիրտդ, միտքդ հո չե՞ս լցրել հազար հարցով ի զու՜ր …. Հո չե՞ս խողդում դու քեզ՝ երջանկության ցանկությունից ու զսպումից դրա, հո չե՞ս կապանքում քեզ դատարկությամբ անհամ ….
Մի տեսակ այնքա՜ն տխրություն կա այս կիսամութ օրվա տանիքներին սառած, ծառի ճյուղին նստած ճնճղուկների թևին, հեռվում չերևացող ալիքներում ծովի, երևացող մոխրե խորության մեջ …
Մի տեսակ այնքա՜ն ցուրտ է անգամ վառարանն այս փայտի, որ վառվելով փայտ է այրում, սակայն՝ սառնություն է փչում կրակերից նրա….
Ինչու՞ միասին չենք…
Ինչու՞, ո՛չ պոկվել է լինում, ո՛չ էլ՝ գրկել թվացյալ ու պաղած երջանկությունը այս…
Այդ ինչի՞ց է տեսնես, որ տագնապում եմ այսքան անլուր օրերի մեջ, քո ներկային կարոտ, ու չեմ հիշում անգամ հոգ տանել իմ խեղճ, համբերատար, փոքրիկ ու նվիրված սրտի մասին, գոնե մի՜ քիչ …
Ու ինչի՞ց է տեսնես, որ գնալով մեծանում է թիվը անպատասխան, անխոս և չուղարկված նամակների … Եվ ինչի՞ց է, որ ամեն անգամ, քեզ մի վերջին նամակ եմ գրում՝ վստահ, որ պատասխան չի լինելու… Գուցե հենց այսպե՞ս են գժվում  …. Կամ սիրում են 
գուցե այսպես  ինպեսները՝ քեզպեսներին՝ լուռ, համառ, ճչացող, բացահայտ ու թաքուն, խռովկան ու ներող անսահման ու անպատմելի սիրով, որ չգիտե լքել ու չարանալ, բայց մենությունից գժվել գիտե այնքան, որ օտար մի գիրկ փնտրի, սու՜տ երդումներով, գերեզմանի նման անփարատ մի գիրկ, որ կթաղի իր մեջ շա՜տ կարևոր մի բան՝ ապագա երջանկության ապագան... որ կսառեցնի սիրտը՝ էլ ո՛չ մեկին երբեք չսիրելու համար… Բացի հենց այն մեկից, որ չսիրեց իրեն…..


12. 01. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ 

Հեթանոս սերը մեր....

….. Եվ վառարանում կայծկլտացող փայտածուխի նման, մի հուշ, աչքի առաջ, կայծ-կայծ է լինում՝ խենթացած ու կրակվող զույգ աչքերի նման… Քո՜ աչքերի պես, որ նայում էին այնքան զգույշ, մեղմիվ ու նրբությամբ՝ խորքում թաքցնելով ներքին փոթորիկն ու հրդեհը…
Եվ վառարանում բորբոքվող փայտակոճղի նման մի հուշ, ծանր ու մեծ, նստում է աչքի առաջ ու պատմում մեկ օրվա (թերևս մեկ ամբողջ կյանքի) պատմություն, նման մի հին ու բարի հեքիաթի՝ արքայազնի մասին, որն ապրում է հեռու՜ հեռվում՝ յոթը սարից անդին….
…. Ու նորից ու նորից, վառարանում բորբոքվող կրակը այս ու այն կողմ է թռչում, ու փայտփորիկի նման թառում աչքի առաջ՝ անընդհատ թկթկացնելով նույն վերքի վրա՝ նույն ցավը փորելով մինչև արյունոտվելը՝ որ մատաղի նման պիտի թափվի ու թշշա այն կրակի վրա, որ վառվում է մեր հեթանոս սիրո վառարանում…

12. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ