понедельник, 29 февраля 2016 г.

Վարդգես Սուրենյանց «Ոտնահարված սրբություն»

Վարդգես Սուրենյանց (1860-1921 թթ)
Ոտնահարված սրբություն (1895)
կտավ, յուղաներկ
112x89 սմ
ՀԱՊ (Հայաստանի Ազգային Պատկերսրահ)
Վարդգես Սուրենյանց: Ահա մի կերպար հայ կերպարվեստում, ով իր ինքնատիպությամբ, նվիրումով և տաղանդով հարստացրեց հայ կերպարվեստը: ՄԻ ստեղծագործող, ով անսահման նվիրումով, գույնի ու ձևի աննկարագրելի նուրբ զգացողությամբ կարողացավ ստեղծել կտավներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ով գիտե գնահատել գեղեցիկը: Նրբաճաշակ ու մանրամասն պատկերված աշխատանքներ, որոնցով նշանավորվում է Սուրենյանց նկարիչն ու հայը: Սուրենյանցն էր, ով իր աշխատանքները համեմեց հայ մանրանկաչության մոտիվներով, ճարտարապետության ժանեկանման քանդակազարդերով, ով կարողացավ իր աշխատանքների միջոցով փոխանցել հայ արվեստի ամենանուրբ ու բարձր դրսևորումները:
Ահա մի նկարիչ, որը հիմնադիրը դարձավ հայ պատմանկարչության, քանզի քաջ գիտակցում էր թե՛ իր ժողովրդի ցավը, և թե՛ պատմական անցքերն ու իրողությունները նաև այս կերպ փոխանցելու կարորությունը:
«Ոտնահարված սրբություն»ահա մի ստեղծագործություն, որն արտահայտում է մշակույթի, հավատի ու մի ողջ ժողովրդի հանդեպ կատարված ոտնձգությունները, դրանց ողբերգականությունը, տառապանքն ու նաև վերաշնվելու, ոտքի կանգնելու համառությունն ու կամքը՝ ի հեճուկս թշնամիների, ի հեճուկս կյանքի հարվածների: Ահա մի ստեղծագործություն, որ ներկայանում է որպես հանճարեղ կոմպոզիցիա, գաղափար, ասելիք, որը ներկայացնում է ազգի ցավն ու թշնամական հարվածները առաջնահերթ իր վրա վերցնող եկեղեցու ու հոգևորականի կերպարով, մշակութային արշեքների հարստությամբ: Ա՛յն հոգևորականի, որը, եթե հարկ լինի, նաև մարտիկ է, ուսուցիչ, ազգի նվիրյալ զավակ…
Ահա մի ստեղծագործություն, որն իրապես հուզում է, ստեղծագործություն, որի մասին խոսելիս չենք կարող չնշել կոմպոզիցիայի, գույնի, արտահայտչաձևերի և մանրամասն ու հանճարեղորեն մշակված միջավայրի մասին: Մի աշխատանք, որ իր մեջ կուտակում է հայ ժողովրդի մշակույթի, ցավի, պայքարի, անկումների ու վերելքների թանձրացումը, մի աշխատանք, որ կարող է պատմել ազգային ողբերգության ու նկարչի հանճարեղության մասին միաժամանակ, աշխատանք, որ վստահաբար կարող ենք դնել համաշխարհային կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների կողքին, աշխատանք, որում ամեն ինչ՝ պոկված վարագույրը, թալանված գանձարաը, սպանված հոգևորականը, խաչքարը, որ կանգնած է կոմպոզիցիայի կենտրոնում, ձեռագիր մատյանները, որ ընկած են հատակին, մատյաններ, որ սրբություն ու պաշտամունք են այս՝ գիրը պաշտող ժողովրդի համար, ամեն ինչ խոսում է այն վայրագության, բարբարոսության մասին, որը կատարվել է տաճարում: Ահա մի ստեղծագործություն, որի գունային լուծումներն անգամ սարսուռ են ներշնչում՝ ստեղծլով սուր հոգեբանական լարվածության տպավորություն:
Վ. Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» աշխատանքը պարզապես ստեղծագործություն չէ, այն ճիչ է՝ ուղղված աշխարհին, այն դաս է՝ այլևս այսքան չթուլանալու, այն բողոք է, հիշողություն, որին չհետևելն անհնար է: Սուրենյանցի «Ոտնահարված սրբությունը»  անցյալին ուղղված ըմբոստացում և ապագային ուղղված պայքարի ու լավատեսության հայացք է, այն հիշեցում և արթնացումի կոչ է բոլոր սերունդների համար….
«Ոտնահարված սրբությունը», լինելով խիստ ազգային՝ թե՛ իր սյուժեով, թե՛ ներքին դրամատիզմով, և թե՛ պատկերման մաներայով ու գունային համադրություններով, ներկայանում է որպես համամարդկային արժեք: Այն բազում ճակատագրերի ծառսն է՝ ընդդեմ անարդարության, թշնամական ոտնձգությունների և մահվան…
Ահա այս և մյուս աշխատանքներում մենք տեսնում ենք Սուրենյանց հանճարի բացարձակ դրսևորումը՝ գաղափարի, գեղանկարչության, հոգեբանականի և պատմական դրվագի միատեղումը, կատարյալ ներդաշնակումը՝ մեկ ստեղծագործության մեջ՝ առանց «շատախոսության», որը այսօրինակ բազում դեպքերի հավաքական պատկերումն է: 



Комментариев нет:

Отправить комментарий