среда, 19 июня 2019 г.

Հայրենիքի թեման ժողովրդական և աշուղական մեջ

Հայդուկային կամ ֆիդայական երգեր հորինել են նաև հայ նշանավոր աշուղներ Ջիվանին, Միջազը, Շերամը: Վերջինս մինչև 20-ական թվականները գրել է նաև ազգային ազատագրական պայքարին և այդ պայքարում աչքի ընկած հերոսներին: Այս երգերից են` <<Իբրև արծիվ>>` 1904թ,  <<Հայ երիտասարդին>>` 1906թ., <<Խրախույս քաջերին>>`1906թ. <<Զեյթունի քայլերգը>>` 1906թ.  <<Անդրանիկի կոչը>>` 1914թ.: Սրանք հիմնականում աշուղական տաղաչափություննով, ունեն վիպական բնույթ: 
Հայդուկային երգեր գրվել են նաև անհայտ հեղինակների և երգահանների կողմից, որոնց մեծամասնությունը գրվել են բարբառներով, հատկապես` Մուշի, Սասունի, Վանի, Շատախի: Բարբառով հորինված աշուղական երգեր գրվում են նաև մեր օրերում` ժամանակակից աշուղների կողմից: Այդ ստեղծագործողներից է աշուղ Ռազմար Սասունցին, ով գրել է  <<Գարահիսարու հուսո աստղ>>, <<Անցնինք Սասուն>>, <<Գարեգին Նժդեհ>> երգերը:
19-րդ դարում ասպարեզում նկատվում են հայրենասիրական կազմակերպություններ` Կարինի <<Պաշտպան հայրենյաց>> միությունը, Արմենական, Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, որոնք իրենց առաջ խնդիր էին դրել զինված պայքարի միջոցով հասնել ազատության: Հենց այս կազմակերպություններին և հեղափոխական գործիչներին էլ սկսեցին ձոնվել երգեր, որոնք անվանվեցին ֆիդայական և հեղափոխական երգեր: Այս երգերը գտնվել են նաև հայ անվանի երաժիշտներ Տիգրան Չուխաջյանի, Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի և այլոց ստեղծագործական ուշադրության կենտրոնում, սակայն պետք է նշել, որ այս տարիներին, դրանք ընդունված էր անվանել   <<նացիոնալիստական>> և ժողովրդական երաժշտության մեջ այս պատճառով տեղ չգտավ: Սա էր պատճառը, որ այս երաժիշտների կողմից արված բազմաթիվ ազգային, հեղափոխական երգերի մշակումներ անտեսվում էին այնպես, ինչպես Առաջին Հանրապետության խորհրդանիշեր` եռագույնը, ազգային օրհներգը և զինանշանը համարվում էին դաշնակցական խորհրդանիշեր:
Սովետահայ երաժշտագիտության մեջ կար այն թյուր կարծիքը, որ Կոմիտասը դեմ է եղել ազգային-ազատագրական շարժումներին, հետևաբար, նաև` ազգային, հեղափոխական երգերին:
Ստորև ներկայացնենք Կոմիտասի կարծիքը ազգային և հեղափոխական շարժումների մասին:
<<... Դուք չգիտեք, թե դարեր շարունակ, մանավանդ տաճկահայ գյուղացին ոչխարի պես մորթվելն էր իմանում, իրա գույքյերն ու սիրելիները աչքին առջևեն հափշտակվելն-տարվելն էր դիտում, մորմոքում սրտով, անճարակության մեջ ինքն իրեն ուտելով: Տաճկական բռնակալության տակ հեծող Բալկանյան ժողովուրդները սրանից հազիվ քառորդ դար առաջ տեսան, որ բաժակը լցվել է, մարդ ասածը չի կարող համբերել, ոտքի ելան և զենքի ուժով նվաճեցին իրենց անկախությունը: Հայ քնարը, հայ գրիչը ի տես այս բոլորի` այլևս չէին կարող անվերջ արցունքոտ աչքերով տոչորվող սրտով դիտողի դերի մեջ մնալ: ,,,,
Մենք էլ թող ահա ավազակաբարո քուրդի <<լօ-լօն>> իր դեմը դարձրած` <<Հիմի է"լ լռենքի>>, <<Հայ մեռնինքի>> կողքին մեր այս  <<Սիփանա քաջերով>> մեր տուրքը տված լինենք ինքնապաշտպանության գաղափարին>>:
Նշված երգերից զատ, Կոմիտասը մշակել է նաև <<Հայրիկ, հայրիկ>>, <<Մայր Արաքսի ափերով>>, <<Ծիծեռնակ>>, <<Թող պլպուլն չերգե>>, <<Տեր կեցո դու զհայս>>, <<Ո՛հ, ինչ անուշ>>, <<Բամբ որոտան>>, <<Իմ հայրենյաց հոգի Վարդան>>, <<Ով հայկազունք>>, <<Հայրենայց սիրով>>, <<Զեյթուն, անկախ դու աշխարհիկ>> և այլ երգեր:
Կոմիտասը թե' հին, և թե' նոր դյուցազներգությունները ժողովրդական է համարում, հավանաբար, այն պատճառովվ, որ իր հավաքած նյութերը հիմնականում գրառվել են ժողովրդական երգիչների կատարումներից:
Հեափոխական երգերի մեծ մասը  շրոշտ քայլերգեր են` <<Հառաջ նահատակ>>, <<Կռվեցեք տղերք>>, <<Արյունոտ դրոշ>>, <<Մենք պետք է կռվենք>>:
Ազգային-ազատագրական պայքարի երգերը, իրենց վևա կրելով պատմական ժամանակների կնիքը, հայի ազատատենչ, հերոսական անցյալի արձագանքն են և գալիք սերունդներին ազգային ոգով դաստիարակելու հզո մշակութային զենքերից մեկը: Այդ երգերը մեր ազգային երգարվեստի մեջ մի մեծ մաս են կազմում և սիրելի են հայ ժողովրդի կողմից:
1988թ Արցախյան ազատագրական շարժումը ևս, սկսվեց այդ երգերով`<<Ձայն տուր, ով ֆիդա>>, <<Գևորգ Չաուշ>>, <<Աղբյուր Սերոբ>> և այլն, որոնք մեր ազատամարտիկներին փոխանցեցին նախկին Ազտամարտի ֆիդայական ոգին և նրանց առաջնորդեցին դեպի հաղթանակ:
Իհարկե հարկ է փաստել, որ Արցախյան շարժումն ու ազատագրական պայքարն էլ իրենց հերթին նորանոր ազգային երգերի ծնունդ հանդիսացան, որոնք նվիրվեցին Արցախի ազատագրմանն ու շարժմանը մասնակցած հերոսների, ովքեր ընկան այս մարտերում:
Ուսումնասիրելով հայրենիքի թեմայի արծարծման, դրսևորման և ընկալման խնդիրները հայ երաժշտախոսքային տեքստերում և մշակույթի մեջ, գալիս ենք այն եզրահանգման, որ դրանք բացառապես պատմական և ազգային հենք ունեցող, գաղափարական խնդիրներ կրող և լուծող ստեղծագործական մոտեցումներ են, որոնք կոչված են իրենց եկևէջների օգնությամբ և միջոցով սերունդներին փոխանցել պատմական դեմքերի և դեպքերի մասին հսկայական ինֆորմացի, դաստիարակել նրանց ազգային գաղափարական սկզբունքներով, պահպանել իրենց մեջ այն տեղեկատվական հսկայական զանգվածը, որը երգի, բառուբանի թևով ի զորու է ավելի հեռուն թռչել: 
Հայ ժողովրդի ռազմի և զինվորի երգերը` նվիրված ազգային-ազատագրական պայքարներին, ֆիդայական և հայդուկային մարտերին, ազատության համար մղվող պայքարների հերոսներին և բազմաթիվ իրադարձությունների, իրավամբ և փաստացիորեն պատմամշակութային նոր երևույթ են, բայց նրանց հորինման և կենցաղավարման ավանդները, հայոց հին բանահյուսության նմուշների մատենագրությունների վկայմամբ, , պատմագրական երկերի, պաշտամունքների և հավատալիքների վերաբերյալ տեղեկությունները, գալիս են դարերի խորքից: Դրանց գոյությունը վաղեմիությունն են հաստատում նաև միջնադարից մեզ հասած ռազմի երգերի հատուկենտ նմուշները, պատմական զրույցները ու դրանց վերաբերյալ վկայությունները:
Պարզ է դառնում, որ հայրենասեր, քաջարի անհատների գովքը, փառաբանությունը իրականությունն արտացոլելու գեղարվեստական հնարանք է, որը լայնորեն կիրառվել է ինչպես հին, այնպես էլ նոր ռազմի երգերում: Ավանդները հարատևել են յուրաքանչյուր ժամանակահատվածում, մ միջավայրում դրսևորվել ըստ պահանջմունքի:


вторник, 18 июня 2019 г.

Ազգային գաղափարախոսությունը երգերում` 19- 20-րդ դդ. կեսերին

Հայ բանահյուսության մեջ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսած տարածում են գտնում այնպիսի երգեր, որոնք անմիջականորեն առնչություն են ունենում հայ ժողովրդի կյանքում նշանակալից չափեր ընդունած ռազմական գործի հետ: Այս երգերըառանձնանում են իրենց գեղարվեստաարտահայտչական միջոցների ինքնատիպությամբ և կենցաղավարման յուրահատկություններով: 
19-րդ դարից սկսած մինչ մեր ժամանակները ստեղծված ռազմի ու զինվորի երգերը ընդգրկում են մի շարք պատմական ու ռազմաքաղաքական իրադարձություններ: 
Ռազմի և զինվորի երգերը իրենց բնույթով պատմական երգեր են: Ստեղծագործական հենքով, կազմավորմամբ կապված լիելով պատմական անցուդարձերի և նշանավոր անհատների գործունեության հետ, դրանք այս կամ այն չափով արտացոլում են իրականությունը: Ռուս-պարսկական և ռուս-թուրքական կռիվների, ազատագրական պայքարի ու առանձին հերոս անհատների մասին երգերում շոշափելի և առարկայական արտահայտում է ստանում պատմականությունը: Ընդ որում, դրանց մեծամասնությունը  հորինվել է համազգային նշանակության անցքերի ու գործիչների անվան շուրջ, ավելի լայն պատմաճանաչողական արժեք և նշանակություն ստանալով: Մյուս մասը համեմատաբար նեղ, տեղային դեպքեր ու իրադարձություններ են,  որոնք լինելով տեղային, հասկանալի և մատչելի են սահմանափակ աշխարհագրական շրջականկներում: 
Պատմական և ռազմաքաղաքական դեպքերի և զինվորական գործիչների գնահատանքը ժողովրդական երգերում ոչ միշտ է համընկնում դրանց դերին:
 19-րդ դարում Անդրկովկասում, մասնավորապես Հայաստանում, ռոսների մղած պատերազմները` պարսկական, ապա թուրքական բռնակալության դեմ, հայ ժողովրդական երգերում դիտվում են որպես ազատագրական: 
Ռազմի և զինվորի երգերն իբրև երգատեսակ պատկանում են քնարական բանահյուսության ժանրին: Սակայն ժանրային հատկանիշները նրանցում դրսևորվում են տարբեր մակարդակներով: Ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների, ազատագրական կռիվների վերաբերյալ երգերում գերակշռում է վիպականությունը: Դրանք առավելապես անդրադառնում են իրադարձությունների արտաքին կողմին: Երգերի այս խմբում մեծ թիվ են կազմում գովքերը, քայլերգերը: Իսկ բուն զինվորի երգերում ավելի ակնառու է քնարականմությունը: Զինվորի երգերը հիմնականում հորինված են առաջին դեմքով, մի հանգամանք, որը ավելի է սրում երգի ողբերգականությունը: Նոր շրջանի ռազմի ու զինվորի երգերում այս երկու հատկանիշը հանդես են գալիս զուգորդված:
Ռազմի և զինվորի երգերն աչքի են ընկնում իրենց հորիման ու գոյատևման յուրահատկությամբ: Ստեղծվելով պատմական դեպքերի և անձերի գործունեության հիման վրա, դրանք բանահյուսական կենցաղից և ժողովրդի հիշողությունից դուրս են մղվում պատմական դեպքերի ու դեմքերի ասպարեզից հեռանալու հետ միասին:  Խնդրո առարկա երգերը չեն կարող կենցաղավարել ցանկացած միջավայրում: Ռազմի և զինվորի երգը կարող է կատարյալ ամբողջական ներգործություն ունենալ երգի կենցաղավարման միջավայրի, ունկնդիրների տրամադրության ներդաշնակության դեպքում: Ռազմի և զինվորի երգերը հորինվել և կազմավորվել են հայ ժողովրդի բանահյուսության հիմքի վրա, ավանադական երգարվեստի մյուս տեսակների հետ փոխազդեցության պայմաններում: Ռազմի երգերը հատկապես կրել են վիպական երգերի, իսկ զինվորի երգերը` սիրո, պանդխտության, հարսանեկան երգերի ազդեցությունները: Ազատագրական պայքարի երգերի ստեղծման գործում նշանակալից դեր են կատարել քնարերգությունն ու աշուղական արվեստը:
Ի մի բերելով ռազմի և զինվորի երգերի մեզ հասած ժառանգությունը, ելնելով թեմատիկ հենքից և ժանրային ժանրային հատկությունների դրսևորման աստիճանից, դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. Ռազմի երգեր, 2. Զինվորի երգեր, 3. Սովետական շրջանի ռազմի և զինվորի երգեր: 
Առաջին խումբն ընդգրկում է ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների և ազատագրական պայքարի շուրջ հյուսված ստեղծագործությունները, երկրորդ խումբը` պարտադիր զինվորական ծառայությանը վերաբերվող երգերը: Երրորդ խմբի մեջ մտնում են այն երգերը, որոնց ստեղծման համար իբրև պատմական ատաղձ են ծառայել սովետական կարգերի հաստատաման համար մղված կռիվները, ծառայությունը սովետական բանակում և Հայրենական պատերազմի իրադարձությունները:
20-րդ դարի կեսերի ազգային զարթոնքի տարիներին, հայությանը միավորում է Արևմտյան Հայստանը Օսմանյան կայսրությունից ազատագրելու գաղափարը, որի սերմանողներ հանդիսացան Ղևոնդ Ալիշանը, Րաֆֆին, Միքայել Նալբանդյանը, Ռաֆայել Պատկանայնը և այլոք: Վերջիններիս ստեղծագործությունները հաճախ երգերի էին վերածվում և սկսում թևածել ժողովրդի մեջ` որպես կենդանի, վառ գաղափար, որպես պայքարի մղող աներևույթ ուժ, որպես արթնացումի ձայն, որպես կոչ:
        Դրանք տարածում են գտնում որպես ռազմի երգեր, որոնց մեծ բաժինը կազմում են ազգային-ազատագրական պայքարի երգերը: Սրանք աղերսվում են նաև նույնանման ճակատագրի արժանացած հույների, բուլղարների, հունգարացիների բանահյուսության հետ և սկսում կոչվել հայդուկային կամ ֆիդայական երգեր: Ի դեպ, հադուկը ապստամբ իմաստն է կրում, իսկ ֆիդայի կամ ֆետա ասելով հասկանում ենք զոհ, մատաղացու: Հարկ է նշել, որ իր <Կայծերը> Րաֆֆին մտադիր էր վերնագրել <Հայդուկներ>:  Իսկ վեպի առաջաբանում տալիս Հայդուկի բնութագիրը` <<Հայդուկը հասարակ ավազակից տարբերվում է նրանով, որ նա ոչ թե հափշտակության, ավազակության, ագահությունից դրդված կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արվեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք և ազատության բաղձանք>>: Եվ ինչպես Նալբանդյանն է խոսում հայի ազատության մասին իր <<Ազատություն>> բանաստեղծության տողերում`
 ... «Ազատությո՞ւն», ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
«Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
       Հայ բանահյուսության մեջ առանձնահատուկ ուշադրության և ուսումնասի-րության են արժանի հայրենասիրական երգերի` ժողովրդական, աշուղական և հեղինակային արձագանքները: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին` մտածողության, ընկալումների և լեզվական առանձնահատկությունների դրսևորումների ներքո:

Շարունակելի )))





Մեր ազգային օրհներգը

Ազգային հայրենասիրական ստեղծագործությունների առանցքում անշուշտ կարևորագույն տեղը ազգային օրհներգինն է: Բառն արդեն հուշում է, որ օրհներգն օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին: Խորհրդանիշն ազգի կարևորագույն երևույթներից է։ Այն ամփոփում է մարդու անցած ճանապարհը և նախանշում ապագան: Խորհրդանիշը նաև մեծ նշանակություն ունի սերունդների համար: Օրհներգում կարելի շատ բան փնտրել և շատ բան գտնել յուրաքանչյուր ազգային նկարագրի, մտածողության, ձևավորված գիտակցության տեսանկյունից: Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ կերտում է իր տեսակին բնորոշ մշակույթ, այնպես էլ օրնհերգը, որպես մշակույթի կարևոր բաղադրատարր, յուրահատուկ է և ստեղծված է ծառայելու հենց այդ ժողովրդին կամ ազգին: 
 «Մեր Հայրենիքը»՝  Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Այսպես՝
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
   Ազատ, անկախ Հայաստանը, հայի համար մշտական խնդրի, գոյության գլխավոր արտահայտումն է: Նալբանդյանի ստեղծագործությունը վերափոխելով՝ մենք ստեղծել ենք մեր ազգին, մեր ժողովրդին հատուկ մի երգ, որտեղ առկա է հայի բաղձալի երազանքները, ձգտումներն ու սպասումները: Հայրենիքի ազատության ձգտումը այնքան արմատացած է մեր մեջ, որ թվում, թե այն հենց գլխավոր խնդիրն էլ կա մեր հոգեկերտվածքում և հանուն նրա պահպանման օրհնյալ երգը դրդում է անձնազոհության, քանզի «մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի»: Արմատացած այս տողերը այսօր կան յուրաքանչյուր հայի մեջ այս կամ այն չափով: Ինչևէ, վերադառնալով պետական օրհերգին և պետք է ասել հետևյալը՝ եթե պետք է ունենալ մտքի աշխուժացում, հոգեկերտվածքի վեր բարձրացում, ապա պետք է լինել ինչ-որ առումով էգոիստ ժողովուրդ, ժողովուրդ, ով «կժխտի» իր գիտակցությունից իր հալածվող, տառապող, ցեղասպանվող մակարդակները: Պետք է դաստիարակել նոր սերունդ, որում առկա կլինեն այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ պահանջկոտություն առ աշխարհ, առ կյանք և առ ճշմարտության հաստատում, ներդանշակություն, ինքնակատարելագործում, կրթվածություն և ուշիմություն: Եվ եթե մենք մեր վաղ տարիքից սովորենք ազգային նկարագրի բարձրացման խնդիրների ներքո, ապա այսօրվա հայի տեսակը մի քայլ առաջ կգնա: Այս պարագայում խիստ կարևոր է ազգային յուրաքանչյուր խորհրդանիշ և նրա բովանդակություն: Այս աշխատանքում պետք է նկատի ունենալ օրհներգին, որը գիտակցվում է այսօրվա հայի կողմից և փառքի արժանանում, սակայն, թե պետք է փոխել մեր խեղճացած տեսակը, ապա պետք է սկսել այստեղից, իսկ հետո ծանոթանա իր ժողովրդի պատմությանը:
Շարունակելի )))



Հայրենիքի պատկերացումներն ու ներկայացումը երաժշտախոսքային տեքստերի միջոցով


     Հայ ժողովրդի մշակութային կյանքում արտացոլվել են կենցաղի, պատմության, սիրո, աշխատանքի, մայրության, պանդխտության, պայքարի թեմաները: Այս ամենի կողքին մշտապես իր առանձնահատուկ և ուրույն տեղն է ունեցել հայրենիքը` իրեն նվիրված բանաստեղծական, երաժշտական ստեղծագործություններով, որոնք ստեղծվել են ինչպես ժողովրդի, այնպես էլ կոմպոզիտորների, աշուղների և իհարկե բանաստեղծների կողմից` նրանց գրչի ու սրտի <համագործակցությամբ>: Դրանք ներկայանում են որպես յուրօրինակ հուշարձաններ` կանգնեցված հայրենիքի սիրո պատվանդանին` արտահայտելով ժողովրդի նվիրումն առ հայրենիք: Հայրենասիրության թեման մշտապես արծարծվել է ազգային երաժշտության մեջ, ներկայանալով տարբեր կերպերում` ժողովրդական, աշուղական և կամ կոմպոզիտորական, դրանք ունեն միևնույն աղբյուրը` սերը հայրենիքի հանդեպ: 
Ինչ խոսք, հայրենասիրական երգերը, բացի իրենց բնույթից, ունեն նաև որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս դրանք տարաբաժանել ոչ միայն որպես ժողովրդական կամ հեղինակային ստեղծագործություն նվիրված հայրենիքին, այլև որպես ձոն` նվիրված հերոսներին, որևէ պատմական իրադարձության մասին պատմող վիպերգ և այլն: Ազգային գաղափարա-խոսությունը թաքնված և տեսանելի է հարենասիրական երգերի ու բանաստեղծությունների տողերում: Հայրենիքի թեման տեղ է գտել Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի և շատ շատերի ստեղծագործություններում` ամենքին բնորոշ ձեռագրով և ինչ խոսք լուրջ ասելիքով: Չի կարելի չխոսել նաև Չարենցի` <Ես իմ անուշ Հայստանի> ստեղծագործության մասին, որում հեղինակն անսահման սիրով ու հպարտությամբ է խոսում ի'ր Հայաստանի մասին, գովերգելով այն աշուղական տաղաչափությամբ և իր սրտի ջերմությամբ: Թերևս Չարենցի սիրո մասին լավագույնս կարող է խոսել միայն իր իսկ ստեղծագործությունը:               
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ 
Ահա այսպիսին է   Հայաստանը Չարենցյան գոյներով, որի համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Այսօր այս ստեղծագործությունը Հայաստանին նվիրված լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է:
Մեկ այլ տրամադրությամբ է ողոված Համո Սահյանի` <<Ախր ես ինչպե՞ս վեր կենամ` գնամ>> բանաստեղծությունը: Այստեղ մենք գործ ունենք հայրենիքից դուրս կյանքի անհնարինության, անկարելիության և կարոտի ապրումի հետ, որ ավելի քան պատկերավոր կերպով արտահայտվում է բանաստեղծի տողերում` ինչպես օրինակ` 
<<...Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա...>>

Ինչ խոսք` հայրենիքում օրհնությունն էլ հոգնությունն էլ, հոգսն էլ քոնն են, հարազատ են, որովհետև քո հողում ես, քո աշխարհում, առանց որի դժվար է դիմանալ օտար երանությանն անգամ: Ահա այսպիսին է Սահյանական սերն առ հայրենիք` << Ախր ուրիշ տեղ, սեփական բախտից խռովել չկա..... >>
Շարունակելի )))

пятница, 7 июня 2019 г.

Աթենք մ.թ.ա. V դար

Աթենք, Հռոմ, Կոնստանդնուպոլիս, Գրանադա, Փարիզ.... Ահա հինգ մայրաքաղաք, որոնք իրենց վրա են կրում ժամանակի փոշին ու պատմության դրոշմը, որ ոչ միշտ է բարենպաստ եղել վերջիններիս համար... Տեղափոխվելով դարերի խորքը, երբ այս քաղաքները ապրում էին իրենց փառքի, ծաղկման, զարգացման լավագույն ժամանակները, երբ հնագույն պետությունների մայրաքաղաքներն էին և մշակույթի նշանակալի օջախներ: 
Հարյուրամյակներ հետ գնալով, մենք կտեսնենք թե ինչպիսին էին այդ ժամանակների հագուստն ու կենցաղը, մշակույթն ու պատկերացումները, ինչ շունչ կար այս քաղաքների փողոցներում և բուլվարներում և ինչպիսի մշակութային տրամադրություններ են թելադրել այս քաղաքների կյանքը: 
Այսօր այդ քաղաքների երբեմնի հուշարձաններից որոշները ավերված են ժամանակի կողմից, որոշները բարբարոսաբար մնացել են ավերակների տակ, մյուսները՝ անճանաչելիության աստիճան խեղաթյուրվել են նախորդ սերունդների կողմից, իսկ մի մասն էլ տեղափոխվել է այլ վայր, կամ որևէ թանգարան և այլևս չի ապրում քաղաքային բուռն ու հետաքրքիր կյանքով, որի մասն էր կազմում մի ժամանակ:
  «Շրջագայելով» դարերի մեջ, մենք կտեսնենք թե ինչպես է փոխվել մարդկանց կյանքը, քաղաքների և քաղաքացիների կերպարը, ճաշակները, հետաքրքրությունները, համոզմունքները և դրանց հետ՝ սքանչելիի մասին պատկերացումները: Միշտ և ամենուր, հնագույն ժամանակներից մինչ օրս, մարդիկ ձգտել են գեղեցիկին՝ ստեղծելով արվեստի մեծ գործեր: 

ԱԹԵՆՔ: Մ.թ.ա. V դար 

Աթենքի գլխավոր խորհրդանիշը՝ անտիկ միջնաբերդը

Ակրոպոլիս ( հին հուն․՝ ἀκρόπολις), միջնաբերդի հունարեն անվանումը. բառացի նշանակում է վերին քաղաք։ Առավել հայտնի է Աթենքի Ակրոպոլիսը՝ կառուցված մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբներին։  Ակրոպոլը կամ Ակրոպոլիսը Աթենքի միջնաբերդն է:
Հին հույների կյանքը դժվար է եղել, հողը, որը մշակելով ստանում էին խաղող և ձիթապտուղ, այծ և ոչխար էին արածեցնում, որտեղ կառուցում էին քաղաքներ և տաճարներ, բերրի չէր: Դրա հետևանքով Աթենքը միշտ հացի խնդիր ուներ: Ահա թե ինչու հույները համեմատաբար վաղ են սկսել զբաղվել առևտրով ու արհեստով: Դրան զուգահեռ Հունաստանում սկսում է զարգանալ ծովագնացությունը: Եթե փորձենք գծել Հունաստանի սահմանները, կտեսնենք, թե դա որքան բարդ է, քանի որ վերջիններս ասես կորում են շրջապատող, ասես երկիրը գրկող ծովերի ջրերի մեջ: 
Հին հույները կենսուրախ և զվարթ ժողովուրդ են եղել: Նրանք սիրում էին ամեն վառ բան: Հերոսների և աստվածների մարմարե արձանները նրանք հաճախ գունավորում էին կամ պատում ոսկով: Տաճարները զարդարում էին գունավոր օրնամենտով՝ կապույտ, կարմիր, դարչնագույն, ռելիեֆները ներկում էին ոսկեգույն օխրայով: Մինչ օրս, թանգարանների սառը դահլիճներում ժպտում են մարմարե աղջիկները՝  այս զարմանալի ժողովրդի վաղեմի կյանքի  հուշարձանները: 
Մ.թ.ա. 7-6-րդ դդ հունական քանդակները սիմետրիկ են՝ ֆիգուրի մի կեսը մյուսի հայելային արտացոլումն է: Խիստ քանդակված կերպարների ձգված, երկար ձեռքերը սեղմված են մկանուտ մարմնին: Չկան աջ կամ ձախ թեքումներ, գլուխը բարձր է, աչքերը թեթևակի խոնարհված: Արդեն մ.թ.ա. 5-րդ դարում քանդակները սկսում են ասես կենդանանալ՝ ձեռք են բերում շարժում, համաչափություններ և բնականություն: Առաջինը Միրոն քանդակագործն էր, ով ստեղծեց սկավառակ նետող տղայի քանդակը: Նրա մարմինը թեքված է՝ ամբողջովին կլանված շարժման մեջ: Պատանու ատլետիկ ֆիգուրը լարված է` ինչպես զսպանակը: 
Պատանու պիրկ մաշկի տակ երևում են լարված մկանները: Նա ամբողջովին շարժման մեջ է, այնպես՝ ասես ինքը հենց շարժումն է:  Ի տարբերություն իր ժամանակակցի՝ Միրոնի, Պոլիկլետը սիրում էր իր հերոսներին քանդակել հանգստի պահին: Նա գտնում էր, որ քանդակագործության մեջ շարժման պատկերման ձգտումը խանգարում է մարդու ներքին գեղեցկությունը արտահայտելուն: Պոլիկլետի Նիզակակիրը քանդակի հերոսը կանգնած է անշարժ: Նա չի քարացել խիստ սիմետրիկ դիրքում, այլ իր մարինը կառավարող մարդու նման թեթևորեն ծալել է մի ոտքը՝ մարմնի ծանրությունը տեղափոխելով մյուս ոտքի վրա: Նա կանգնած է տեղում, սակայն տպավորություն է, որ ակնթարթ անց նա առաջ քայլ կանի: Մեր առջև վախից զուրկ հպարտ, ուժեղ և զուսպ մարդ է՝ մարտիկի և քաղաքացու իսկական մարմնացում: Նրա հայացքը անթափանց է, սակայն դա անտարբերություն չէ, այլ ոգու պարզություն և կրքերը տիչապետելու ունակություն: 
Թանգարաններում պահպանվող Պոլիկլետի և Միրոնի քանդակները, ցավոք սրտի, միայն մարմարյա կրկնօրինակներ են, որոնք արվել են հնում, որպես հայտնի քանդակներ: Վերոհիշյալ երկու քանդակագործներն էլ իրենց օրիգինալ աշխատանքները կատարել են բրոնզից, որոնք հալեցվել են Հին Հունաստանը ավերած պատերազմների ժամանակ: 
«Աթենքը գերազանցում է աշխարհի բոլոր քաղաքներին»,- գրել է հին հունական մտածող Դիկեարխը: Ինչ խոսք, դրանում կա ճշմարտության մեծ բաժին: Քսանհինգ դար առաջ, Ատտիկայի դաշտավայրերից մեկում, ծովից հինգ կիոմետր հեռավորության վրա, ծաղկում էր ապրում Հին Հունաստանի ամենագեղեցիկ քաղաքը: 
Աթենքը՝ մ.թ.ա. 5-րդ դարում... 
Նեղ փողոցներով աղմկոտ հարավային քաղաք՝ միհարկանի տներով, որոնք ձանձրալի լինելու աստիճան միանման էին և այնքան նման մեկը մյուսին, ասես երկվորյակներ լինեին: Հույները տունը ճարտարապետության ստեղծագործություն չէին համարում, թերևս նաև այն պատճառով, որ հույները իրենց օրվա մեծ մասը անց էին կացնում դրսում: Խոսքը, իհարկե, վերաբերում է միայն տղամարդկանց, այն էլ՝ ազատ, կանայք, երեխաները և ստրուկները, որոնք Աթենքում բազմահազար էին, ամբողջ ժամանակ գտնվել են տանը: 
Դրա փոխարեն, քաղաքի հրապարակները հարուստ և գեղանկարչական տեսք ունեին: Ագորա կոչվող հրապարակում էր լինում մարդկանց մեծամասնությունը, որը հանդիսանում էր իր տեսակի մեջ հասարակական կենտրոն: Հրապարակը շրջապատված է բազմաթիվ շինություններով, որոնք ունեին ստվերոտ սյունաշար պորտիկներ: Դրանցից մեկում ժողովրդի որոշմամբ դատեր էին կատարվում, մյուսի ստվերում, որը ներկված էր կապույտ և կարմիր գույներով, հանդիպում էին աթենացիները՝ օրատորներին լսելու համար: Երրորդի ստվերում, որի պատերին գրված էին Աթենքի օրենքները, հավաքվում էին փիլիսոփաները: Կառավարիչները զրուցելով շրջում էին հրապարակի անհամար արձանների մեջ: Աստվածների և հերոսների արձաններն այնքան շատ էին, որ երբեմն դրանց արանքով անցնելն անհնար էր: 
   
Այստեղ, Ագորայում էին նստում ընտրյալները, այստեղ աղոթում էին աստվածներին, պահվում էին պետական փասթաթղթերը, այստեղ էին տեղացիները  կազմակերպում իրենց առևտուրը օտարերկրացիների հետ: 
Հույները հաճախ էին պատերազմում, և եթե թշնամին մոտենում էր քաղաքի դարպասներին, բնակիչները ապավինում էին Ակրոպոլի քարե պարիսպներին: 
Մ.թ.ա. 5-րդ դարասկզբին Աթենքը կառավարում էին հունական քաղաք-պետությունները, որոնք պայքարում էին պարսկական իշխանության դեմ: Ե՛վ ցամաքում, և՛ ծովի վրա թշնամին պարտվում է, սակայն, պատերազմի ընթացքումպարսիկները հասցնում են ավերել Հունաստանի շատ քաղաքներ, այդ թվում նաև Աթենքը: Երբ բնակիչները դուրս եկան Ակրոպոլի պաշտպանական բերդապարիսպներից, ծաղկուն քաղաքի փոխարեն նրանց սպասում էր մռայլ և ավերված քաղաքը: Արձաններին ու ռելիեֆ քանդակները վերածվել էին քարակույտերի, անհրաժեշտ էր վերականգնել տները, կանգնեցնել նոր ապաստարաններ, ամրոցներ: Հենց այդ ժամանակ աթենացիները երդվեցին, որ իրենց նոր Ակրոպոլը կնսեմացնի իրենով այն ամենը, ինչը երբևէ եղել է Հելլադայի երկնքի ներքո: 
Իրենց հիասքանչ շինությունների կառուցման համար հույները հորինել են կառույցի մասերի դասավորվածության հատուկ համակարգ, որը ընդունված է կոչել ճարտարապետական օրդերային համակարգ: Հունական օրդերի հիմքը սյունն է, որն ունի ուղղահայաց փորագրված ակոսներ և կապիտել՝ օրդերի վերին մասը: Այն հատվածը, որը գտնվում է սյունի ստորին մասում, կոչվում է «անտաբլեմենտ»: անտաբլեմենտը կազմված էր երեք հատվածներից՝արխիտրավը, լայն, քանդակազարդ ժապավենը՝ ֆրիզ և կարնիզը, որը պաշտպանում էր շինությունը անձրևից: 
   

Եթե կտրելու լինեինք հունական տաճարի սյուները, ապա այն կունենար մեծ գլխով և կարճոտն թզուկի տեսք, իսկ եթե սյուներին տանք չափազանց փոքրիկ անտաբլեմենտ, ապա շենքը կնմանվի երկար վզով և փոքրիկ գլխով հսկայի: Հունական օրդերը կարելի է համեմատել լավ զարգացած մարդու հետ. նրանում ամեն ինչ համաչափ ու ներդաշնակ է: 
Մոտենալով Պրոպիլեյին, ակամա ուշադրություն են գրավում աջ ու ձախ կողմերում գտնվող տարբեր մեծության շինությունները: Ձախից մարմարե մեծածավալ պավիլիոն է՝ հաստ պատերով:Դա Պինակոտեկան է, առաջին նկարչական թանգարանը: Այստեղ, յասամանագույն էլեվսինյան մարմարի վրա նկարիչները պատկերել են Տրոյական պատերազմի էպիզոդներ: Նրանց խիստ և սառը նկարչության մեջ կիրառվել է չորս գույն՝ սև, սպիտակ, դարչնագույն և դեղին: Այն ժամանակ նկարիչները դեռ պատկերացում չունեին հեռանկարի մասին և դրա հետևանքով նկարը քանդաային ռելիեֆ է հիշեցնում: Էպիկական հերոսների քաջագործությունները պիտի օրինակ ծառայեին Աթենքի քաղաքացիների համար, և նրանց երեխաներին հիշեցնեին իրենց հայրերի կատարած սխրանքների մասին,որոնք հաղթեցին պարսիկներին: Հունական նկարիչների աշխատանքները չեն պահպանվել, սակայն, դատելով ոսկորի վրա արված կրկնօրինակներից, որոնք հասել են մեզ, դրանք փաթոսով, իմաստուն բարեգթությամբ, արդարության ոգով ու մարդկանց նկատմամբ սիրով լի ստեղծագործություններ էին: 
Պրոպիլեյի աջ թևը ավելի կարճ է քան ձախը: Դրա դիմաց Ակրոպոլի ամենափոքրիկ կառույցն է՝ Նիկիի տաճարը: Սա փխրուն, մարմարե խաղալիքի նմանվող կառույց է, որն ասես ժպտում է ու ստիպում ժպտալ դիտողին: Ակտիվ, անհանգիստ և տաքարյուն հունական աստվածները ճիշտ և ճիշտ նման էին հույներին: Ճիշտ է, նրանք հասակով ավելի բարձր էին, կարողանում էին փոխակերպվել կենդանիների և բույսերի, թռչում էին և երբեք չէին մահանում, սակայն, մնացած ամեն հարցում իրենց պահում էին ճիշտ այնպես, ինչպես հասարակ մահկանացուները՝ ամուսնանում էին, պատժում էին իրենց երեխաներին, խաբում էին միմյանց: 
Հաղթանակի աստվածուհի Նիկին, պատկերվում էր մեծ թևերով շքեղ կնոջ նմանությամբ. հաղթանակը անդադար է և թռչում է մի հակառակորդից մյուսի մոտ: Աթենացիները աստվածուհուն անթև էին պատկերում՝ նրանք դրանով ուզում էին ասել, որ գալով Հւնաստան, հաղթանակը այլևս երբեք ոչ մի տեղ չի գնալու, որ նա Ակրոպոլիսում մնալու է հավերժ:Փոքրիկ ու գողտրիկ տաճարը, ասես շեշտում է, որ Հաղթանակը դարձել է Աթենքի «տան» աստվածուհին: Եվ իսկապես, նա այստեղ իրեն այնքան խաղաղ և հարմարավետ է զգում, որ անգամ գլխից հանել է իր ավանդական ատրիբուտ-գլխարկը: Նիկիի տաճարը կանգնած է ժայռի վրա և յուրօրինակ փարոսի դեր է կատարում Պրոպելեյի համար: 
   Նիկի Ապտերոսի տաճարը
Աթենքի հովանավորը, պաշտպանն ու պահապանն է համարվում Աֆինա աստվածուհին, ում պատվին ստեղծված բրոնզե արձանը, որի ոտքերի մոտ իմաստության խորհուրդը արտահայտող պիթոնն է, հագին՝ զրահ: Պատերազմի աստվածուհին հզոր է և միևնույն ժամանակ խաղաղ և հիասքանչ, նրա զենքը ոչ ոքի չի սպառնում, չի ահաբեկում: Բացի բրոնզեարձանից, Աֆինա աստվածուհու պատվին է կանգնեցվել Ակրոպոլի գլխավոր տաճարը՝ Պարթենոնը: 
Մարդկությունը սովոր է, որ շինությունը ունենա ֆասադ, սակայն, հույները իրենց տաճարներն այնպեսէին կառուցում, որ դրանք սքանչելի լինեն բոլոր կեղմերից: պատմությունը մեզ է տալիս Պարթենոնի երկու կառուցող ճարտարապետների անունները՝ Իկտին և Կալլիկրատ: Սակայն պետք է ասել, որ ինչպես Պարթենոնը, այնպես էլ ողջ Ակրոպոլը պարտական են քանդակագործ Ֆիդիասին, ով տասնութ տարիների ընթացքում եղել է քաղաքի ճարտարապետության ղեկավարը: Հենց նա էր օգնում աշակերտներին քանդակել հավանաբար հենց իր մտահղացած ֆիգուրները Պարթենոնի տաճարի վրա: Մուտքը տաճար գտնվում է Պրոպիլեյի հակառակ կողմում. ճարտարապետները դա հատուկ են արել, որպեսզի այցելուն տաճարի շուրջբոլորը պտտվելու և մուտքին հասնելու արդեն համակված լինի կհանդիսավոր և զուսպ տրամադրությամբ: Տաճարի բոլոր աստիճանները փոքր ինչ ուռուցիկ են, կարնիզները թեթևակի խաչաձևված իսկ պատերը՝ քիչ խոնարհված: Ամեն ինչ հիմնված է մանրամասն նյուանսների, օպտիկայի կանոնների նուրբ պատկերացման և տեսողական ընկալման վրա: Հենց դրանում է Պարթենոնի տաճարի գծերի և ձևերի ներդաշնակության գաղտնիքը: